ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ. ժամակարգություն, ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ հիմնական բաժիններից, հանապազօրյա պաշտոներգություն ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի:  Ժամերգություն նշանակում է ժամ երգել, այսինքն՝ օրվա որոշ ժամերին կարգավորված (ժամակարգված) եկեղեցական արարողություն կամ պաշտամունք կատարել: Ժողովրդական լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, այստեղից էլ՝ ժամ գնալ (ծիսական արարողությանը մասնակցել, ներկա գտնվել) արտահայտությունը, ժամվոր (Ժամերգությանը ներկա գտնվող հավատացյալները), ժամկոչ (եկեղեցու կոչնակը կամ զանգը հնչեցնող և հավատացյալներին արարողության հրավիրող), ժամատուն բառերը: Ժամերգությունների կարգավորությունը և դրանց հատուկ երգեցողությունները (աղոթքներ, քարոզներ, հոգևոր երգեր, բացառությամբ՝ շարականների) պարունակող գիրքը կոչվում է ժամագիրք: Ժամերգությունները կազմված են Տերունական աղոթքից, սաղմոսից, մաղթանքից, քարոզից, աղոթքից, շարականից: Ժամերգության ժամանակ այս շարքը լրիվ կամ մասնակի ձևով երբեմն կրկնվում է մի քանի անգամ: Հայ միջնադարյան մատենագրության մեջ կենցաղավարել են  Ժամերգության կամ ժամակարգության մեկնություններ, որտեղ տրված են Ժների աստվածաբանական բացատրությունները: Մեկնություններ են գրել Ստեփանոս Սյունեցին, Հովհաննես Գ Օձնեցին, Խոսրով Անձևացին, Մովսես Երզնկացին, իսկ ժամագրքի երգեցողությունների հարստացման գործում մեծ է հատկապես Ներսես Շնորհալու ավանդը: Հայոց մեջ տարբեր դարերում և միջավայրերում ժամերգությունները տարբեր թվաքանակ են ունեցել՝ 6, 7, 8, ի վերջո ընդունվել է 9  ժամերգություն: Գլխավոր ժամերգությունները յոթն են՝ համաձայն սաղմոսերգուի՝ «Օրվա մեջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ» (Սաղմոս 118. 164) խոսքերի, իսկ ըստ կանոնակարգի՝ ինը, քանի որ Ճաշու ժամերգություն իր հերթին բաժանվում է երեք մասի: Համաձայն ժամագրքի՝ Հայ եկեղեցին ունի հետևյալ  ժամերգությունները.

1. Գիշերային ժամերգություն, նվիրված է Հայր Աստծո փառաբանությանը: Կատարման ժամանակը կես գիշերն է: Ունի հետևյալ իմաստը. քունը Աստծո կողմից շնորհված բարիք է. շնորհակալություն և գոհություն Աստծուն այդ բարիքի համար: Խնդրանք առ Աստված, որ գիշերվա շարունակությունն անցնի խաղաղ, իսկ հաջորդ օրը՝ առանց մեղքի և փորձության:

2. Առավոտյան ժամերգություն, նվիրված է Որդի Աստծո փառաբանությանը: Կատարվում է արշալույսին: Խորհրդանշում է Քրիստոսի երևալը Յուղաբեր կանանց՝ ամփոփելով Քրիստոսի Հարության և Փրկագործության խորհուրդները:

3. Արևագալի ժամերգություն, նվիրված է Սուրբ Հոգուն: Նախկինում եղել է Առավոտյան Ժամերգության մի մասը: Խորհրդանշում է Քրիստոսի Հարությունը և աշակերտներին երևալը: Հաստատել է Եզր Ա Փառաժնակերտցին, ճոխացվել է 12-րդ դարին Ներսես Շնորհալու գրած երգերով (տես Արևագալի երգեր): Կատարվում է արևածագին՝ Քրիստոսի Հարությունը նույնացնելով արևի ծագմանը:

4. Ճաշու Գ ժամի ժամերգություն, ուղղված է Սուրբ Հոգուն: Խորհրդանշում է արգելված պտղից Եվայի ճաշակումը և Քրիստոսով դատապարտումից ազատվելը: Նաև հիշատակումն է Քրիստոսի չարչարանքի: Կատարվում է ժամը 9-ին: Ապաշխարության խորհուրդ պարունակող մի արարողություն է:

5. Ճաշու Զ ժամի ժամերգություն, ուղղված է Հայր Աստծուն: Խորհրդանշումն ու հիշատակումն է Քրիստոսի չարչարանքների ու խաչելության: Կատարվում է ժամը 12-ին: Այս  Ժամերգությամբ հավատացյալը Աստծուց խնդրում է օգնություն իր մարդկային տկար բնության համար:

6. Ճաշու Թ ժամի ժամերգություն, ուղղված է Որդի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի մահը, որով և՝ մարդկության ազատումը դժոխքի իշխանությունից: Կատարվում է ժամը 15-ին:

7. Երեկոյան ժամերգություն, ուղղված է Որդի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի թաղումը: Կատարվում է մայրամուտից առաջ: Գիշերվա սեմին հավատացյալը, աշխատանքից հոգնած և օրվա հոգեկան ալեկոծությունից հետո, խնդրում է Աստծուն, որ իրեն պարգևի խաղաղ գիշեր և բարի քուն:

8. Խաղաղական ժամերգություն, ուղղված է Հոգի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի դժոխք իջնելը և արդարների տանջանքների դադարեցումը: Կատարվում է մայրամուտից հետո: Նպատակն է անդորրություն և խաղաղություն բերել ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված մարդու հոգուն:

9. Հանգստյան ժամերգություն, ուղղված է Հայր Աստծուն: Նախկինում այս ժամերգություն նախորդի շարունակությունն էր և առանձին խորհուրդ չունի: Կատարվում է քնելուց առաջ: Նախկինում, հատկապես վանքերում, 9 Ժները կատարվել են ամեն օր, ճիշտ իրենց ժամին: Ներկայումս ամեն օր կատարվում են Գիշերային և Առավոտյան ժամերգությունները միասին՝ առավոտյան, և Երեկոյան ժամերգություն ՝ երեկոյան: Մեծ պահքի օրերին, բացի շաբաթ-կիրակի օրերից, կատարվում են նաև մյուս ժամերգությունները՝ ըստ հետևյալ կարգի. Գիշերային, Առավոտյան, Արևագալի՝ առավոտյան, Ճաշու Յ և Երեկոյան՝ կեսօրին, Խաղաղականը՝ երեկոյան (երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին), Հանգստյանը՝ երեկոյան (չորեքշաբթի և ուրբաթ օրերին):

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am