ԶՄՄԱՌԻ ՎԱՆՔ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 30 կմ հյուսիս-արևելքում, Քեսրուանի լեռան լանջին: Հայ կաթողիկե պատրիարքության աթոռանիստը: Հիմնադրվել է 1749-ին: 1750–51-ին կառուցվել են վանքի առաջին խցերը, Վեհարանը, մատուռը, 1771-ին՝ ջրհորը և Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի երկայնական պատերին մոտ դրված սյուների վրա բարձրացող գմբեթը զարդարված է Հռոմից 1780-ական թվականներին բերված 12 առաքյալների յուղանկարներով: Պատերին չորս ավետարանիչների նկարներն են, որոնցից առավել տպավորիչ է Հովհաննես ավետարանիչի պատկերը (1785, նկարիչ՝ Վինչենցո Միլոնե): Ավագ խորանին Տիրամոր Վերափոխման մեծադիր կտավն է (1780, նկարիչ՝ Պիետրո Լաբրոցցի): 18-19-րդ դարերին Ավագ խորանի առջև թաղված են Հայ կաթողիկե եկեղեցու հինգ կաթողիկոս-պատրիարքներ: Աղոթասրահի հյուսիսային և հարավային պատերին Գրիգոր Ա Լուսավորչին և Հովսեփին նվիրված խորաններն են: Հյուսիս-արևլյան սյան առջև սև էբոնիտից քանդակազարդ պատրիարքական գահն է: 1783-ին կառուցվել է վանքի հյուրանոցը, 1791-ին՝ ժառանգավորաց վարժարանի երկհարկանի շենքը, 1799–1810-ին՝ քարոզիչների խցերը: 1802-ին կայծակից կործանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը, որը նույն տարում նորոգվել է ավելի փոքր ծավալով և պարփակվել եկեղեցու երկթեք տանիքի տակ: 1834-ին կառուցվել է վանքի սեղանատունը: 1867-ին պատրիարքական աթոռը Զմմառի վանքից տեղափոխվել է Կ.Պոլիս (1929-ից կրկին հաստատվել Զմմառի վանքում): 1901-ին կառուցվել է վանքի բարձր, սլացիկ զանգակատունը, 1908-ին՝ մեծ դահլիճը: Առաջին համաշխարային պատերազմի տարիներին Զմմառի վանքում տեղակայվել է թուրքական զորամաս, որը կողոպտել է վանքը: Այստեղ պահվող ձեռագրերը փրկելու համար թաքցրել են մարոնիտ Մար Շալլիթայի վանքում, սակայն խցերի խոնավությունից շատ մագաղաթներ փչացել են: Մեծ եղեռնի ժամանակ նահատակվել է վանքի 15 միաբան: Զմմառի վանքի ապաստան է տվել Կիլիկիայից տարագիր 400 որբի, սատարել Լիբանանում հաստատված բազմահազար հայ գաղթականների: 1940-ին կառուցվել է Զմմառի վանքի Սուրբ Ցավագին Տիրամոր մատուռը, որի սեղանին զետեղվել է Սուրբ Աստվածածին եկեղեցուց տեղափոխված Տիրամոր սրբապատկերը: Մատուռն օծել է Գրիգոր-Պետրոս ԺԷ կաթողիկոս-պատրիարքը (կարդինալ Գ. Աղաջանյան): 1945-ին Սուրբ Աստվածածին եկեղեցին նկարազարդել է Հ. Կալենցը: 1946-ին նորոգվել է եկեղեցին, կառուցվել միաբանների դամբարանը, որը 1948-ին պսակվել է Հարուցյալ Հիսուսի արձանով: 1961-ին կառուցվել է վարժարանի նոր շենքը, 1963-ին՝ թանգարանը, 1975-ին զանգակատան գագաթին դրվել է հայաոճ, սյունազարդ գմբեթ: 1976-ին Զմմառի վանքի մոտ կառուցվել է վանքի կազդուրման կայանը, 1979-ին Զմմառի վանքը ամբողջովին նորոգվել է: Վանքը տարբեր վայրերում բազմաթիվ կալվածքներ ունի: Զմմառի վանքի մատենադարանում պահվում է ձեռագրերի հարուստ հավաքածու (շուրջ 1500 ձեռագիր, որոնցից 1300-ը՝ հայերեն, շատերը՝ մանրանկարներով): Զմմառի վանքի հավաքածուն առանձնապես հարուստ է Տաղարաններով ու Բժշկարաններով: Այստեղ են պահվում Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հնագույն ձեռագիրը (1240), «Գիրք թղթոցի» միակ օրինակը (1288) և այլն: Զմմառ վանքում է Մերձավոր Արևելքի հայկական ամենախոշոր գրադարանը՝ մոտ 30 հազար կտորով, հայկական առաջին տպագիր գրքերից մինչև Հայաստանի Հանրապետության նորագույն հրատարակությունները: Զմմառի վանքի թանգարանում գտնվում են Հայաստանի հետ աղերս ունեցող բազմաթիվ ցուցանմուշներ՝ նախապատմական ժամանակներից մինչև 20-րդ դար: Հատկապես հարուստ է դրամագիտական բաժինը: Եկեղեցական իրերի բաժնում կան կիրառական արվեստի արժեքավոր գործեր՝ Ավետարանների արծաթե հին պահպանակներ և մասնատուփեր, սադափե, փղոսկրե վարդապետական գավազաններ, լանջախաչեր, ասեղնագործ շուրջառներ, մարգարտաշար թագեր և արծաթե սաղավարտներ, սկիհներ, մեդալիոններ ու շքանշաններ, իտալական գեղանկարչության կտավներ, սրբապատկերներ և այլն:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am