ԶՈՀՐԱՊՅԱՆ ՀՈՒՍԻԿ. ծնվել է 1871-ին, Մեծ Սալա գյուղում (այժմ՝ ՌԴ Ռոստովի մարզում), մահացել է 23.10.1942-ին Բուխարեստում: Արքեպիսկոպոս, մանկավարժ, պատմաբան: Աստվածաբանության դոկտոր: Սկզբնական կրթությունն ստացել է Մեծ Սալայի ծխական, ապա՝ թեմական դպրոցում: Ավարտել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, Լայպցիգի համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետը (1900) և Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1916): 1894-ից՝ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ, 1900-ին ձեռնադրվել է վարդապետ, 1924-ին՝ եպիսկոպոս, 1932-ին՝ ստացել արքության պատիվ: 1900–04-ին՝ սուրբ Սինոդի քարտուղար, 1904-ին՝ Քիշնևի վիճակային Ատյանի անդամ, 1904–05-ին՝ կաթողիկոսական դիվանի, 1905–13-ին՝ Մայր աթոռի դիվանապետ, Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական դպրոցի տեսուչ: 1905–12-ին դասավանդել է Գևորգյան, 1913–17-ին՝ Լազարյան ճեմարաններում, 1922–40-ին՝ Բուխարեստի հայոց վարժարանում: 1913–18-ին՝ Մոսկվայի և Պետրոգրադի հայկական եկեղեցիների հոգևոր հովիվ, 1918–20-ին՝ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի, 1920–1942-ին՝ Ռումինիայի հոգևոր թեմերի առաջնորդ: Զոհրապյան մասնակցել է Ռումինիայի հայոց թեմի կազմավորման գործին, թեմական կանոնադրության (կառավարությունը վավերացրել է 1931-ին) մշակմանը: Կարևոր դեր է խաղացել գերմանացիների ծրագրած՝ ռումինահայերի արտաքսումը կանխելու գործում: Հեղինակ է «Հայոց եկեղեցու պատմություն (1934) ռումիներեն մենագրության, որտեղ շարադրել է առաքելական քարոզչությունից մինչև Խորեն Ա Մուրադբեկյանի ժամանակներն ընկած Հայ եկեղեցու համառոտ պատմությունը: Արժեքավոր են նաև նրա հուշերը Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան) կաթողիկոսի մասին («Էջմիածին», 1971, դ 2) և ռումինական ու ռումինահայ պարբերական մամուլում տպագրած հոդվածները Հայ եկեղեցու բարեկարգման, հայ նշանավոր հոգևոր-եկեղեցական գործիչների մասին:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am