ԶՈՐԱԴԻՐԻ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ. Ձորադիրի Սուրբ Էջմիածին, Սորադիրի Սուրբ Էջմիածին, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառում, Մեծ Զաբ (Աղբակ) գետի վերին հոսանքի շրջանում, Աղբակի Սուրբ Բարդուղիմեոս վանքի մոտ: Նույնացվում է Արծրունիների տոհերի տապանատան՝ Աղբակի Սուրբ Խաչ եկեղեցու հետ: Երբեմնի վանքային համալիրի մաս կազմող Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցին, ըստ ավանդության, կառուցել է Սուրբ Բարդուղիմեոս վանքի ճարտարապետի սանը (6-րդ դարի առաջին կես): Վաղքրիստոնեական շրջանի քառախորան, երեք քառորդ հատվածքի անկյունախորշերով կենտրոն ագմբեթ կառույցներից է՝ Ավագ խորանի երկու կողմերի ավանդատներով: Արևմտյան կողմում նույնատիպ սենյակներ չկան, և անկյունային խորշերն արտաքուստ արտահայտված են եռանիստ ծավալներով: Արևելյան ճակատը մշակված է զույգ «հայկական խորշերով»: Ներսում որմնասյուների խոյակները զարդարված են բուսական ոճավորված քանդակներով: Ըստ մուտքի ճակատի արձանագրության, 1682-ին Մահտեսի Սարոյի բարերարությամբ վերակառուցվել են երկու զույգ խաչվող կամարներով խոշոր, խոր անարդաձև ծավալով գմբեթը և արևմտյան դռան շքամուտքը: Գագիկ Արծրունի թագավորի պատվերով, Մանուել ճարտարապետը Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցու հորինվածքով կառուցել է Աղթամարի վանքի Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար)՝ դրանով խորհրդանշելով Արծրունյաց թագավորական տան հնավանդությունը և Վասպուրականի ճարտարապետական դպրոցի նվաճումների շարունակականությունը:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am