ԶՎԱՐԹՆՈՑ. Զվարթնոցի տաճար, Վաղարշապատի Սուրբ Գրիգոր եկեղեցի, Առապարի Սուրբ Գրիգոր, Էջմիածին (Վաղարշապատ) քաղաքից (3 կմ) հարավ:

Պատմիչների վկայությամբ և ըստ պահպանված հունարեն արձանագրության, Զվարթնոցը կառուցել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը, որի Տայքում գտնվելու տարիներին (653–659) շինությունը շարունակել է նրա փոխանորդ Անաստաս Ա Ակոռեցին: Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցը օծվել է 652-ին: Տաճարը «Զվարթնոց» է անվանել 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը, ըստ նրա, այստեղ են հանդիպել Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Ա Լուսավորիչը: Զվարթնոցը կանգուն է եղել մինչև 10-րդ դարի վերջը և, հավանաբար, ավերվել է երկրաշարժից: Տաճարի հողածածկ ավերակների պեղումները կատարվել են (1901–07) Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից գիտական ղեկավարը եղել է Թորոս Թորամանյանը:

Պեղումներով հայտնաբերվել են հնագույն և 45-րդ դարերի կառույցների մնացորդներ, ուրարտացի Ռուսա Բ թագավորի սեպագիր արձանագրությամբ կոթող, տաճարն ու նրանից հարավ-արևմուտքում գտնվող կաթողիկոսական պալատի համալիրը, ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ քարաշեն խաղողի հնձան ևայլն: Անաղարտ պահպանվել են տաճարի հատակը, սյուների խոյակները, բեկվածքավոր որմնակամարներ, քանդակազարդ արևի ժամացույց, խճանկարի, որմնանկարի մնացորդներ և այլ մանրամասներ:

Զվարթնոցը կառուցվել է յոթաստիճան բազմանիստ պատվանդանի կենտրոնում: Ըստ Թորոս Թորամանյանի վերակազմության (1905), տաճարն արտաքուստ եռաստիճան, հաջորդաբար նվազող երեք գլանայինազմանիստ) ներդաշնակված ծավալների միասնական հորինվածք է: Ըստ կառուցվածքի, կենտրոնակազմ գմբեթավոր շինություն է, որի ծավալատարածային հորինվածքի կորիզը քառակոնքն է՝ ստորին աստիճանում ընդգրկված երկհարկ պարարկյալ սրահով: Քառակոնքի խորանները (ստորին մասում՝ կամարակազմ) միմյանց ներդաշնակվում են բարդ կտրվածքի 4 զանգվածեղ մայր մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների ու առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ: Մայր մույթերի դիմաց (պարարկյալ սրահում) տեղադրված են 4 միակտուր խոշոր սյուներ (տրամագիծը՝ 0,8 մ, բարձրությունը՝ մոտ 2,25 մ պսակված թևատարած արծվաքանդակ խոյակներով, թաղակամարներով կապված մայր մույթերին: Տաճարի 5 շքամուտքերը տեղադրված են հյուսիս, հյուսիս-արևմուտք, արմևմուտք, հարավ-արմևմուտք, հարավային շառավղային առանցքներով: Ընդհանուր 112 պատուհանից 80-ը (համաքանդակ են նիստերին վերձիգ համաչափությամբ, կիսաշրջան ավարտով, ներառված են որմնային սյունակամարակազմ խորաններում, 32-ը (լուսավորել են սրահի երկրոդ հարկը)՝ բոլորակ-քանդակազարդ պսակների մեջ: Անկասկած հարավային մասում է տեղադրված եղել արևային բոլորակ-ժամացույցը:

Առաջին ծավալային աստիճանի խորանաշարի վերին մասը պարագծով ընդգրկող քանդակազարդ գոտին պարունակում է խաղողի որթ ու նռնազարդ ճյուղեր, ռիթմիկ տեղադրված 32 խոշոր ծավալային նուռ, որմնակամարների հանդիպման անկյուններում՝ հոգևոր և աշխարհիկ (քարգործ վարպետների) անձանց 32 բարձրաքանդակ (պահպանվել են 9-ըարված որոշակի ընդհանրացմամբ ու ազատ հորինվածքով: Տաճարն ընդգրկող զարդագոտիների համակարգում ամենաարտահայտիչ հորինվածքային տարրերից է բոլորակ պատուհանների պսակազարդ պատը: Զվարթնոցի ուղղաձիգ և հորիզոնական առանցքների հարաբերությունը փոքր է (5:4, բարձրություն՝ մոտ 45 մ, ստորին ծավալի տրամագիծը՝ 35,78 մ), սակայն եռաստիճան ծավալի համաչափության ուղղաձիգ առանցքով զարգացող ռիթմական կարգը կերպարին հաղորդում է հարաճուն վերսլացություն: Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյուների ռիթմը, խոյազարդ սյունակազմ խորանների պատը, մույթերի սլացքը, բարձրադիր լուսաշող գմբեթը ողջ դեկորի հետ ստեղծում են նույն վերսլ ացությունը: Սակայն տաճարի դինամիկան անսաստ սլացք չէր դեպի վեր, այլ՝ հավասարակշռված, հանդարտ ու սահուն վերելք: Զվարթնոցի եռաստիճան ծավալը ամբողջական ձև է, որի արխիտեկտոնիկ կերպարը ներդաշնակ է կառույցի տարածական տեկտոնիկ համակարգին: Զվարթնոցի կոթողային կերպարը Ներսես Գ Տայեցին մտահղացել է որպես հուշարձան՝ աստվածաշնչյան Արարատի համայնապատկերում: Իր գործառնական առումով լինելով տաճար և ամփոփելով Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները՝ հուշարձանը որպես հիմք և պատվանդան պետք է կրեր քրիստոնեության խորհրդանշանը՝ խաչը: Տպավորիչ համաչափություններով ընդհանուր հորինվածքը, կուռ համակարգված կոմպոզիցիոն տարրերն ունեցել են որոշակի նպատակադրում՝ ստեղծել տարբեր դիտակետերից միատեսակ ընկալվող և ներգործող արխիտեկտոնիկ կերպար: Զվարթնոցի համայն ապատկերում գերիշխել են Հայկական պարն ու Մասիսը, Հռիփսիմեի տաճարը (618), հեռվից նշմարվել է Սուրբ Էջմիածինը:

Մեզ հասած հայկական ճարտարապետականան կոթողներից զվարթնոցատիպ են Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և ԲաԶՎԱՐԹՆՈՑնակի եկեղեցիները (7-րդ դար), Աղվանքում՝ Լյակիթի եկեղեցին (7-րդ դար), Անիում՝ Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցին: Հետագա դարերում հայկական ճարտարարվեստը մեծապես կրել է Զվարթնոցի ազդեցությունը: Տաճարը վաղ միջնադարյան հայկական շինարական, դեկորատիվ արվեստների, քանդակագործության նվաճումների հանրագումար է, հայկական մշակույթի ընդհանուր զարգացման արգասիք: 1980–90-ական թվականներին վերականգնվել են խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը: 1999-ի մայիսի 2-ին, Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի ղեկավարությամբ, Զվարթնոցի կենտրոնում գտնվող մկրտության ավազանում, 11 դարից հետո առաջին անգամ կատարվել է «Հավատք և ժառանգություն» շարժման՝ Հայաստանի և Արցախի վանքերի բարեկարգման աշխատանքների մասնակից պատանիների մկրտությունը:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am