Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Անիի մանրանկարչության դպրոց

 ԱՆԻԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ: XI դ. 2-րդ կեսին Արշարունիքի Սանդղկավանքում ստեղծվել են յուրահատուկ ձեռագրեր, որոնք, հավանաբար, Բագրատունյաց շրջանի գրքարվեստի դպրոցի վերջին շքեղ վկաներն են: Դրանք մեծադիր ֆոլիանտներ են (1053-ի Ավետարանը, Մատենադարան, ձեռ. N 3793,«Մողնու Ավետարանը»), որոնց գրիչը Հովհաննեսն է. նա է ավարտել մեծ կորուստներով մեզ հասած «Բեգյունց Ավետարանը» (1060, Մատենադարան, ձեռ. N 10919): Հիշյալ ձեռագրերից է Հայաստանում սկսվել ավետարանիչների Խորան (Մողնու Ավետարան, XI դարի կեսեր)պատկերման կանոնական տիպը՝ առաջին երեքը նստած են, Հովհաննեսը կանգնած է գրի առնող, նստած աշակերտի՝ Պրոխորոնի կողքին: Այս ձեռագրերում են կանոնական տեսք ստանում նաև յուրաքանչյուր Ավետարանը սկսող անվանաթերթերը՝ նեղ գլխազարդ (կիսախորան)՝ բուսական և կենդանական զարդերով, վրան՝ խաչ, ավետարանիչի խորհրդանիշով զարդարուն սկզբնատառ. պակասում է, սակայն, զարդարուն խաչապսակ լուսանցազարդը, որը համատարած է դառնում XII դ. ձեռագրերում: Նմանատիպ սկզբնատառեր հատուկ են եղել Օթոնյան շրջանի (X դ. վերջ) գերմանական ձեռագրերին, իսկ XI–XII դդ. Բյուզանդիայում տարածվել է «պատմականացված սկզբնատառը»  պատմական անձանց կամ սրբերի պատկերներով: Փոխվել է նաև խորանների գլխամասը. կամարի կիսաշրջանն առնվել է զարդարուն ուղղանկյան մեջ: Ի տարբերություն Փոքր Հայքի ձեռագրերի՝ խորաններն այստեղ պահպանել են իրենց ճարտարապետական, բայց ավելի մեծ չափով դեկորատիվ վեհությունը՝ ավելի վերասլաց սյուներով շարունակելով «Մլքե թագուհու Ավետարան»-ի և «Էջմիածնի Ավետարան»-ի հանդիսավոր ոճը: Խորանների կամարամեջերում հանդիպում են «Նեղոսյան տեսարաններ» («Մողնու Ավետարան»), բազմապիսի իրական և երևակայական կենդանիներ ու թռչուններ (Լ. Դուռնովոն «Մողնու Ավետարան»-ում հաշվել է թռչունների ու կենդանիների 34 տեսակ): Կամարներում երբեմն հանդիպում են կեղծ «քուֆի գրեր», որոնք հայկական ու արաբական գրերի յուրահատուկ հիբրիդ են: Տերունական նկարները ծածկում են թերթի ոչ թե երկու, այլ մի երեսը, մյուսը մնում է դատարկ:

Սանդղկավանքում ստեղծված՝ Հովհաննեսի ընդօրինակած երեք Ավետարաններից ամենաշքեղը «Մողնու Ավետարանն» է՝ թե՛ իր խորաններով, թե՛ ընդարձակ տերունական շարքով, թե՛ պատկերային կառուցվածքով և յուրահատուկ հեռանկարչական համակարգով:

Մանրանկարների գույներն ունեն յուրօրինակ փայլատություն ու մեղմություն. դա վկայում է որմնանկարի ազդեցության և, հավանաբար, որմնանկարչական դպրոցի գոյության մասին (հետագայում որմնանկարչական նշանավոր դպրոցներ են ստեղծվել Անիում, Քոբայրում, Ախթալայում, Հաղպատում, Կիրանց վանքում և այլուր): Մանրանկարները հարուստ են արևելաքրիստենական մոտիվներով՝ խորանի սյուներին խաղողի ողկույզներ են (ինչպես IV–V դդ. Քասաղի բազիլիկում), նապաստակ, եղջերու, «սանրաձև սաղարթներ» (ղպտական արվեստ, 586-ի ասոր. «Ռաբուլայի Ավետարան»), վարագույրներ (Ռավեննայի և Հռոմի վաղքրիստոնեական խճանկարներ), սափորների շուրջը՝ թռչուններ ևն: Անիում հույների ներկայությունն արտահայտվում է 1060-ի «Բեգյունց Ավետարան»-ի և 1053-ի Ավետարանի ավետարանիչների պատկերներում, հունական  անվանատառերում, բայց ավետարանիչների ծնկների Ավետարանների վրա գրված բառերը հայերեն են: Մանրանկարներում կապույտ ֆոնը դրանց տալիս է որմնանկարային կոթողային տեսք, ինչպես XI–XII դդ. ռոմանական, հայկական ու վրացական որմնանկարներում: Միևնույն շրջանակում հայտնվում են միմյանց վրա տեղադրված երկու նկար՝ ինչպես «Ավետումը» և «Մարիամի հանդիպումը Եղիսաբեթի հետ»: Էջով մեկ արված տեսարաններում («Ծնունդ»«Մուտք Երուսաղեմ» ևն) գործողությունը ծավալվում է ոչ թե ֆրիզաձև, երբ այն դիտելու համար մատյանը պետք է շրջել, այլ՝ էջի բարձրությամբ, դեկորատիվ մոնումենտալ լեռների ֆոնի վրա: Ճարտարապետական փռվածքները հարուստ են և բազմազան: XII դ. վերջի – XIII դ. սկզբի Անիի մանրանկարչության  դպրոցից քիչ բան է հայտնի: Մեզ հասել են Անիում աշխատած Իգնատիոս մանրանկարչի ծաղկած մի քանի ձեռագրեր: Առանձին խումբ են կազմում «բյուզանդամետ» համարվող «Տրապիզոնի Ավետարանը»«Կարսի Ավետարանը», 1071–78-ի Ավետարանները (Մատենադարան, ձեռ. N 6975 և 10434): «Տրապիզոնի Ավետարանը» ավելի է հակված բյուզանդա-հելլենիստական ազդեցություններին ու վերապրուկներին: Ձեռագրի գրչությունն ու ուղղագրությունը հնամենի են. դրանք փոխվում են XI դ., երբ շատանում են կիրակագիրները (գլխավոր Ավետարանները): «Կարսի Ավետարանը» կրում է Կիլիկյան Հայաստանի և Մեծ Հայքի գրքարվեստի զարգացման սաղմերը, այն է՝ ա. գլխազարդեր՝ բուսական, թռչնային և երկրաչափական մոտիվներով, բ. «Վեհափառի Ավետարան»ց հետո երկրորդ ձեռագիրն է, որտեղ պահպանված են տեքստային մանրանկարներ, գ. պատվիրատուների պատկերներ, դ. լուսանցքներում, սյունակների մեջ ու գլխատառերում հարյուրավոր սափորներ, բուսական և կենդանաթռչնային մոտիվներ:

XI դ. մատյանները մեծ մասամբ դեռևս խոշոր ֆոլիանտներ են, XII դ. ձեռագրերիՏյառնընդառաջ (Մողնու Ավետարան, XI դարի կեսեր) չափերն ավելի փոքր են (Մատենադարան, ձեռ. N 7779՝ Կարին, ձեռ. դ 2877՝ Երզնկա, ձեռ. N 6249՝ Սյունիք, ձեռ. N 4753, 379, 313՝ Եդեսիա, ձեռ. N 7635, 10360՝ Խարբերդ, Վենետիկի N 961/87 ձեռագիրը՝ Անի ևն): XII դ. ավելի շատ ձեռագրեր են ընդօրինակվել թղթի վրա: Ձևավորումը դարձել է համեստ, հաճախ բացակայում են սյուժետային մանրանկարները և ավետարանիչների պատկերները: Բայց ավանդաբար պահպանվել է Քառավետարանի կազմությունը և որոշ առումով զարգացել: 1–3 էջ գրավել է Եվսեբիոս Կեսարացու խորանազարդ թուղթը, մինչև 9 էջ զբաղեցրել են խորանները և 4 էջ՝ չորս Ավետարանների անվանաթերթերը: Ուղղանկյունաձև խորանները բազմապիսի կամարներով կանգնած են բարակ սյուների՝ երիզների վրա: Հատկապես բազմազան կտրվածքներ ունեն Մատենադարանի N 3756, 2952, 7737 ձեռագրերի խորանների գլխազարդերը: Փոխվել է գլխազարդի և սյուների համամասնությունը, դրանք բարձրությամբ գրեթե հավասարվել են: Բազմազան են զարդամոտիվները. խորանները վերածվում են դեկորատիվ զարդարուն թերթերի, խորանների գլխազարդերի շուրջը պատկերվում են մեծ թվով խորհրդանշական կենդանիներ, թռչուններ, բույսեր: Ավետարանիչների դիմանկարների և սյուժետային մանրանկարների խիստ նվազումը թերևս պայմանավորված է մահմեդական շրջապատով, որտեղ արգելվում է մարդու պատկերումը: Մատենադարանի N 2877 և 6264 ձեռագրերը հավանաբար արված են XI դ. վերջին, ինչի վկայությունն են գլխազարդերի ուղղանկյուն ձևը՝ միջից հատված եռանկյուններով (ինչպես XI դ. բյուզ. ձեռագրերում), մի թերթի վրա չորս ավետարանիչների պատկերումը և «Ավետման» հնավանդ պատկերագրությունը: Ընդ որում՝ դ 2877 ձեռագրի մանրանկարների գույները, հրեշտակի ու Մարիամ Աստվածածնի դեմքերի հուզական արտահայտությունները նորություն էին հայ մանրանկարչության մեջ: XII դ. վերջնական տեսք է ստացել չորս Ավետարաններից յուրաքանչյուրի անվանաթերթը, մեծացել են գլխազարդի չափերը, ստացել բարդ կտրվածքներ, հարստացել է գծագիրը: Ավետարանի վերնագիրը գրվում է մանր տառերով՝ գլխազարդի տակ կամ նրա բարդ կամարամիջում, երբեմն կվադրիֆոլիումի (քառատերևի) մեջ (Մատենադարան, ձեռ. N 10360, 313, 7635), առաջին տողը շեշտվում է գույնով կամ գրերի չափով, սկզբնատառերը հաճախ կազմվում են ավետարանիչների խորհրդանիշերից՝ մարդակերպ, առյուծակերպ, ցլակերպ, արծվակերպ (Մատենադարան, ձեռ. N 379, 6264, 2952, 7737): Սկզբնատառերը ձգվում են վեր՝ հաճախ ծաղկազարդ Համբարձում (Մողնու Ավետարան, XI դարի կեսեր)գծանկարով, բարդ ու հետաքրքիր հարաբերությունների մեջ մտնում գլխազարդի և տեքստի հետ: Սկզբնատառի առանցքը հյուսվում է հանգույցներից, հավասարակշռվում է գեղեցիկ դեկորատիվ լուսանցազարդով, որը պսակվում է խաչով: XII դ. տեքստերը գրվում էին ուղղագիծ, երբեմն՝ բոլորագիծ երկաթագրով: Ուղղագիծ երկաթագրի հետ օգտագործվել է «անցման» բոլորգիրը (Մատենադարան, ձեռ. N 379, 3777, 1522): Տառերի բարձրությունը երկարում է, գրչության ոճն ազատ է: Գլխավոր Ավետարանների (տոների ընթերցվածների կամ կիրակագիրների) սկզբնատառերը գրվում են ոսկով (Մատենադարան, ձեռ. դդ 2952, 7737), աչքի են ընկնում նաև չափով (Մատենադարան, ձեռ. N 379, 7737), գույնով (Մատենադարան, ձեռ. N 6249, 7635), կամ բարդանում է սկզբնատառի գծանկարը: Մատենադարանի ձեռ. N 7779 Ավետարանն օժտված է սյուժետային պատկերներով («Մուտք Երուսաղեմ»«Մոգերի երկրպագությունը»«Հաղորդություն»«Մկրտություն» ևն), երկու լուսանցքային դիմանկարներով (Հովսեփ Արիմաթացի), որոնք հնաոճ են, պարզ ու հմայիչ, ինչպես մանկական նկարները:

XII դ. ձևավորվում է Ճառընտիր Տոնականների (Մատենադարան, ձեռ. N 3777, 1522, 3782 ևն), Ժողովածուների (Մատենադարան, ձեռ. N 375, 2783) և մեկնությունների (Մատենադարան, ձեռ. դ 2606) ձևավորման համակարգը, որին հատուկ են մեծ չափերը, լայն լուսանցքները, արագագիր ոճը: Ենթավերնագրերը գրվում են դեռևս չզարգացած գլխազարդի տակ՝ տեքստից մանր գրչությամբ: Առաջին, երբեմն էլ երկրորդ, երրորդ տողերն ավելի խոշոր բոլորագիծ երկաթագրի տառաձևերով են, ի տարբերություն բուն տեքստի, որ գրված է «անցման» բոլորգրով: Ճառերի կամ ընթերցվածների սկիզբը հատկանշվում է լուսանցքներում ընթերցվածների հեղինակների կամ հերոսների լուսանցանկարներով կամ լուսանցազարդերով: Սկզբնատառերը ձգվում են էջով մեկ՝ բոլորագիծ երկաթագրի տեսքով: Առանձնապես ուշագրավ են վկաների և եկեղեցու հայրերի նկարները Մատենադարանի ձեռ. N 3777 և 1522 Տոնականների լուսանցքներում, որոնք ստեղծվել են Հովհաննավանքի և Սաղմոսավանքի գրչատներում: XII դ. 1-ին կեսին սելջուկների ասպատակությունները կասեցրել են Հայաստանի գեղարվեստական-մշակութային կյանքի բնականոն ընթացքը:

Մշակույթի կենտրոնները տեղափոխվել են դեպի արևմուտք, որտեղ ստեղծվել են բարձրորակ, նրբագեղ ձեռագրեր: Եդեսիայում և Երուսաղեմում ստեղծված հայկական  ձեռագրերը XII դ. գրքարվեստի ավանդույթները կապել են կիլիկյան գրքարվեստին: Գրքի պատկերազարդման համակարգում փոքրիկ ներտեքստային մանրանկարների առկայությունը՝ թերթով մեկ արված մանրանկարների հետ, տերունական տոների զարգացած պատկերաշարը, լուսանցազարդերի առատությունը բնորոշ են դառնում կիլիկյան գրքի պատկերազարդման սկզբունքների համար:

 

                                                                         Ղազարյան Վ. 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am