Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Բարձր Հայքի, Արցախի մանրանկարչության դպրոցներ

 ԲԱՐՁՐ ՀԱՅՔԻ, ԱՐՑԱԽԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ: Սելջուկյան ճնշումներից համեմատաբար ազատ բուն Հայաստանի արմ. մասերում (Բարձր Հայք, Խարբերդ ևն) և Հայաստանից դուրս հայերով բնակեցված վայրերում Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց (Թարգմանչաց ավետարան, 1232 թ.)(Եդեսիա, Երուսաղեմ ևն) ստեղծվել են բարձրորակ ձեռագրեր, որոնցից է «Մշո Ճառընտիրը» (Երզնկայի Ավագ վանք, գրիչ՝ Ստեփանոս): Այդ ձեռագրի հետ զարդային հնարամտությամբ կարող են մրցել միայն X–XII դդ. իռլանդական և անգլո-սաքսոնական ձեռագրերի սկսվածքները: Նուրբ, շողշողուն թանկարժեք փիրուզե կապույտի շեշտադրումով ոլորազարդերը և հանգույցները արլ. են, զուտ հայկական՝ խաչքարերի հյուսվածքների նման: Ավագ վանքում Ստեփանոսը գրչագրել է նաև մի Ավետարան (1201, Մատենադարան, ձեռ. N 10559), որտեղ խաչի պատկերը և Մատթեոսի Ավետարանի անվանաթերթը հիշեցնում են «Մշո Ճառընտիրը»: Բարձր Հայքի Երզնկա քաղաքում ստեղծված մի գլուխգործոց է 1269-ին ընդօրինակված և մեզ հասած առաջին ամբողջական պատկերազարդ Աստվածաշունչը (տես «Երզնկայի Աստվածաշունչ»): Հեղինակների նկարների, խորանների, անվանաթերթերի, մի քանի համառոտած սյուժետային պատկերների գծային նրբագեղությունը, ազնիվ համամասները մոտ են կիլիկյան Աստվածաշունչ և այլ ժողովածու մատյանների հետ: Հետագայում Բարձր Հայքը (հատկապես Բաբերդի դպրոցը), որտեղից մանրանկարիչների սերունդներ են տեղափոխվել Ղրիմ, կամուրջ է հանդիսացել Ղրիմի մանրանկարչության ծաղկման համար:

Աշխարհիկ քաղաքային կյանքին արձագանքող հայկական մանրանկարչությանԴժոխք իջնելը  (Թարգմանչաց ավետարան, 1232 թ.) եզակի ձեռագիր է «Հաղպատի Ավետարանը»: Հատկապես իր տերունական նկարներով առանձին տեղ է գրավում «Թարգմանչաց Ավետարանը»: Ձեռագիրը ոճական ու պատկերագրական ընդգրկումներով այնքան հարուստ է և ինքնատիպ, որ հիմք է տալիս հետազոտողներին այն վերագրելու Կարինի, Անիի, Արցախի դպրոցներին, թեև ունի ոճ ական այնպիսի յուրահատկություններ, որոնք բնորոշ են միայն այդ ձեռագրին: Բացարձակ գունային դրամատիզմով «Թարգմանչաց Ավետարանը» մոտ է Մատենադարանի ձեռ. N 2877 Ավետարանին (XI–XII դդ.), բայց պատկերազարդման ամբողջականության առումով Մեծ Հայքում իր նախորդը չունի: Այս երկու ձեռագրերը գունային հակադրությունների բացարձակ դրամատիկականությամբ կարող են մրցել X–XI դդ. Օթոնյան դպրոցի գերմանական ձեռագրերի հետ: Հայկ. գրքարվեստում առաջին անգամ «Թարգմանչաց Ավետարան»-ում է հանդիպում «Ննջումն Աստվածածնի» տեսարանը (մինչ այդ «Նինջի» պատկերը տեսնում ենք Անիի Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր եկեղեցու որմնանկարներում): Արցախի վանքերում մեծ թվով ձեռագրեր են հավաքվել Հայաստանի տարբեր վայրերի՝ Կիլիկիայի, Բարձր Հայքի, Անիի իշխանական կամ վանական հավաքածուներից (902-ի «Կարմիր Ավետարանը»,  XI դ. «Բեգյունց Ավետարանը»,  Հռոմկլայի 1166-ի Ավետարանը, «Հաղպատի Ավետարանը»«Թարգմանչաց Ավետարանը» ևն): Արցախում պատկերազարդված քիչ ձեռագրեր են մեզ հասել: 1224–61-ին Արցախում ստեղծված մի քանի Ավետարաններ իրենց լավ մշակված մագաղաթով, մանրանկարների գծային հիերոգլիֆային ոճով, ոսկու և գույների նրբությամբ ու ազնվությամբ իշխանական ծագում ունեն և կառուցվածքով ու տիտղոսաթերթերի հորինվածքով մոտ են Անիում ստեղծված Իգնատիոս մանրանկարչի ձեռագրերին: Արտահայտիչ են ավետարանիչների սխեմատիկ կերպարները, որոնք ոսկե ֆոնի վրա ստեղծում են ճախրանքի պատրանք: Այդ ձեռագրերից են 1224-ի Խորանաշատի (Վանենի թագուհու) Ավետարանը (Մատենադարան, ձեռ. N 4823), Հասան Ջալալյան իշխանի հայր Վախթանգ Տանգիկիև նրա տիկին Խորիշահի Ավետարանը (ծաղկող ՝ Թորոս, Մատենադարան, ձեռ. դ 378):

 

                                                                          Ղազարյան Վ.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am