ՉԱՐԵՔԱ ԱՆԱՊԱՏ, Չարեքա գետի անապատ, Չարեքա վանք, Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդմանաձոր գավառում, Շամքոր գետի ձախ ափին (այժմ՝ Ադրբեջանի Գետաբեկի շրջանում): Ըստ պատմիչ Առաքել Դավրիժեցու, XVII դ. հիմնադրել է Սյունյաց Մեծ անապատի սան Դավիթ եպիսկոպոսը և կառուցել երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկի հորինվածքով Ս. Աստվածածին եկեղեցին: Կարապետ Բ Ուլնեցի կաթողիկոսը (1726–29) Չարեքա անապատին նյութական օգնություն հասցնելու առթիվ գրած կոնդակում այն անվանել է «գլուխ ամենայն անապատաց, անուանի և հռչակեալն յամենայն երկրի, մեծ և սուրբ»: 1659-ին Չարեքա անապատի հս-արմ. կողմում վանահայր Սարգիս վարդապետը կառուցել է քառակուսի հատակագծով, 8-սյունանի աղյուսաշեն գմբեթով զանգակատունը՝ նվիրված Գաբրիել ու Միքայել հրեշտակապետներին: Զանգակատան հվ. ճակատին, լուսամուտի երկու կողմերում տեղադրված են սրնգահար հրեշտակների հարթաքանդակներ:

1684-ին վանահայր Ներսես վարդապետը Չարեքա անապատի 70 միաբանների մասնակցությամբ կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցուն արմ. կողմից կից, բազիլիկ հորինվածքով գավիթը, որի հվ. ճակատը եռակամար սյունասրահ է: 1667-ին Սարգիս վարդապետը Չարեքա անապատի հս-արմ. բլրի գագաթին կառուցել է «Հարանց» կոչվող թաղածածկ մատուռը, որը հետագայում ծառայել է որպես անապատի վանահայրերի տապանատուն: 1717-ին Մկրտիչ վարդապետը կառուցել է Չարեքա անապատի կամարակապ դարպասով պարիսպը, որին կից են թաղածածկ 30 խուց: Համալիրի արմ. կողմում խոհանոցով սեղանատունն է՝ քարե երկշարք սեղաններով:

1730-ին վանահայր Մկրտիչ վարդապետը հանգանակությամբ ձեռք բերած միջոցներով նորոգել է լեզգիների արշավանքից ավերված Չարեքա անապատ:

XVII–XVIII դդ. Չարեքա անապատում ձեռագրեր են նորոգվել և գրվել: XVIII դ. անապատն ունեցել է ընդարձակ կալվածքներ, անտառ, ձմեռանոցներ, ջրաղաց ևն, որոնք բազմիցս կողոպտել են շրջակա մահմեդական բնակիչները: 1862-ին Սարգիս վարդապետը նորոգել է Չարեքա անապատ: 1902-ին մահմեդական ավազակախումբը կողոպտել է անապատը և սպանել վանահայր Աստվածատուր վարդապետին: 1918-ից Չարեքա անապատը լքվել է և ամայացել:


                                                                                                       Հասրաթյան Մ.


Գրականության ցանկ՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Ե., 1990:

Ջ ա լա լ յ ան ց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 1, Թ., 1842:

Բարխուդարյ ան ց Մ., Արցախ, Բաքու, 1895:

Լալայան Ե., Գանձակի գավառ, ԱՀ, 1899, դ 1:

Ոսկյան Հ., Արցախի վանքերը, Վնն., 1953: Դիվանհայ վիմագրության, պր. 5, Ե., 1982: ԿարապետյանՍ., Գարդմանաց աշխարհի վանքերը. Չարեք, «Գարդմանք», 1996, դ 2:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am