ՃԱՌԸՆՏԻՐ, Տոնական (լատ. Homeliaire), ճառերի ընտրանի, ժողովածու. բովանդակում է ճառեր, քարոզներ, մեկնողական երկերից քաղված առանձին հատվածներ, աղոթքներտեսիլքներ, վարքեր (տես Վարքագրություն), վկայաբանություններ, պատմագրական գործերից բերված առանձին հատվածներ, թղթեր (նամակներ), կանոններ, զրույցներ ևն: Նախապես կոչվել է Տոնական, քանի որ ամփոփել է համաքրիստոնեական, ինչպես նաև հայ սրբերի վկայաբանությունները՝ համակարգված ըստ քրիստոնեական տոների: Հետագայում ժողովածուի մեջ ներմուծվել են ճառական միավորներ (այստեղից էլ՝ Ճառընտիր անվանումը): Ճառընտիրը հայ միջնադարի ձեռագրական մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում: Նյութերի բազմազանությունն ու բովանդակության հարստությունը այն դարձնում են հայագիտության ամենատարբեր մարզերի համար տևապես օգտագործելի և շահեկան մի սկզբնաղբյուր (օր., նշանավոր «Մշո Ճառընտիրը», Մատենադարան, ձեռ. N 7729, պարունակում է 327, Փարիզի Ազգային գրադարանի N 110 ձեռագիրը՝ 233, N 116–118 ձեռագիրը՝ 287 նյութ-միավոր ևն):

Ճառընտիրը ժողովածուի կազմավորումը կապվում է Սողոմոն Մաքենացու անվան հետ: Առաջին անգամ նրա ջանքերով, 747-ին մեկտեղվել են ճառական բնույթի զանազան նյութ-միավորներ:

Ճառընտիր ժողովածուի նյութերը հիմնականում դասավորված են համաձայն Տոնացույցի և պատշաճեցված են տվյալ տոնի խորհրդին՝ այն մեկնաբանելու կամ տարփողելու նպատակով:

Այս առումով Ճառընտիրը որոշ չափով նման է Տոնապատճառ ժողովածուին: Սակայն, եթե Տոնապատճառի նյութերը, համեմատաբար նույնական լինելով թե' բովանդակությամբ և թե' հերթագայությամբ, սահմանափակվում են բացառապես տոների պատճառների, շարժառիթների մեկնաբանությամբ և հետապնդում են նեղ, ուսումնագիտական նպատակներ, ապա Ճառընտիր ժողովածուները, ենթարկվելով դարի պահանջին և հոգևոր շահագրգռություններին, ժամանակի ընթացքում համալրվում են նորանոր ու բազմաբնույթ նյութերով:

Ճառընտիր ժողովածուի նյութերն առհասարակ տարբեր ձեռագրերում ունեն տարբեր կազմ և դասավորություն: Սակայն ընդօրինակման ժամանակով իրար մոտ ձեռագրերում նկատվում է նյութերի և դրանց հերթագայության որոշ նույնություն կամ նմանություն: Այդպիսին է Երևանի Մատենադարանի NN 7729 (1200–02), 996 (1442), 993 (1456) ձեռագիր Ճառընտիրների պարագան, որոնցում Հիսուսի ծննդյանը, մկրտությանը, Մարիամ Աստվածածնին և Անտոն Անապատականին նվիրված ճառական միավորները (հոդվածները) լիովին նույնական են: Սակայն մեծ մասամբ այդ նույնականությունը խախտվում է. նույն տոնը ներկայացվում է տարբեր մատենագրական միավորներով: Քիչ չեն և այն դեպքերը, երբ Ճառընտիրում նույն տոնի տակ զետեղված են լինում մեկից ավելի ճառական միավորներ (ձեռ. N 996, Պետրոս Ալեքսանդրացու և Աբիսողոմ սարկավագի պատմությունն ու վկայաբանությունը, ԻԵ–ԻԷ), իսկ մյուսում (ձեռ. N 993)՝ մեկ միավոր (ԾԲ, որ նույնական է ձեռ. N 996-ի ԻԶ միավորին):

                                                                        Քյոսեյան Հ.


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Մաթեվոսյան Ա., Ե՞րբ և որտե՞ղ է գրվել Մշո Տոնական-Ճառընտիրը, ԲՄ, դ 9, 1969: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am