ՃԱՇՈՑ, Տոնամակ, Տոնանամակ, Հայ առաքելական եկեղեցու ծիսամատյան: Ճաշոցի բովանդակությունը Տերունի տոների տարեկան տոնակարգի սահմանումն է՝ համապատասխան ընթերցվածներով: Պարունակում է կեսօրվա («ճաշու») ժամերգության ընթերցվածները և երգասացությունները: Ճաշոցի նախնական կազմավորումն ավանդաբար կապվում է Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբոր (I դ.) և Կյուրեղ Երուսաղեմացու անունների հետ:

Ենթադրվում է, որ այլ ծիսամատյանների հետ Ճաշոցը հայերեն է թարգմանվել և կարգավորվել V դ.: Ընթերցվելիք նյութը հիմնականում քաղված է Հին և Նոր կտակարաններից, հատկապես՝ Գործք առաքելոցից, որն ընդմիջարկվել է սկզբնական շրջանում՝ համապատասխան սաղմոսներով և մարգարեական օրհնություններովիսկ ավելի ուշ՝ նաև շարականներով: Հայտնի են Ճաշոցի երուսաղեմյան, մինչվկայասերյան և վկայասերյան տարատեսակները, որոնց բոլորին բնորոշն այն է, որ տոները ամսաթվային չեն, այլ շարժական՝ շաբաթվա օրերով սահմանված (օր., «Զ կիրակի զկնի Հոգեգալստեան», որը նշանակում է՝ Հոգեգալուստի տոնից հետո վեցերորդ կիրակին): Ժամանակի ընթացքում Ճաշոցը, մասամբ դավանական նկատառումներով և մասամբ անփութության հետևանքով, ենթարկվել է զանազան փոփոխությունների և այլայլումների, որոնք VIII դ. վերացրել է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսը: Նա կարգավորել և վերստին հաստատել է Կյուրեղ Երուսաղեմացու սահմանած ընթերցումները: XI դ. Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի ջանքերով Ճաշոցը մուտք է գործել նաև տոմարական տոնակարգը՝ տոների ամսաթվային նշումներով: Նույն շրջանում Տերունի տոների կողքին Ճաշոցում իրենց ընթերցվածներով սահմանվել են նոր՝ հայկական տոներ, նվիրված Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթևին, Թարգմանչաց, Վարդանանց, Ղևոնդյանց, Վահան Գողթնացուն և Հայ եկեղեցու մյուս ս. հայրերին, վկաներին և պատմական իրադարձություններին, ինչի շնորհիվ ծիսամատյանի դիմագիծն առավել ազգայնացել է: Աստվածաշնչյան ընթերցումներից զատ Ճաշոցի մեջ ներառված են տարբեր հատվածներ ինչպես Հայ եկեղեցու հայրերի (Եղիշե՝ աղոթք «Այլակերպության», Զաքարիա Ա Ձագեցի՝ ներբող խաչի «Խաչվերաց», Ներսես հայրապետ՝ աղոթք «Խաղողօրհնեք», Ներսես Լամբրոնացի՝ աղոթք «Հոգեգալուստ», Հովհաննես Երզնկացի Պլուզ՝ խրատ «Ոտնլվայի»), այնպես էլ հույն և ասորի հայրերի (Բարսեղ Կեսարացի, Հովհան Ոսկեբերան, Կյուրեղ Երուսաղեմացի, Եփրեմ Ասորի, Հակոբ Սրճեցի) մատենագրական ժառանգություններից: Ճաշոցի հնագույն ձեռագրերը թվագրում են VIII–IX դդ.: Ճաշոցները նաև պատկերազարդվել են: Մատենադարանում պահվող Ճաշոցներից առանձնանում է «Հեթում Բ թագավորի Ճաշոցը» (1286, ձեռ. դ 979):


                                            Ավդալբեգյան Մ., Քյոսեյան Հ.  



Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: 

Պողարյան Ն., Ծիսագիտութիւն, Նյու Յորք, 1990, էջ 40–47: 

Ավդալբեգյան Մ., Գրիգոր-Վահրամ Վկայասերի «Տօնամակ» ժողովածուն, ՊԲՀ, 1977, դ 4: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am