«ՃՌԱՔԱՂ», կրոնական, բանասիրական երկշաբաթաթերթ, ապա՝ ամսագիր (1860-ից):
«Ճռաքաղ»-ը, լինելով հայ հոգևորականության պահպանողական թևի խոսափող, լեզվի, կրոնի, եկեղեցու, լուսավորության հարցերում հակադրվել է «Հյուսիսափայլին», որն արծարծել է Հայ եկեղեցու բարեկարգման, կրոնական հանդուրժողականության, խղճի ազատության, ժողովրդի լուսավորության հարցեր, ձաղկել ազատ մտածողության և նորի հանդեպ թշնամական վերաբերմունքը: Ամսագիրը, հատկապես 1859–61-ին, տպագրել է հոգևոր գործիչների բազմաթիվ թղթեր, ճառեր, քարոզներ, պատմական վավերագրեր, հատվածներ Մ. Չամչյանի, Ուխտանես եպիսկոպոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուր. գործերից, ակնարկներ՝ նվիրված հայ պատմիչների կյանքին ու գործունեությանը, միջնադարյան տաղեր, կրոնական տոների, ծեսերի մեկնաբանություններ: «Ճռաքաղ»-ի խմբագիրների համոզմամբ, «... առավել, քան զամենայն ինչ՝ կրօ՞նն է, որ բարվոքում է՝ որպես զիւրաքանչիւր առանձնական մարդոյ՝ նոյնպէս և զամբողջ ազգի կամ ժողովրդի բարոյական վիճակը» դառնալով «լուսաւորութեան և յառաջադիմութեան» անսպառ աղբյուր («Ճռաքաղ», 1860, դ 1, էջ 4):
Գրական բաժնում Մ. Մսերյանը մշտապես հանդես է եկել կրոնական բնույթի բանաստեղծություններով, սաղմոսների մեկնություններով, չափածոյի է վերածել հայկական առասպելներ, պատմական որոշ անցքեր: «Ճռաքաղ»-ը տպագրել է Ա. Արարատյանի, Սեյադի և այլոց ինքնուրույն գործերը, Զ. Մսերյանի թարգմանությունները, ներկայացրել է Լազարյան ճեմարանի շնորհալի աշակերտների ստեղծագործությունները (Մ. Սադաթյան, Ս. Շահազիզ): Ամսագրի լեզուն հիմնականում գրաբարն էր:
Մխիթարյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am