ՂՐԻՄԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ: Ղրիմի գրիչների, մանրանկարիչների, հատկապես բարձրաստիճան հոգևորականների (գաղթել էին հիմնականում Բարձր Հայքից և Կիլիկիայից) մի քանի սերունդ պահպանել էր կապերը հայրենիքի հետ, և իբրև օրինակելի նմուշներ Ղրիմի մանրանկարիչներն ունեցել են կիլիկյան ձեռագրական օրինակներ, որոնք հետագայում ղրիմահայերի մեծ մասի հետ տեղափոխվել են Նոր Նախիջևան (մեզ հասած ձեռագրերն այժմ գտնվում են Մատենադարանում):
Ղրիմի գրչության և մանրանկարչության առավել նշանավոր կենտրոններն էին Սուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ) և Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա), որտեղ աշխատել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, Նատերի որդիներ Ավետիսը և Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը: XIV–XV դդ. Ղրիմի մանրանկարչության դպրոցի լավագույն ձեռագրերից են 1356-ին Սուրխաթում Առաքելի պատկերազարդած Ճաշոցը (Մատենադարան, ձեռ. դ 7408), 1401-ին Կաֆայում Հովհաննեսի պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» (Մատենադարան, ձեռ. դ 3863): Սուրխաթի, Կաֆայի, Ղարասուբազարի գրչության կենտրոնները լայնորեն շփվել են իտալացիների և հույների հետ, ուստի հայ մանրանկարիչների գործերում ակներև է ոչ միայն կիլիկյան և Մեծ Հայքի դպրոցների, այլև բյուզանդական «պալեոլոգյան» շրջանի (XIII–XIV դդ.) արվեստի ազդեցությունը: Հոգևորականության շրջանում ճգնավորական կենցաղի, սրբերի և անապատականների նկատմամբ մեծ հետաքրքրությունը Ղրիմի մանրանկարչության մեջ արտահայտվել է նրանց վարքերը բովանդակող մատյանների պատկերազարդումով («Հարանց վարք», 1430, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 285, ծաղկող՝ Թադեոս Ավրամենց): XVII դ. Ղրիմի հայ մանրանկարիչներից են Խասպեկը (1666-ի Ավետարան, Կաֆա, Մատենադարան, ձեռ. դ 6606), Նիկողայոս Ծաղկարարը (1684-ի Ավետարան, Կաֆա, Մատենադարան, ձեռ. դ 6341) և ուրիշներ:
Ղազարյան Վ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am