ԳԼԱՁՈՐԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԸ գործել է Գլաձորի համալսարանին կից գրչատանը, XIII դ. վերջից մինչև XIV դ. կեսը: Այդ դպրոցի երեք մեծ մանրանկարիչները՝ Մոմիկը, Թորոս Տարոնացին և Ավագը, աչքի են ընկնում իրենց արվեստի բազմազանությամբ: Գլաձորի մանրանկարչության դպրոցը հայ միջնադարյան գրքարվեստի այն դպրոցներից էր, որն առավել սերտորեն է առնչվել մոնումենտալ արվեստի և մշակույթի մյուս բնագավառներին (Մոմիկն ու նրա ուսուցիչ, մանրանկարիչ և ճարտարապետ Մատթեոսն աշխատել են թե՛ մանրանկարչության, թե՛ քանդակի և թե՛ ճարտարապետության բնագավառներում): Մոմիկը թերևս ամենից ավելի հարազատ է Վայոց ձորի և Սյունիքի քանդակագործական ավանդույթներին: Նրա ստեղծագործության առաջին շրջանը հատկանշվում է մանրանկարչությամբ. պատկերած ֆիգուրներում (տերունական նկարներ, ավետարանիչներ) զգացվում է քանդակային ծավալի մի ներքին զգացողություն, որը տարբեր է կիլիկյան վարպետների «հելլենա-բյուզանդական քանդակայնությունից» և գալիս է իր իսկ՝ Մոմիկի ու նրա ուսուցչի գեղարվեստական փորձից: Մոմիկի արվեստի վրա կիլիկյան մանրանկարչությունն ավելի քիչ ազդեցություն ունի, քան Թորոս Տարոնացու և Ավագի մանրանկարների վրա: Հատկապես նշանավոր է 1302-ին Մոմիկի պատկերազարդած «Պատերազմի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6792), որը թե՛ իր կառուցվածքով և թե՛ պատկերագրությամբ նորարարություն է հայ մանրանկարչության մեջ: Ձեռագիրը սկսվում է Հովհաննեսի Ավետարանով, «Այլակերպության» մեջ Հիսուսն անմորուք է, «Ծնունդում» գլխավոր կերպարը Հովսեփն է, որոշ մանրանկարներում կարելի է նշմարել մինչ և 4–5 պլան, որ առավելագույն քանակ է Գլաձորի ծաղկողների համար: Այդ առումով, ինչպես նաև իրենց ներդաշնակ հավասարակշռված մոնումենտալ կառուցվածքով, Մոմիկի մանրանկարները նմանվում են Թորոս Ռոսլինի արվեստին:
Թորոս Տարոնացու ծաղկած ձեռագրերում խորանները, լուսանցազարդերը, անվանաթերթերի զարդամոտիվները մեծ մասամբ կրում են կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը: Կիլիկյան ակունք ունի նաև որոշ ձեռագրերում (1318-ի «Եսայի Նշեցու Աստվածաշունչը», Մատենադարան, ձեռ. դ 206, XIV դ. սկզբի Ավետարանը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան, ևն) Աստվածաշնչի կամ Ավետարանի գրեթե ամեն մի դրվագ նկարազարդելու կամ զարդանախշելու ձգտումը: Կան խորանապատկերներ կամ լուսանցազարդեր, որոնք կարելի է շփոթել կիլիկյան նույնատիպ պատկերների հետ:
Բայց հաճախ դրանց միջև ընկնում են հերալդիկ կամ այլ կարգի դրվագներ, որոնց ակունքները Վայոց ձորի ճարտ. դեկորն է: Տերունական նկարներում ավելի ուժեղ են Մեծ Հայքի զանազան դպրոցների ազդեցությունները: Գլաձորի մանրանկարչության դպրոցի վերջին խոշոր վարպետը Ավագն է՝ «աստանդական նկարիչը» (Լ. Դուռնովո):
Ավագը եղել է Գլաձորի համալսարանի սանը, ստեղծագործել (1329–58) Սյունիքում, Ատրպատականում (Սուլթանիե), Փայտակարանում, Թավրիզում և այլուր: 1352-ին նրա պատվերով Սարգիս Պիծակը պատկերազարդել է մի Ավետարան: Սկզբնապես կրելով Մոմիկի ու Թորոս Տարոնացու ազդեցությունը, հետագայում Ավագը հասել է շարժումների և հոգեբանական ավելի մեծ արտահայտչականության՝ հիմնականում սովորելով կիլիկյան վարպետներից: Նրա լավագույն մանրանկարներում շեշտված են գործող անձանց արտահայտությունները. կեցվածքները, հագուստները ծածանվում, ծալավորվում են ինչպես հողմի ժամանակ: Օձաձև գալարվող քղանցքները, շարժման նկատմամբ սերը գոթական ազդեցություններ են: Ավագը, ի տարբերություն Մոմիկի և Թորոս Տարոնացու, խուսափում է բազմապլանայնությունից, Սարգիս Պիծակի պես կերպարները և մոտիվները (զարդային, բնության, ճարտարապետական) բերում է մի հարթության: Ավագի արվեստում ի հայտ է գալիս երկու ավանդույթ՝ գլաձորյան և կիլիկյան: Եթե դեմքերը, բնանկարի զանազան ձևեր կրում են Թորոս Տարոնացու ազդեցությունը, ապա գունային համակարգում, չափազանցված շարժումներում, ծալքերի մշակման մեջ ակնհայտ են կիլիկյան ազդեցություններ:
Ղազարյան Վ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am