ՀԱՅՈՑ ՄԵԾ ԹՎԱԿԱՆ. (մատենագրության մեջ և վիմագիր արձանագրություններում նաև՝ թուականութիւն ասքանազեան, թուականութիւն թորգոմեան, թուաբերութիւն արամեան, թուականութիւն հայկազեան տոհմի ևայլն), տարեթվերի հաշվման հայկական թվականություն. սկսվել է ՔԵ 552-ի հուլիսի 11-ից:

Հայոց առաջին ամսի՝ Նավասարդի 1-ը այդ տարի համապատասխանել է հուլյան տոմարի հուլիսի 11-ին: Հայոց մեծ թվականի հիմնադրման հարցը 554-ին քննվել է Դվինի երկրորդ եկեղեցական ժողովում, սակայն պաշտոնապես ընդունվել է 584-ին:Ինքնուրույնության ձգտող Հայ առաքելական եկեղեցին, ստեղծելով իր թվականությունը,

զատվել է հարևան եկեղեցիներից, նրանց անցանկալի ազդեցություններից (եկեղեցական տոների, ժամանակի հաշվման և այլ հարցերում):

Ըստ ձեռագիր տեղեկությունների՝ մի քանի տարի զատկական հաշիվները շփոթելուց հետո Էաս Աղեքսանդրացու հայտնաբերած զատկացանկի գործածության հետ մեկտեղ սկիզբ է առել հայոց մեծ թվականը: Ընդ որում, առաջին տարվա հիմնական եկեղեցական տոները՝ Ս. Ծնունդը և Ս. Զատիկը, համընկել են, համապատասխանաբար՝ 553-ի հունվար 6-ի և ապրիլի 20-ի հետ: Հայոց մեծ թվականի առաջին տարին կապվել է եգիպտացի տոմարագետ Էաս Աղեքսանդրացու հայտնաբերած 532-ամյա զատկացանկի գործածության հետ: Եթե հարևան քրիստոնյա ժողովուրդների տոմարների հիմքում ընկած էր նույն հուլյան տարին, և հուլյան տոմարից դրանք տարբերվել են միայն ամսանուններով ու տարեսկզբով (որոնց նահանջի հաշվարկը կատարվել է 4 տարին մեկ), ապա հայոց տոմարում տարին մշտապես 365 օր հաշվելու հետևանքով հայոց և հռոմեական (և ոչ միայն հռոմեական) ամիսների համապատասխանությունը խախտվել է 4 տարում 1 օրով: Այդ է պատճառը, որ Հայոց մեծ թվականը անվանել են շարժական տոմար:

Ձեռագրերում տոմարական զուգահեռ հաշիվներում Հայոց մեծ թվական. հիշատակվել է հիմնականում հռոմեական թվականի հետ, որն սկիզբ է առել ՔԵ 248-ին՝ Հռոմի հիմնադրման 1000-ամյակից: Ըստ որում, հռոմեական և հայոց թվականությունների տարբերությունը 304 տարի է:

Իսկ Քրիստոսի ծննդյան թվականի հետ համեմատելիս մի քանի տարվա տարբերություն է ստացվել՝ կապված հետծննդյան թվականի ճշգրտման հետ:

Հայոց շարժական և հուլյան անշարժ տոմարների միջև, մինչև 532-ամյա պարբերաշրջանի ավարտը, առաջացել է 1 տարվա շեղում, որը Հովհաննես Սարկավագը առաջարկել է հանել 532-ամյա պարբերաշրջանի հետ (տես՝ Հայոց Փոքր թվական): Հայոց մեծ թվականի և Քրիստոսի ծննդյան թվականի միջև զուգահեռ հաշվումներ կատարելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 1317–20-ին Նավասարդի 1-ը համընկել է հունվարի 1-ին: Ուստի հայոց տարեսկզբի համար հաշվումներ կատարելիս ՔԵ Հայոց մեծ թվականը ստանալու համար մինչև 1320-ը պետք է հանել 551, իսկ 1320-ից հետո՝ 550:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am