ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐ. հայկական օրացույց, ժամանակի հաշվարկի հայկական համակարգ: Հայերը դեռևս ՔԱ ունեցել են տոմար: Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսՀնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված՝ արեգակնային տոմարի: Թե երբ է սկիզբ առել հայոց տոմարը, ինչպիսին է եղել սկզբնական շրջանում և ինչ փոփոխությունների ենթարկվել, այդ մասին կան միայն կցկտուր տեղեկություններ: Սակայն, որոշ ակիորեն կարելի է ասել, որ հայոց հին արեգակնային տոմարը շարժական էր (12x30+5), և դրա հետևանքով խախտվել են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև, որ շատ կարևոր է, եկեղեցական տոների, ծիսակատարությունների ժամանակները: Որոշ տոմարագետներ հայոց տոմարը նմանեցրել են եգիպտական տոմարին: Եգիպտացիների օրացուցային տարին, ինչպես և հայկականը, իրական արեգակնայինից մեկ չորրորդ օրով պակաս է եղել, որի հետևանքով տարեսկիզբը յուրաքանչյուր չորրորդ տարին մեկ օրով շուտ է սկսվել և իր դիրքը վերականգնել է միայն 1460 հուլյան տարի անցնելուց հետո:

Եգիպտացիները այն կոչել են Սոթիսի շրջան, հայերը՝ Հայկյան շրջան: Տոմարագետների մեծ մասը հայոց տոմարի սկիզբը համարել է ՔԱ առաջին հազարամյակի կեսը: Ձեռագրերում պահպանված ավանդության համաձայն, հայոց տոմարի սկիզբը կապվել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի հետ (Ղևոնդ Ալիշանը իր հաշվումներով հետ գնալով Հայկյան շրջաններով՝ այդ թվականը ստացել է ՔԱ 2492-ին, այսինքն՝ Հայոց Բուն թվականը), իսկ ամսանունները կոչվել են նրա 12 ուստրերի ու դուստրերի անուններով՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից և Ավելյաց: ՔԱ 26-ին եգիպտացիներն անցել են անշարժ տոմարի, իսկ հայոց շարժական տոմարը հարատևել է հարյուրամյակներ, ընդ որում (12x30+5) տիպի արեգակնային տոմարները գործածել են աշխարհի տարբեր մասերում ապրող ժողովուրդները: Նիկիայի Ա տիեզերական ժողովից (325) հետո հուլյան տոմարը ընդունել են քրիստոնյա բոլոր ժողովուրդները: Մինչդեռ Հայ եկեղեցին շարունակել է առաջնորդվել Հայոց շարժական տոմարով: Հայերը, ինչպես և մյուս ժողովուրդները, եկեղեց. տոները կարգավորել են Անդրեաս Բյուզանդացու կազմած 200-ամյա (352–551) աղյուսակով, իսկ դրա ավարտից հետո գործածվել է Էաս Աղեքսանդրացու 532-ամյա զատկացուցակը, որով և սկիզբ է առել Հայոց Մեծ թվականը: Ձեռագրերը վկայում են, որ 7-րդ դարի Անաստաս Ա Ակոռեցու հանձնարարությամբ Անանիա Շիրակացին կազմել է անշարժ տոմարի նախագիծ, որը, սակայն, գործածության մեջ չի մտել:

Երկրորդ՝ 532-ամյա աղյուսակի (552+532) հետ է առնչվում Հայոց Փոքր թվականը (Հայոց անշարժ տոմարը): Ադանայի եկեղեցական ժողովում (1316) որոշվել է հրաժարվել հայոց տոմարից և ընդունել հուլյանը: Այդ որոշումը, սակայն, չի իրականացվել: 1584-ին Հռոմի Գրիգորիս Գ պապի կարգադրությամբ հայերեն է թարգմանվել և հրատարակվել նոր՝ գրիգորյան տոմարը: Այդուհանդերձ, հայոց ժամանակի հաշվարկը շարունակել են կատարել ավանդական շարժական տոմարով: Երրորդ՝ 532-ամյա պարբերաշրջանի (552 թ.+532+532) հետ է կապվում Ազարիա Ջուղայեցու տոմարը: հայոց տոմարը հարատևել է մինչև 20-րդ դար: 1920-ին Հայաստանում ընդունվել է գրիգորյան տոմարը, որը Հայ եկեղեցին պաշտոնապես ընդունել է 1923-ին:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am