ՋԱԼԱԼՅԱՆ Սարգիս [1810, գ. Եղինդ (Արտազ գավառ) – 16.10.1879, Թիֆլիս], եկեղեցական-հասարակական գործիչ: Սերել է Հասան-Ջալալյան իշխանական տոհմից: Հինգ տարի սովորել է տարոնացի Կարապետ վարդապետի մոտ, 1841-ին Գանձասարի վանքում աշակերտել է Հովսեփ վարդապետին: Երկար տարիներ եղել է Սանահինի վանքի վանահայր:

1828-ին ձեռնադրվել է սարկավագ, 1830-ին՝ կուսակրոն քահանա, 1855-ին՝ եպիսկոպոս:

1857-ին նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս: Վրաստանի և Իմերեթիայի թեմական առաջնորդի պաշտոնը 1847-ից մինչև մահ, ըստ էության, վարել է Ներսես Ե Աշտարակեցին, իսկ կոնսիստորիայի նախագահինը՝ Ջալալյան: Այդ ժամանակամիջոցում կաթողիկոսը նրան ուղարկել է ռուսահայոց թեմերում ստուգումներ կատարելու: Այստեղ տեղի է ունեցել նրա բախումը Գ. Պատկանյանի և Մ. Նալբանդյանի հետ, որը վերածվել է կատաղի պայքարի: Լինելով խիստ պահպանողական՝ նա Հայաստանի ապագան տեսել է անցյալի անխաթար վերականգնման մեջ, անհանդուրժողական դիրք գրավել և հետապնդել բոլոր այն ազգային գործիչներին, ովքեր երկրի ապագան դիտել են ժողովրդի նյութական և հոգևոր կյանքը նորոգելու տեսանկյունից: 1857–63-ին Ջալալյանը եղել է Վրաստանի և Իմերեթիայի թեմի առաջնորդ, անզիջում պայքար մղել Ներսիսյան դպրոցի տեսուչ Պ. Շանշյանի ու նրա կուսակիցների դեմ, Շանշյանին համարել «բողոքականության բովից արտաժայթքած մի անհավատ ու անաստված կեղծավոր, մարդախաբ, մոլորեցուցիչ ու մատաղ նոր սերնդին խմորող մարդ» և հեռացրել տեսչությունից: Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը Ջալալյանին պաշտոնանկ է արել. կառավարության միջամտությամբ նա քաշվել է Սանահինի վանքը, որտեղ մնացել է մինչև 1865-ը: 1865–76-ին եղել է Ղարաբաղի թեմի առաջնորդ: Այդ ընթացքում (1867–70) Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին նրան ուղարկել է Կ. Պոլիս՝ Էջմիածնի մնայուն ներկայացուցչություն ստեղծելու առաջադրանքով, որը, սակայն, ձախողվել է օսմանյան կառավարության և Կ. Պոլսի հայոց պատրիարքության ընդդիմության պատճառով:

Վերադառնալով Ղարաբաղ՝ Ջալալյանը իր միջոցներով Շուշիում ընդարձակել է Բաղդասար Հասան Ջալալյանի կառուցած առաջնորդարանի շենքը, որտեղ տեղավորել է նաև ազգային դպրոցը, վիճակային կոնսիստորիան և տպարանը, ապա կառուցել ս. Հռիփսիմյան օրիորդաց հոգևոր դպրոցի երկհարկանի շենքը: Տկարության պատճառով գնացել է Թիֆլիս, խնդրել, որ իրեն ազատեն առաջնորդության պաշտոնից:

Ջալալյանը հեղինակել է «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (հ. 1, 2, 1842, 1858) երկը, որը արժեքավոր նյութեր է պարունակում հայոց վանքերի, եկեղեցիների պատմության, դրանց տեղադրության, ինչպես նաև հայ ազգագրության վերաբերյալ: «Նամակ Տ. Սարգսի արքեպիսկոպոսի Ջալալեանց գրեալ առյարգոյ ազգային ոմն ի Պոլիս» (1867) գործում թվարկել է իր ծառայությունները ազգին ու հայրենիքին, ջանացել հերքել իր նկատմամբ եղած՝ որոշդեպքերում անհարկի և շինծու մեղադրանքները: «Պատմութիւն աշխարհին Աղուանից» վերտառությամբ անտիպ գրքույկում ներկայացրել է Ղարաբաղի մելիքների պատմությունը XVIII դ., իսկ «Ծագումն Ղարաբաղու մելիքների» (ձեռագիր) փոքրածավալ երկում՝ տվել նրանց ծագումնաբանությունը: Յուրօրինակ և հետաքրքրական է Ջալալյանի կտակը: Նա գանձարան է մուծել 25 հզ. ռուբլի՝ հինգ տոկոս տոկոսադրույքով, որը պետք է տնօրինվեր 125 տարի հետո, բաժանվեր 24 մասի, տրամադրվեր կտակում հիշատակված հաստատություններին՝ ազգի լուսավորության նպատակով:

 

                                                                                         Դիլոյան Վ.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 869-870:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am