ՋԱՏԱԳՈՎՈՒԹՅՈՒՆ [հուն. αvπολογιαք (ապոլոգիա) – միջնորդություն, արդարացում], հայրաբանության վաղագույն տեսակներից, ձևավորվել է II դ.: Սկզբնական փուլում Ջատագովության նպատակն էր նախ ցույց տալ հեթանոսների, իմաստասերների, հրեաների և առհասարակ ոչ քրիստոնյաների՝ քրիստոնեության և քրիստոնյաների դեմ հարուցած մեղադրանքների անհիմն լինելը և ապա բացատրել, թե ինչ է քրիստոնեությունը, ում են հավատում քրիստոնյաները, հաստատել քրիստոնեության իրավունքները, որոնք հիմնված են նրա բովանդակած հայտնութենական, աստվածահիմն ճշմարտության վրա: Քրիստոնյաները մեղադրվել են անաստվածության (որովհետև չեն պաշտում կուռքերին և չաստվածներին),

Հռոմեական կայսրության դեմ ունեցած կարծեցյալ թշնամանքի (որ հետևանք էր նոր, հոգևոր թագավորության մասին քրիստոնեական վարդապետության սխալ ընկալման), անբարոյականության (իբր քրիստոնյաները պաշտամունքի ժամանակ ուտում են ազգականների միսը, կենակցում նրանց հետ ևն) մեջ: Այսօրինակ անհեթեթ մեղադրանքները հերքելու համար հրապարակ են եկել ջատագովները, որոնք, օգտվելով Աստվածաշնչից, ժամանակի արտաքրիստոնեական մշակույթից, փիլիսոփայությունից, մասամբ՝ եկեղեցական իրականությունից, ապացուցում էին, որ քրիստոնեությունը միակ ճշմարիտ, ընդունելի կրոնն է, իսկ քրիստոնյաները՝ կայսրության հուսալի, օրինավոր քաղաքացիները:

Ելնելով իր առջև դրված խնդիրների գործնական բնույթից՝ ջատագովական գրականությունը չի արծարծել տեսական աստվածաբանության հարցեր: Սա պայմանավորված էր հակառակորդների (Փրոնստոն՝ մահ.166, Լուկիանոս Սամոստացի՝ մահ. 192, Կելսոս՝ մահ. 178, Պորփյուր՝ 232–303, Հուլիանոս Ուրացող կայսր՝ 361–363) հակաքրիստոնեական մեղադրանքները քրիստոնեության ընդհանուր սկզբունքների միջոցով ժխտելու անհրաժեշտությամբ, ինչն ինքնին բացառել է հրամանակարգային(դոգմատիկ) հարցերի քննարկումը: Աստվածաշնչում (Մարկոսի Ավետարան, Գործք առաքելոց, Պողոս առաքյալի թղթեր) արդեն առկա է հակահրեական Ջատագովություն, որն իր շարունակությունն է ունեցել Առաքելական հայրերի ժառանգության մեջ: Նրանցից առավել նշանավոր են Բառնաբաս առաքյալը (I դ.) իր նամակով, Արիստոն Պելլացին (I դ., «Ջատագովություն Պապիսկոսի և Յասոնի՝ Քրիստոսի մասին»), Հուստինոս Վկան (մահ. 161, «Երկխոսություն Տրիփոնի հետ» և «Ջատագովություն» վերնագրով 2 երկ), Ապողինարիոս Հերապոլսեցին (169–176,«Ընդդեմ հրեաների»): Մեզ հասել են միայն Բառնաբասի և Հուստինոս Վկայի երկերը: Հակահրեական այդ աշխատությունների հիմքում ընկած է Քրիստոսի աստվածության, մեսիականության գաղափարի հաստատումը և վավերացումն այն իրողության, թե հինկտակարանային մարգարեությունները կատարվել են Քրիստոսով:

II դարի երկրորդ քառորդից հանդես են եկել ջատագովներ Կոդրատոսը և Արիստիդես Աթենացին: 125–126-ին Կոդրատոսը Էլիոս Ադրիանոս կայսրին (117–138) է հանձնել իր «Ջատագովությունը», որը մեզ չի հասել: Այսօր հայտնի հնագույն ամբողջական ջատագով. գործը մոտ 146-ին գրված Արիստիդես Աթենացու երկն է, որ նա հանձնել է Ադրիանոս Անտոնիս Պիոս կայսրին (138–161): Երկի աստվածաբանությունն ամփոփվում է արարչաբանական և քրիստոսաբանական այն վարդապետության մեջ, ըստ որի Աստված ամեն ինչի արարիչն է, և Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, որ իջել է երկնքից՝ մարդկանց փրկության համար, և մարմնացել ս.Կույսից՝ Ս. Հոգու միջոցով:

«Ջատագովություն» խորագրով աշխատություն է գրել (մոտ 170-ին) Մելիտոն եպս. Սարդեցին: Նա ընդգծել է, որ քրիստոնեության և Հռոմեական կայսրության մեջ պետք է տիրի լիակատար ներդաշնակություն: Ջատագովական երկերի հեղինակներ են նաև Աթենագորաս Աթենացին («Միջնորդություն քրիստոնյաների համար քրիստոնյա փիլիսոփա Աթենագորաս Աթենացու», գրել է մոտ 170-ին), Տատիանոս Ասորին («Ընդդեմ հույների», գրել է 165-ից առաջ), Անտիոքի եպիսկոպոս (169–188) Թեոփիլոս Անտիոքացին (180-ին գրել է «Քրիստոնեական հավատի մասին» երկը՝ ուղղված ոմն Ավտոլիկոսի):

III–V դդ. քրիստոնեության պաշտպանությամբ հանդես են եկել Որոգինեսը՝ «Ընդդեմ Կելսոսի» երկով (գրել է 246–249-ին), Եվսեբիոս Կեսարացին՝ «Ավետարանական նախապատրաստություն»«Ցույցք ավետարանական», Աթանաս Ալեքսանդրացին՝ «Ճառ ընդդեմ հեթանոսների»«Ճառ Աստված-Բանի մարմնավորման մասին» երկերով, Բարսեղ Կեսարացին իր նշանավոր «Վեցօրեայքով», Կյուրեղ Ալեքսանդրացին՝ Հուլիանոս Ուրացող կայսրի «Ընդդեմ Գալիլեացու» պարսավագրի ժխտումով ևն:

Արևմուտքի մեծագույն ջատագովը Տերտուղիանոսն է (II–III դդ.), որի գրչին են պատկանում «Ջատագովություն»«Խոսք ուղղված հեթանոսներին»«Ընդդեմ հրեաների»,  «Խոսք ուղղված Սկապուլասին» երկերը: Նրա աշակերտ Կիպրիանոս Կարթագենացուց (200–258) մեզ են հասել «Խոսք ուղղված Դեմետրիանոսին»«Կուռքերը աստվածներ չեն»«Վկայությունների երեք գիրք ընդդեմ հրեաների» ջատագովական երկերը: Հռետոր Լակտանտիոսի (մոտ 250–330) անունով հայտնի է հեթանոսական առասպելների դեմ գրված «Աստվածային հրահանգներ» (304–313) աշխատությունը: Արևմուտքի ջատագովական գրականության լավագույն նմուշներից է Օգոստինոս Երանելու «Աստծու քաղաքի մասին» երկը, որը գրելու շարժառիթը հետևյալն է. 410-ին գոթերի հարվածներից Հռոմի խորտակման պատճառը համարվել է քրիստոնեությունը, և իբր միաստվածության կրոնի կողմից բազմաստվածյան կրոնի դուրսմղումը զայրացրել է հավիտենական քաղաքը կառուցած հին աստվածներին: Օգոստինոսը ժխտել է այդ թյուր մեղադրանքը:

Քրիստոնեության հզորացմամբ աստիճանաբար վերացել է այն պաշտպանելու անհրաժեշտությունը: Թերևս այդ է պատճառը, որ մինչև հայոց գրերի գյուտը (405) հեթանոսական ընդդիմությունը հիմնականում (թեև ոչ լիովին) հաղթահարած հայ իրականության մեջ մեծ թիվ չեն կազմել ջատագոական երկերը: Դրանցից վաղագույնը

«Կանոնագիրք Հայոց»-ի միջնադարյան խմբագրությունների մեջ զետեղված «Երանելւոյն Մեսրոպայ վարդապետի» խորագրով փոքրածավալ բնագիրն է, որն ուղղված է Մեսրոպ Մաշտոցի օրոք հայոց մեջ տակավին կենսունակ հեթանոսական հմայությունների դեմ (ԲՄ, դ 7, 1964, էջ 309): Ջատագովական բնույթ ունի «Կանոն սրբոյն Գրիգորի Պարթեւի, դարձեալ հարցումն և պատասխանիք նորա» երկը (Նույն տեղում, էջ 315–328): Այստեղ ևս խոսվում է հեթանոսական սնահավատության, կախարդությունների, հմայությունների մասին, ապացուցվում դրանց անհեթեթությունը և աստվածաշնչյան վկայություններով հերքվում դրանք:

Հայ ջատագովական  գրականության պսակը Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» երկն է, որն օտար հայրաբանները համարում են V դ. ջատագովական գրականության կարևորագույն երկերից: Նախորդ համաբնույթ գործերից «Եղծ աղանդոց»-ը տարբերվում է շարադրանքի պարզությամբ, նպատակասլացությամբ, վարդապետական սկզբունքների պաշտպանության առավել տրամաբանվածությամբ: Իբրև կանոն՝ այդտեղ ջատագովական  հերքմանը նախորդում է փաստերի համադրումը, երևույթի հանգամանալից վերլուծությունը: Իր աշխատությունը Եզնիկ Կողբացին նվիրել է հին հեթանոսական իմաստասիրական ուսմունքների (պյութագորյան, պլատոնական, արիստոտելյան, ստոիկյան, էպիկուրյան), մարկիոնական աղանդի, ինչպես նաև՝ հայոց քրիստոնեությանն ուղղակիորեն սպառնացող պարսից զրադաշտական կրոնի տարատեսակներից մեկի՝ մազդեականության քննությանն ու հերքմանը: Իր առջև նպատակ դնելով ապացուցել քրիստոնեական  ճշմարտությունների բացարձակ գերագահությունը հեթանոսական իմաստասիրության հանդեպ՝ Եզնիկ Կողբացին անհրաժեշտաբար արծարծում է կամքի ազատության, չարի և բարու ծագման խնդիրներ, հերքում գնոստիկյան աղանդների (տես Գնոստիցիզմ) դուալիստական ընկալումները, չարի սուբստանցիոնալ գոյությունը հաստատող դրույթները:

Հայ ջատագովական  աստվածաբանության ավանդները շարունակել են հետագա հեղինակները: Այս տեսակետից հիշատակելի է Վահրամ Րաբունու «Հարցմունք եւ պատասխանիք ի գիրս Ծննդոց» երկը (հրտ. Եղիշեի անունով, Վնն., 1924), որտեղ լայնորեն օգտագործված է «Կանոն սրբոյն Գրիգորի Պարթեւի, դարձեալ հարցումն եւ պատասխանիք նորա» երկը:

Հայ ջատագովական աստվածաբանության զարգացմանը նպաստել են թարգմանական ջատագովական երկերը: Իր երկը շարադրելիս Եզնիկ Կողբացին թարգմանելով օգտագործել է Մեթոդիոս Ոլիմպիացու կամ Պատարացու (մահ. 312) «Ինքնիշխանության (կամքի ազատության) մասին» երկի մեծ մասը, Արիստիդես Աթենացու «Ջատագովությունը», Եպիփան Կիպրացու «Ընդդեմ հերձվածների» (Պանարիոն) երկը, Բարսեղ Կեսարացու «Վեցօրեայք», Հիպպոլիտոս Բոստրացու կամ Հռոմեացու (170–236) «Ընդդեմ բոլոր հերձվածների» (Ֆիլոսոֆումենա), Թեոդորոս Մոպսուեստացու (IV–V դդ.) «Ընդդեմ պարսից մոգերի ուսմունքի», Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնություն Ծննդոց» երկերը, ինչպես նաև՝ Որոգինեսի, Իրենեոսի (II դ.), Դիոդորոս Տարսոնացու (IV դ.), Եփրեմ Ասորու և այլոց աշխատությունները: Հետագայում ևս հայոց մեջ չի նվազել ջատագոական երկերի նկատմամբ հետաքրքրությունը: Ներսես Լամբրոնացին 1197-ին Կ. Պոլսում իրականացրել է Բառնաբաս առաքյալի նամակի հունարենից հայերեն թարգմանությունը, որը, սակայն, մեզ չի հասել:

Քրիստոնեական ջատագովական աստվածաբանությունը սկսած XIX դ-ից վերատեսության է ենթարկել իր մեթոդաբանությունը և կենտրոնացել մարդկային ճանաչողականության արժեքի, արտաքին իրականության մեջ մարդու դերի, ինչպես նաև հավատի ընկալման ու մեկնաբանության հիմնահարցերի շուրջ: Աստվածաբանության այս բնագավառը՝ Ջատագովությունը, այլևս չի զբաղվում լոկ ջատագովելով, այլ իր առանցքային նպատակադրումներից է համարում նաև հավատի նկատմամբ մարդու դիրքն իմացաբանորեն և մեկնողաբար հիմնավորելու պահանջը:

                                                                                 

                                                                                             Քյոսեյան  Հ.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 870-872:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am