ՄԱԿԱՐԱՎԱՆՔ, ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան անտառապատ լանջին: Հնագույն եկեղեցին (X–XI դդ.) ունի ներքուստ խաչաձև (բավական խոր թևերով), արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք: Կառուցվել է կարմրավուն կիսամշակ տուֆի խոշոր քարերով (XIII դ. գմբեթը և ծածկը վերակառուցվել են նույն տուֆի սրբատաշ քարով): Եկեղեցու բեմի ճակատը հարդարված է բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներով:

1198-ին վանքի արլ. կողմում Մակարավանքի վանահայր Հովհաննես Ա-ն կառուցել է ներքուստ խաչաձև (եռաբսիդ, արմ. ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ, կենտրոնագմբեթ Ս. Աստվածածին եկեղեցին: Լուսամուտների պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող գոտին զարդարված է թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի մենամարտ պատկերող հարթաքանդակներով: Եկեղեցուն հս-ից կից է փոքրիկ, թաղածածկ մատուռ: XII դ. Վերջին կառուցվել է Մակարավանքի հյուրատունը: 1205-ին Բազազ իշխանի որդի Վարդանը կառուցել է Մակարավանքի գլխավոր եկեղեցին՝  մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով, Ավագ խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով (հս-արմ. խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան): Ճակատները (արմ-ից բացի) մշակված են «հայկական խորշերով»: Ճոխ զարդաձևերով արմ. շքամուտքի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է: Եկեղեցու հվ. պատի լուսամուտի տակ՝  ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակն է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ: Ինքնատիպ է Ավագ խորանի հարդարանքը. կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով, բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող, ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունների մեջ ներառված հարթաքանդակներով՝ երիզված հյուսկեն զարդերով կիսագլանաձև լայն շրջանակով: Ութանկյուն աստղերում քանդակված են հուշկապարիկներ, կենդանական  և բուսական չկրկնվող զարդամոտիվներ, աստվածաշնչյան թեմայով («Հովհանը կետի երախում») պատկերաքանդակ ևն: Իսկ ձկան քանդակները (գալարվող ձկներ) իրենց պլաստիկայով և կատարման իրապաշտական ոճով նմանը չունեն հայկական  քանդակագործական արվեստում: Աստղերից մեկի վրա կերտված է շինարարական գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (և, անշուշտ, քանդակագործի) դիմապատկերը և անունը՝  «Երիտասարդ»:

XIII դ. 1-ին քառորդում Վաչե Ամբերդցին (Վաչուտյանների տոհմից) Մակարավանքի հնագույն եկեղեցուն արմ-ից և գլխ. եկեղեցուն հս-ից կից կառուցել է քառակուսի հատակագծով քառասյուն, կենտրոնակազմ գավիթ:

Արմ. շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ: Հարուստ է գավթի ներսի հարդարանքը՝  սյուները և որմնասյուները, կամարաղեղները, ութանկյուն երդիկը, առաստաղն ունեն բուսական,  երկրաչափական ճոխ զարդաքանդակներ, իսկ կամարների հիմքերին և սյուների խոյակներին կան դրախտահավերի բարձրաքանդակներ: Գավթին և հնագույն եկեղեցուն հս-արլ-ից կից է այժմ ավերակ նշխարատունը (XIII դ.): Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու, Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը XIII դ. ասեղնագործ նրբահյուս վարագույրներ է նվիրել Դադիվանքին, Հաղպատի վանքին, Գտչավանքին և Մակարավանքին: XIII դ. Մակարավանքը ստացել է բազմաթիվ նվիրատվություններ (այգիներ, դրամ, զարդեր, ձեռագրեր, խաչեր ևն): Մակարավանքի հվ. կողմում հյուրատան ավերակներն են, արմ. Կողմում՝ խցերի և տնտեսական շենքերի հիմնապատեր, վանքի կամարակապ դարպասը, պարսպից դուրս դեպի հս-արլ.՝  աղբյուրի շենքը, դեպի հվ-արմ. և արմ՝ . 2 գերեզմանոց: 1970–80-ական թթ. համալիրը նորոգվել է: Մակարավանքն  իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու, Բղենո Նորավանքի, Գանձասարի վանքի շարքին և կարևոր տեղ գրավում հայ արվեստում:


                                                                      Հասրաթյան Մ.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002

Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982: 

Սարգսյան Գ., Մակարավանք, «Էջմիածին», 1954, դ 2–5: 

Կարախանյան Գ., Մակարավանքի քանդակները և նրանց հեղինակը, ՊԲՀ, 1974, դ 4: 

Դիվան հայ վիմագրության, պր. 6, Ե., 1977: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am