ՄԱՆԱՆԴՅԱՆ Հակոբ Համազասպի (22.11. 1873, Ախալցխա – 4. 2. 1952, Երևան), պատմաբան, բանասեր, աղբյուրագետ: Պրոֆեսոր (1925), պատմ. գիտ. դոկտոր (1938), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): Գիտությունների վաստկավոր  գործիչ (1935): Սկզբնական կրթությունն ստացել է Ախալցխայի Կարապետյան վարժարանում (1880–83), ապա սովորել է Թիֆլիսի 1-ին դասական գիմնազիայում (1883–93), Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում (1893–97), մասնագիտացել արևելագիտության և լեզվաբանության մեջ: Էքստեռն կարգով ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակուլտետը (1898) և Յուրևի (Դորպատ) համալսարանի իրավաբանության ֆակուլտետը (1909): 1900–05-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1906–1907-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1920-ին՝ Հայաստանի համալսարանում: Եղել է նույն համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, 1921-ին՝ ԵՊՀ ռեկտոր, 1921–23-ին՝ արևելագիտության և պատմագրության ֆակուլտետների դեկան, 1921–1925-ին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925–31-ին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր:

Մանանդյանը հեղինակ է հայերեն, ռուսերեն, գերմաներեն գրված շուրջ 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու վիմագրությանը, մշակույթին: Մանանդյանը զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների (Թեոն Աղեքսանդրացի, Հերմես Եռամեծ), հայոց մատենագիտության, այսպես կոչված՝ հունաբան դպրոցի գործունեության («Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները», 1928), հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ: «Հունաբան դպրոցը...» աշխատությունում հեղինակն արծարծել է խնդիրներ, որոնք առնչվում են Հայ եկեղեցու և դավանության պատմության կնճռոտ հարցերին (հունաբան դպրոցի և թարգմանությունների սկզբնավորման, դավան. Պայքարին հայոց մասնակցության և Քաղկեդոնի ժողովի մերժման ժամանակի վերաբերյալ՝ կապված Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն թարգմանության թվականի ճշտման հետ), ինչպես նաև Մովսես Խորենացու և Հովհաննես Ա Մանդակունու անունով «Գիրք թղթոց»-ում պահպանված երկու դավանական գրությունների հեղինակային պատկանելությանը ևն: «Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար» (1941, ռուս.) աշխատության մեջ Մանանդյանը բացահայտել է հայոց գրերի պատմության հետ կապված մի շարք խնդիրներ և հանգել այն եզրակացությ ան, որ դրանք ստեղծվել են 392–393-ի ընթացքում:

Մանանդյանը բազմաթիվ ուսումնասիրություններում անդրադարձել է Հայ եկեղեցու պատմությանը և մատնանշել նրա կարևոր դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու քաղաքական կյանքում: Մասնավորապես քննարկման առարկա է դարձրել հին հունական բնափիլոս և աստվածաբանական գրականության հայերեն թարգմանությունների հանգամանքները, ինչպես, օր., «Գրիգոր Նազիանզացու ճառերի Նոնոսի մեկնությունների հին հայերեն թարգմանությունը» (1903, գերմ.), «Դավիթ Անհաղթի խնդիրը նոր լուսաբանությամբ» (1904),«Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտելի, ընծայեալ Էլիասի Իմաստասիրի» (1911) և այլ ուսումնասիրություններ, ցույց տվել, որ հետաքրքրությունը դեպի անտիկ փիլիսոփայությունը ընդլայնել է հայերի մտահորիզոնը, ձևափոխել նրանց կրոնական մտածողության բացառիկությունը: Մանանդյանը ուսումնասիրություններ է կատարել քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժամանակի վերաբերյալ և տեսակետ հայտնել, թե Հայաստ անում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել միայն Մաքսիմիանոս կայսրի մահից հետո, հավանաբար՝ 314–316-ին: Քրիստոնեությունը պետական կրոն ընդունելը համարել է քաղաքական կարևորագույն գործոն՝ պարսիկների համաձուլողական քաղաքականության դեմ պայքարելու և զրադաշտականությունից խուսափելու միջոց: 1903-ին Հ. Աճառյանի հեղինակակցությամբ հրատարակել է «Հայոց նոր վկաները» վկայաբանական ժողովածուն, որտեղ ընդգրկված են 1155–1843-ի ընթացքում դավանանքի համար նահատակվածներին նվիրված պատմական ու գեղարվեստական ստեղծագործություններ՝ ձեռագրերի բաղդատությամբ, անհրաժեշտ ծանոթագրություններով:

                                                                               

                                                                       Հովհաննիսյան Պ. 

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002

Բաբայան Լ., Հակոբյան Վ., Հակոբ Մանանդյան, Ե., 1974:

Հակոբ Մանանդյան, Ե., 1981 (Կենսամատենագիտություն, կազմ. Պ. Հովհաննիսյան):

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am