Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մանազկերտի եկեղեցական ժողով 726

 ՄԱՆԱԶԿԵՐՏԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 726, հայ-ասորական միացյալ եկեղեցական ժողով: Հրավիրվել է Հայոց կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցու և Ասորի Հակոբիկ եկեղեցու առաջնորդ, Անտիոքի Աթանաս պատրիարքի նախաձեռնությամբ: Հայոց կողմից, կաթողիկոսից բացի, ժողովին մասնակցել են 31 եպիսկոպոս և 8 վարդապետ, որոնք ներկայացրել են Հայաստանի արլ. և արմ. հատվածների գրեթե բոլոր թեմերը, իսկ ասորական կողմից՝ պատրիարքը՝  6 եպիսկոպոսների հետ: Մասնակիցների թվում հիշատակվում են ժամանակի նշանավոր հայ աստվածաբան վարդապետներ Խոսրովիկ Թարգմանիչը և Գրիգորիս Արշարունին, որոնք մեծապես օգնել են Հայոց կաթողիկոսին դավանական կարևորագույն որոշումներ ընդունելիս: Ժողովի նպատակն էր հարթել երկու Արևելյան եկեղեցիների դավանական տարաձայնությունները, որոնք ծագել էին հակաքաղկեդոնական աստվածաբաններ Հուլիանոս Հալիկառնասցու և Սևերիոս Անտիոքացու՝  Հիսուսի մարմնի անապականության շուրջ ծավալված վեճից: Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, երկու ասորի հոգևորական նամակ են հղել Հովհաննես Գ Օձնեցուն, որտեղ հայերին մեղադրել են Հուլիանոս Հալիկառնասցու ուսմունքին հարելու մեջ: Հայերն էլ իրենց հերթին ասորիներին մեղադրել են Սևերիոս Անտիոքացու ուսմունքին հետևելու մեջ: Նախապես որոշվել էր ժողովը հրավիրել Արծն քաղաքում, սակայն Արմինիայի արաբ կառավարիչը չի թույլատրել ժողովի գումարումն իր իշխանապետության սահմաններից դուրս: Ժողովատեղիի ընտրության հարցում արաբ ոստիկանի միջամտությունը վկայում է, որ հայ-ասորական դավանական միությունը հովանավորել և թելադրել էր արաբական խալիֆայությունը, որը նպատակ ուներ Արևելքի ամենամեծ ուղղափառ եկեղեցիների դավանական միությունն ուղղել ընդդեմ քաղկեդոնականության և Բյուզանդական կայսրության:

Պահպանվել են Մանազկերտի եկեղեցական ժողովի արձանագրությունները հայերեն և ասորերեն, ինչպես նաև ժողովի սահմանած կանոններն ու նզովքները:

Ենթադրվում է, որ Հովհաննես Գ Օձնեցին ժողովում կարդացել է հուլիանոսականների դեմ ուղղված իր «Ընդդէմ երևութականաց» ճառը:

Մանազկերտի եկեղեցական ժողովը սահմանել է 10 նզովք, որոնք դատապարտել են Հուլիանոս Հալիկառնասցու և Սևերիոս Անտիոքացու ուսմունքներն ու դրանց հետևորդներին, երևութականությունը, քաղկեդոնականությունը, մեկ անգամ ևս հաստատել Սուրբ Երրորդության ուղղափառ բանաձևումը: Ժողովի որոշումների արդյունքում Հայ և Ասորի Հակոբիկ եկեղեցիների միջև կնքվել է դավանական միություն, որը, սակայն, չի հարատևել: Մանազկերտի եկեղեցական ժողովում քննարկվել են նաև ծիսական խնդիրներ: Հայ և Ասորի եկեղեցիների համար սահմանվել է Քրիստոսի ծնունդը տոնել ոչ թե դեկտ. 25-ին, ինչպես՝  քաղկեդոնականները, այլ՝  հունվարի 6-ին, նաև որոշվել է հացն անխմոր և գինին անխառն մատուցել պատարագի ժամանակ: Հովհաննես Գ Օձնեցու և Աթանաս Անտիոքացու միջև համաձայնություն է ձեռք բերվել երեք հայ հոգևորականների Ասորիք ուղարկելու մասին` այնտեղ բնակվող հայ քաղկեդոնականների գործունեությունը կանխելու նպատակով: Հիշատակություն կա նաև, որ Ասորիք ուղարկված հայ հոգևորականները զբաղվել են ասորերենից հայերեն թարգմանություններով:

Մանազկերտի եկեղեցական ժողով մեծ նշանակություն է ունեցել Հայ եկեղեցու դավան. մի շարք կետերի հստակեցման գործում: Նրա դավանական որոշումներն ամբողջացրել և վերջնական տեսքի են հասցրել Հայ եկեղեցու քրիստոսաբանական համակարգը:


                                                                                   Պապյան Մ.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղ-պատ, 1893: 

Հովսեփյան Գ., Խոսրովիկ Թարգմանիչ, Վաղ-պատ, 1899: 

Տեր - Մինասյ ան Ե., Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am