Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մանրանկարչություն

 ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ֆրանս. miniature,իտալ. miniatura, լատ. minium – ծիրանի գունանյութ, կինաբար, կարմիր ներկ, որով հնում զարդարել են ձեռագիր Մոգերի երկրպագությունը (Էջմիածնի 989 թ. ավետարանի վերջում կարված VI դարի  մանրանկար)մատյանները), կերպարվեստի ստեղծագործություն, որն առանձնանում է փոքր չափերով ու գեղարվեստական հնարքների նրբությամբ: Հայ միջնադարյան մանրանկարչության ոլորտը գրքարվեստն է՝ ձեռագիր մատյաններում գծային, գուաշի, տեմպերայի, ջրաներկի, ոսկու, հազվադեպ նաև արծաթի միջոցով պատկերազարդումները, որոնք ընդգրկել են անվանաթերթերը, խորանները, լուսանցազարդերը, պատմողական թեմատիկ տեսարանները՝ բնանկարի, ոսկու, ճարտարապետական միջավայրի կամ ուղղակի մագաղաթի և թղթի ֆոնի վրա:

Մանրանկարչության հնագույն օրինակները պահպանվել են Հին Եգիպտոսում՝ պապիրուսի գալարների վրա (Ք.ծ.ա. 1900-ից ի վեր, հատկապես նոր թագավորության շրջանի «Մահվան գրքերում»): Աղոթքները, մոգական խոսքերը, մեղքերի քավումը սկզբում քանդակվել են տապանների վրա, հետագայում արվել պապիրուսի գալարներին և պատկերազարդվել: Վերջիններս դրվել են մումիայի լաթերի ներսում կամ թաղման աստվածություններ ներկայացնող նկարեն փայտե արձաններում: Հին հույները պապիրուսի գալարների վրա պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»): Պապիրուսագալարների նկարները միմյանց են հաջորդել կոմիքսն երի կամ կինոկադրերի նման: Պապիրուսի գալարներին զուգահեռ Ք. ծ.ա. VI դ. սկսած արամեացիների (Իրանում), ավելի ուշ հոնիական (փոքրասիական) հույների գրելանյութը կաշին էր: Մագաղաթը որպես գրելանյութ սկսվել է օգտագործվել Պերգամոն ք-ում, արտահանվել է գալարի ձևով և աստիճանաբար դուրս մղել պապիրուսը: Մագաղաթը մատյանի (լատ. codex) տեսք է ստացել ուշ անտիկ շրջանում՝ քրիստոնեության ազդեցությամբ: Մագաղաթը պապիրուսի համեմատ այն առավելությունն ուներ, որ կարելի էր տեքստը ջնջել և նորը գրել: Կրկնագրերը կոչվել են պալիմպսեստներ. առաջին պալիմպսեստները մեզ են հասել VII դարից: Գրքի կամ մատյանի ձևը թելադրել էԽորան (Էջմիածնի ավետարան, 989 թ.) էջի պատկերազարդման սկզբունքը: Մեզ հասած հնագույն մագաղաթե մանրանկար ձեռագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500, Միլանի Ամբրոզիանա գրադարան):

Հայկական պահպանված ձեռագրերը մատյաններ են (կոդեքսներ, տես Ձեռագիր մատյան): Առայժմ, բացի ուշ միջնադարից մեզ հասած «հմայիլներից» («ամուլետ»), հայկական  ոչ մի գալար դեռևս չի հայտնաբերվել: Ի տարբերություն ձեռագրական այլ մշակույթների, հայկական  ձեռագրերի մեծ մասը հիշատակարանների շնորհիվ թվագրված է, հայտնի են գրչի, ստացողի (պատվիրատուի), հաճախ նաև՝ ծաղկողների անունները: Հայկական մանրանկարչությունը  աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ: Ամենից շատ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչը, ծիսամատյանները (Ճաշոց, Ճառընտիր, Շարակնոց, Մաշտոց ևն): Մեզ հասած հայկական առաջին մանրանկարները VI–VII դդ. նմուշներ են (տես «Էջմիածնի Ավետարան»):

Ամբողջությամբ պատկերազարդված հնագույն հայկական ձեռագիր մատյանները (Ավետարաններ) IX դարից են: «Մլքե թագուհու Ավետարանը» պահպանել է առանձին արժեք ներկայացնող վաղ հելլենաքրիստոնեական արվեստի առանձնահատկությունները: Այդ ձեռագիր մատյանից մեզ հասած միակ տերունական նկարի՝ «Համբարձման» մեջ հստակ սահմանազատված են երկնային (Քրիստոսը փառապսակում և հրեշտակները) ու երկրային (առաքյալները և Աստվածածինը) ոլորտները: X դարից պահպանված առավել ամբողջական Ավետարաններում պատկերներն ունեն հետևյալ կազմը. Եվսեբիոս Կեսարացու թղթի 3 խորանը, համաձայնության 10 կանոնները՝ հավաքված 7–10 խորաններում, այդ թվում՝ տեմպիետտոյի կամ Տիրոջ գերեզմանի պատկերը տաղավարի տեսքով («Էջմիածնի Ավետարան»,  Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ. դ 697, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 2555), «Աբրահամի զոհաբերությունը»«Աստվածամայրը Մանկան հետ գահին»,  չորս ավետարանիչները (Էջմիածնի և Վիեննայի Ավետարաններ), որոնց Վիեննայի և այլ Ավետարաններում ավելանում են «Ավետումը»«Ծնունդը»«Մկրտությունը»«Համբարձումը»: 966-ի Քրիստոսը գահի վրա (Էջմիածնի ավետարան, 989 թ.)«Թարգմանչաց Ավետարանը» (Բալթիմոր, Ուոլթերս, ձեռ. դ 537) ներկայացնում է Ավետարանի մեջ պատկերների դասավորության մի երկրորդ տիպ, որը հետագայում զարգացվում է հատկապես Կիլիկիայի և Գլաձորի դպրոցներում: Այստեղ ավետարանիչները պատկերվում են իրենց Ավետարաններից առաջ և ոչ մինչև Ավետարանների տեքստը՝ առանձին պրակում մյուս պատկերների հետ: Եթե X դ. մատյանները հիմնականում գրվել են բոլորագիծ (մեծ մեսրոպյան) երկաթագրով, ապա XI դ. մեծացել է ուղղագիծ (միջին մեսրոպյան) երկաթագրով գրված ձեռագրերի թիվը, ինչի շնորհիվ փոքրացել է գրքի չափը: XI դ. մեզ հասած ձեռագրերը հնարավորություն են ընձեռում հստակելու դպրոցների կամ ձեռագրական  տեղական խմբերի գոյությունը:

                                                                                                                      Ղազարյան Վ.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ. , Երևան, 2002:

 

Տե՛ս ավելին

Մանրանկարներ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am