ՄԱՆՐՈՒՍՈՒՄ, մանրուսմունք, հայ միջնադարյան երգչածիսական մատյան, խազգիրք: Մանրուսում ժողովածուները մեծ տարածում են ստացել հատկապես XII դարից, Կիլիկյան Հայաստանում, Ներսես Շնորհալու անմիջական նախաձեռնությամբ: Դրանք, իբրև առավել բարդ, զարդոլորուն ոճի հոգևոր երգերին վերաբերող ձեռնարկներ, սերտորեն առնչվել են եկեղեցական երգեցողության և խազագիտության գործնական ուսուցման հետ: Կոմիտասը ժողովածուի անվանումը բացատրել է իբրև «ուսումն եկեղեցական երգերի, եղանակների և խազերի մասին»: Ներսես Շնորհալին իր «Թուղթ ընդհանրական»-ում պարտադիր է համարել Մանրուսումի արվեստի տիրապետումը բոլոր քահանաների համար: Մանրուսման երգերի (մեղեդիներ, ալելուներ, ժամամուտներ, փառքեր, եղիցիներ, Պատարագի սրբասացություններ ևն) խազավորումը աչքի է ընկնում խիտ և ճոխ հյուսվածքով, որի պատճառով Մանրուսման  գրքերը կոչվել են նաև խազգրքեր: Մանրուսման խազերի նկարագիրը տարբերվում է շարականի խազերից: Բոլոր տվյալները վկայում են, որ Ներսես Շնորհալին է հղացել Մանրուսման խազերի մի նոր, ածանցյալ բնույթի և բարդ նկարագիր ունեցող խազերի խմբի ներմուծումը այդ ժողովածուների մեջ:

Մանրուսումն ամենաքիչ հետազոտված միջնադարյան երաժշտական ժողովածուն է: Հիմնական  խոչընդոտը հայ միջնադարյան խազային նոտագրության վերծանման խնդիրն է, թեև Մանրուսման մի քանի մասեր հնարավոր է վերականգնել ըստ Ժամագրքի և Խորհրդատետր-Պատարագամատույցի հետ ունեցած ընդհանուր բաժինների:

Մանրուսումն ընդհանրություններ ունի բյուզանդական Փսալտիկոն և Պապադիկի կոչվող երգչական մատյանների հետ: Մանրուսումը  երգերի զգալի մի հատված դուրս է եկել գործածությունից արդեն ուշ միջնադարում: Ներկայումս Մանրուսումը պահպանում է իր նշանակությունը որպես խազագրության ուսումնասիրման կարևորագույն աղբյուրներից մեկը: Ազգային հավաքածուներում պահվում են բազմաթիվ ընտիր գրչագիր Մանրուսում գրքեր, որտեղ զետեղված են նաև Մանրուսման ձայնեղանակների անվանացուցակները, որոնց վրա առաջինը ուշադրություն է դարձրել և հրապարակել Ղ. Ալիշանը: Մանրուսման խազերի և ձայնեղանակների հետազոտմամբ հատուկ զբաղվել է Կոմիտասը: Նա դասակարգել է դրանք ըստ ութձայնի և հաշվարկել ձայնեղանակների ընդհանուր քանակը, որը XII–XIV դդ. հասել է 152 չափանմուշ եղանակի:


                                                                      Արևշատյան Ա.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ալիշան Ղ., Շնորհալի եւ պարագայ իւր, Վնտ., 1873, էջ 448: 

Նույնի, Սիսուան, Վնտ., 1885, էջ 154: 

Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941, էջ 112–125: 

Թահմիզյան Ն., Ներսես Շնորհալին՝  երգահան և երաժիշտ, Ե., 1973, էջ 12–15: 

Նույնի, Երաժշտությունը Հայկական Կիլիկիայում, Ե., 1989, էջ 24–25: 

Աթայան Ռ., Հայկական խազային նոտագրություն, Ե., 1959, էջ 82–83,

89–92: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am