Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մանվել Կյումուշխանեցի

 ՄԱՆՎԵԼ (Ստեփանոս) ԿՅՈՒՄՈՒՇԽԱՆԵՑԻ, Գյումուշխանեցի, Շահինյան, Ալթունյան [1.1.1768, Գյումուշխանե –4.12.1843, Հին Ղրիմ (թաղված է հայոց Ս. Խաչ վանքի բակում)], մատենագիր, հասարակական գործիչ: Կրթությունն ստացել է Գյումուշխանեում, ապա՝ Կարինում: Աշակերտել է Ամասիայի առաջնորդ Հովհաննես արք. Սեբաստացուն, որի «սրբազնագործ աջովն» էլ 1796-ին ձեռնադրվել է աբեղա, ապա՝ վարդապետ: Հովհաննես արք. Սեբաստացու մահից (1797) հետո մեկնել է Կ.Պոլիս, որտեղ նրան սիրով ընդունել է պատրիարք Զաքարիա Կաղզվանցին: Վերջինիս մահից հետո ծառայության է անցել նորընտիր պատրիարք Դանիել Սուրմառեցու մոտ: Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցու մահից հետո կաթողիկոս է ընտրվել Դանիել Սուրմառեցին (Դանիել Ա Սուրմառեցի): Սակայն ռուսահայոց թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, ռուս. կառավարության օժանդակությամբ, հարկադրել է Բարձր դռանը չեղյալ հայտարարել Դանիել Սուրմառեցու կաթողիկոսությունը հավաստող ֆարմանը, վերջինս աքսորվել է Թենեդոս կղզի. կաթողիկոս է հաստատվել Հովսեփ Արղությանը: Մանվել  Կյումուշխանեցին ուղեկցել և ինն ամիս շարունակ աքսորում սպասավորել է Դանիել Ա Սուրմառեցուն: Հովսեփ Արղությանը Էջմիածին չհասած՝ հանկարծամահ է եղել: Կաթողիկոս է ընտրվել Դավիթ Ե Էնեգեթցին: 1802-ին Մանվել  Կյումուշխանեցին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ռուսահայոց թեմի առաջնորդն էր Եփրեմ արք. Ձորագեղցին: Լազարյանների աջակցությամբ և նրանց ջանքերով Ռուսաց ցարը և կառավարությունը հակվել են Դանիել Ա Սուրմառեցու կողմը: 1804-ին Եփրեմ արք. Ձորագեղցին Մանվել  Կյումուշխանեցուն կարգել է Գրիգորիուպոլիս հայաբնակ քաղաքի առաջնորդական հաջորդ: Դանիել Ա Սուրմառեցու մահից հետո կաթողիկոս է ընտրվել Եփրեմ Ա Ձորագեղցին: Նա Մանվել  Կյումուշխանեցու հետ ներկայացել է կայսրին, որը Մանվել  Կյումուշխանեցուն պարգևատրել է ադամանդազարդ խաչով: Վերադառնալով Գրիգորիուպոլիս՝ Մանվել  Կյումուշխանեցին բացել է ուսումնարան, կառուցել առաջնորդարան: Ռուսահայոց թեմի նորընտիր առաջնորդ Հովհ. արք. Գառնակերյանի հրամանով նշանակվել է Ղրիմի Ս. Խաչ վանքի վանահայր՝ գաղթական բուլղարացիների խլած վանքապատկան հողերը հետ վերցնելու հանձնարարականով: Տեղափոխվելով Ս. Խաչ վանք՝ նա բարեկարգել է վանքը, 15 տարի անդուլ պայքարից հետո հետ վերցրել խլված հողերը, Ղարասուբազար քաղաքում դպրոց բացել, 1819-ին իր ութ աշակերտներին ուղարկել Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում ուսանելու, միաժամանակ ճեմարանին նվիրաբերել 62 ընտիր ձեռագիր մատյան: 1827-ին Ներսես Աշտարակեցու հրավերով եկել է Էջմիածին, նշանակվել վանական կառավարության և բարձրագույն խորհրդարանի՝ Սինոդի անդամ, ձեռագրատան տնօրեն, կարգավորել ձեռագրատունը, կորըստից փրկել մշակութային  արժեքներ: Սակայն Ներսես Աշտարակեցու «պատվավոր» աքսորից հետո քաշվել է Խոր վիրապի, ապա՝ Սևանի վանքը, մտադրվել ընդմիշտ մնալ Սևանում, այնտեղ հայ առաջադեմ գործիչների հետ հաստատել գիտական միաբանություն, բայց չի կարողացել իրականացնել իր մտադրությունը: Սևանից մեկնել է Թիֆլիս, 1836-ին վերադարձել Գրիգորիուպոլիս և Ղրիմ:

Մանվել  Կյումուշխանեցին հեղինակ է պատմական [«Կշիռ որպիսածանոյց», 1803, «Պատմութիւն եղելութեանց ընդ մէջ կաթողիկոսացն Դանիէլի եւ Դաւթի» 1803 (հրտ. «Կռունկ Հայոց աշխարհին»,  1863, դ 10, 11, 12), «Պատմութիւն անցից անցելոց Սէւանայ վանուց», 1830, հրտ. 1871], կրոնաբարոյախոսական («Դպրութիւն մանկանց»,  1821, «Լուծ արմատոյն մերոյ», 1832, հրտ. 1841), դավանաբանական («Դեղաթափ ընդդեմ լիւթերականաց աղանդին»,  1836, «Նամակ Մխիթարեաններին», 1814), հուշագրական («Համառօտութիւն ծննդեան և դիպուածոց...», 1830–39, «Աղէտ գիտելեաց մերոց»,  1831) և այլ աշխատությունների, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են և հարուստ նյութեր են պարունակում XVIII դ. 2-րդ կեսի և XIX դ. 1-ին կեսի հայ եկեղեցական, քաղաքական, մշակութային  կյանքի վերաբերյալ:



                                                                                              Դիլոյան Վ.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Անձնական պատմութիւն Մանուէլ Կիւմուշխ անացի վարդապետի, Ալթունեանի կամ Շահինովի, «Դիվան Հայոց պատմութեան», գիրք 12, Թ., 1917:

Շահազիզ Ե., Շահինյան Մանվել ծայրագույն վարդապետ Գյումուշխանեցի, «Էջմիածին»,  1946, դ 6–7: 

Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը (1809–1836), Ե., 1967: 

Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Ե., 1962:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am