ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ, ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Բաղկացած է երկու հուշարձանախմբից՝ Մեծ և Փոքր (Վերին): Մարմաշենի վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին (ըստ հվ. պատի արձանագրության) 988–1029- ին կառուցել է Վահրամ Պահլավունին (980–1020-ին՝ Իշխանաց-իշխան, 1020–45-ին՝ Հայոց սպարապետ): Նա վանքին է նվիրել գյուղեր, այգիներ, Անիում՝ տներ, կրպակներ ևն: Եկեղեցին երկու զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է՝ արլ. կրճատված խաչաթևով: Ավագ խորանը հարակից երկու ավանդատներով մոտեցվել է գմբեթատակ տարածությանը, որի շնորհիվ գմբեթը շենքի արտաքին ծավալում գրավել է կենտրոնական դիրք: Ներսում, ինչպես Անիի Մայր տաճարում, Կաթողիկե եկեղեցում որմնամույթերը մշակված են սլացիկ սյունախրձերով, Ավագ խորանը՝ որմնախորշերով, իսկ ճակատներն արտաքուստ զարդարված են զույգ կիսասյունիկներով դեկորատիվ կամարաշարով և խոր լուսաստվեր ստեղծող «հայկական  խորշերով»: Գմբեթի 12 նիստանի թմբուկը, որը պսակված է հովանոցաձև վեղարով, զարդարված է կիսասյուների փնջերով, որոնք միմյանց են կապվում փոքրիկ ճակտոններով: Մարմաշենի վանքի Կաթողիկե եկեղեցին հայկական ճարտարապետության Անիի դպրոցի լավագույն կառույցներից է (ենթադրվում է, որ հեղինակը Տրդատ ճարտարապետն է): Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հս. է, գրեթե նրան կից և վերջինիս փոքրացված ընդօրինակությունն է թե՛ հորինվածքով և թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով (հավանաբար միաժամանակ են կառուցվել): Երրորդ եկեղեցին (XI դ.) Կաթողիկեից հվ. է: Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն կենտրոնագմբեթ կառույց է: Համալիրի հվ-արմ. կողմում 1954–56-ի պեղումներից բացվել է չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս ավանդատներով, քառախորան գմբեթավոր հորինվածքով (նման Խծկոնքի վանքի Ս. Սարգիս եկեղեցուն, XI դ.): Պահպանվել են գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը: Հուշարձանախմբի արլ. և հվ. կողմերում գերեզմանատունն է: Վանքն ունեցել է իր ջրմուղը (հատվածները հայտնաբերվել են գավթից արմ.): Փոքր կամ Վերին վանքը գտնվում է Մեծ վանքից հս., բլրի վրա:

Պահպանվել են խաչաձև գմբեթավոր եկեղեցու ավերակները, շուրջը՝ գերեզմանոցը, որտեղ թաղված է ճարտարապետ Շնավորիկը: Մարմաշենի վանքը եղել է Պահլավունիների տոհմական տապանատունը: 1045-ին Դվինի մոտ ճակատամարտում զոհված Վահրամ Պահլավունուն թաղել են Մարմաշենի վանքի Կաթողիկե եկեղեցու արմ. պատի հս. կողմում (հետագայում այն ներառվել է եկեղեցուն արմ-ից կից կառուցված քառասյուն գավթի մեջ, որից պահպանվել են պատերի ստորին մասերը): XIX դ. վերջին տապանաքարը փոխարինվել է նորով: XI դ. սելջուկ թուրքերի արշավանքներից Մարմաշենի վանքն ավերվել է, Կաթողիկե եկեղեցին վերածվել է բերդի, իսկ վանքի տարածքում գյուղ է հաստատվել:

1225-ին Զաքարյան իշխանները (ըստ Կաթողիկե եկեղեցու հս. պատի արձանագրության) Պահլավունիներին վերադարձրել են հայրենի կալվածքները, այդ թվում՝ Մարմաշենի վանք: Նրանց օժանդակությամբ Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբ իշխանը նորոգել են «անօրենների» ավերած Մարմաշենի վանքը, միավորել Մարմաշենի Մեծ և Փոքր (Վերին) վանքերը, վտարել վանքում բնակված գյուղացիներին, վերահաստատել միաբանությունը:

Նրանք վանքին նվիրել են «պայծառազգեստ» հանդերձանք, ոսկե և արծաթե խաչերՀին և Նոր կտակարանների ձեռագիր մատյաններ, ինչպես նաև Ազատ և Տիրաշեն գյուղերը:

1239-ին Անիի առաջնորդ Բարսեղ արքեպիսկոպոսը վերահաստատել է այդ նվիրատվությունները և որոշումը փորագրել Անիի Ս. Առաքելոց եկեղեցու պատին:

XIII դ. թաթար-մոնղոլների արշավանքներից Մարմաշենի վանքը  կրկին ավերվել է և լքվել:

XIX դ. 30-ական թթ. (1828–29-ի ռուս-թուրքական պատերազմից հետո), երբ Ախուրյան գետը դարձել է ռուս-թուրքական սահման, Կարսից գաղթած հայերի մի խումբ բնակություն է հաստատել Մարմաշենի վանքի շուրջը՝ Կաթողիկե եկեղեցին դարձնելով ծխական եկեղեցի: 1870-ին Մկրտիչ Ջալալյանը նորոգել է վանքը, կից հիմնել դպրոց: 1883-ի երկրաշարժից քանդվել է վանքի հս. եկեղեցին: 1900-ին վանքում նորոգման որոշ աշխատանքներ է կատարել Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) կաթողիկոսը: 1923- ից Կաթողիկե եկեղեցին դադարել է գործել, 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից վնասվել է (ճաքեր են գոյացել հվ. պատում՝ գետնախարսխից մինչև գմբեթի գագաթը):


                                                                               Հասրաթյան Մ.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Մխիթարյանց Ա., Տեղագրութիւն Մարմաշինոյ վանացն ի Շիրակ, Վաղ-պատ, 1870: 

Ալիշան Ղ., Շիրակ, Վնտ., 1881:

Եղիազարյան Հ., Մարմաշենի վանքը և նրա վիմագրությունները, «Էջմիածին», 1957, դ 5: 

Թամանյան Յու., Մարմաշենի վանքի վերանորոգումը,«Էջմիածին», 1971, դ 5:

Սաղումյան Ս., Մարմաշենի վանքը, Վաղ-պատ, 1998: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am