ՄԱՐՏԻՐՈՍ ՂՐԻՄԵՑԻ, Մարտիրոս Կաֆացի, Քեֆեցի Թաթար Մարտիրոս [մոտ 1620, ք. Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա, Ղրիմում) – 25.8.1683, Եգիպտոս], Կ. Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարք, մատենագիր, տաղասաց: Թաթար մականունն ստացել է Կաֆայում ծնվելու և բուռն բնավորության համար: Սովորել է Կաֆայի Ս. Նշան, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքերում: Աշակերտել է պատրիարք Աստվածատուր Տարոնեցուն: 1659–60-ին՝ Կ. Պոլսի պատրիարք, 1661-ին՝ Անատոլիայի նվիրակ, 1661–64-ին՝ Ղրիմի հայոց առաջնորդ, 1677–80-ին և 1681– 1683-ին՝ Երուսաղեմի պատրիարք: 1656-ին Մարտիրոս Ղրիմեցու և Եղիազար Ա Այնթապցու ջանքերով վերադարձվել են Երուսաղեմում մեկ տարի առաջ հույների սեփականացրած հայապատկան հաբեշական վիճակները: Երբ 1657-ին հույները Ս. Հակոբյանց վանքը ևս սեփականացնելու իրավունք են ստացել, Մարտիրոս Ղրիմեցին երկարատև պայքարից հետո կարողացել է վանքը հետ վերցնելու հրովարտակ ձեռք բերել: Նրա ջանքերով վերացվել են Կ. Պոլսի պատրիարքարանի պարտքերը: Մարտիրոս Ղրիմեցին կազմակերպել է Կ. Պոլսի 1660-ի հրդեհից հազարավոր աղետյալներին օգնելու գործը: Դրա համար Կ. Պոլսում Պատարագ մատուցելիս երկար ժամանակ մեծ երախտիքով հիշատակվել է նրա անունը:
Մարտիրոս Ղրիմեցին կարևոր դեր է կատարել Եղիազար Հակոբյան պայքարում (1664–86): Եղիազար Այնթապցին փորձել է ստեղծել Էջմիածնին հակաթոռ կաթողիկոսություն, որի դեմ դուրս է եկել Հակոբ Դ Ջուղայեցին: Ընդդիմադիր թևը ղեկավարել է Մարտիրոս Ղրիմեցի: Նրան հաջողվել է կանխել միասնական կաթողիկոսության տրոհումը: Մարտիրոս Ղրիմեցի անհաշտ ու հետևողական պայքար է մղել Հայ առաքելական եկեղեցու դավանանքից շեղումների, ազգային եկեղեցական կառույցը քանդելու տրամադրությունների դեմ: 1671-ին գումարված եկեղեց. ժողովում Մարտիրոս Ղրիմեցին հանդես է եկել ընդդեմ բողոքական վարդապետության, հալածել կաթոլիկացած հայերին և նրանց համակիրներին:
Մարտիրոս Ղրիմեցին թողել է մատենագրական հարուստ ժառանգություն՝ պատմական չափածո երկեր, կրոնաուսուցողական բնույթի գործեր, ժամանակի կրոնավորներին ուղղված երգիծ. ոտանավորներ, գանձեր, ներբողներ, չափածո աղոթքներ, կոնդակ, տաղեր: Նրա անունով պահպանվել են իր իսկ պատվիրած ձեռագրերի հիշատակարաններ, եկեղեցական և քաղաքական գործիչներին ուղղված բազմաթիվ նամակներ: Նրա գրչին են պատկանում «Կարգ և թիւ թագաւորաց Հայոց» չափածո ժամանակագրությունը, 1652-ի Երուսաղեմի եկեղեցական ժողովի չափածո պատմությունը, «Պատմութիւն Ղրիմայ յերկրին», «Ողբ Երեմիայ մարգարէին...» երկերը: Մարտիրոս Ղրիմեցին չափածոյի է վերածել Հայսմավուրք, «Յիշատակարան գրոց» խորագրի տակ՝ Հին և Նոր կտակարանները, մշակել վարդապետների համար օրհնության օրինակելի ձև՝ «Օրհնութիւն վասն ժողովրդոցի ժամ քարոզութեան վարդապետաց» ևն:
Մարտիրոսյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Պոտուրյան Մ., Մարտիրոս Ղրիմեցի և իր քերթվածները, Բուխարեստ, 1924:
Մարտիրոսյան Ա., Մարտիրոս Ղրիմեցի, Ե., 1958:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am