Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մարտիրոսի Ս. Աստվածածին վանք

 ՄԱՐՏԻՐՈՍԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղից հարավ-արևելք, Նզար լեռան մեջ փորված: Ըստ շինարական արձանագրության՝ Ամիր Հասան Պռոշյան իշխանի հրամանով XIII դ. վանքը կառուցել է Մատթեոս վարդապետը (ճարտ.՝ Գրիգորիկ): Գեղարդի վանքից հետո Հայաստանի երկրորդ վիմափոր վանական համալիրն է. բաղկացած է քառակուսի հատակագծով նախագավթից, նրանից արլ., երդիկից լուսավորվող ժամատնից, որի հվ. պատից մուտք կա դեպի խաչաձև, անկյուններում ավանդատներով կենտրոնագմբեթ եկեղեցին (լուսավորվում է գմբեթի փոքր երդիկից): 1292-ին Մարտիրոսի Ս. Աստվածածին վանքում Մատթեոս վարդապետն Ավետարան է ընդօրինակել և նկարազարդել, որը բավական արժեքավոր է իր բուսական ու կենդանակերպ բարձրարվեստ զարդանկարներով, խորաններով և, հատկապես, ավետարանիչների դիմանկարներով, որոնք աչքի են ընկնում դեմքի և շարժումների իրական ու կենդանի արտահայտությամբ՝ պատկերված իրենց գրիչ-աշակերտներին թելադրելու պահին:


                                                                                 Հասրաթյան Մ.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Հովսեփյան Գ., Խաղբակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմութեան մէջ, մաս 1, Վաղ-պատ, 1928: 

Դիվան հայ վիմագրության, պր. 3, Ե., 1967:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am