ՄԱՇԿԵՎՈՐԻ ՎԱՆՔ, Մաշկավոր, միջնադարյան կրոնական, գիտական և գրչության նշանավոր կենտրոն Կիլիկյան Հայաստանի Ճկեր գավառում, Սև լեռներում (Մարաշից ոչ հեռու): XII դ. սկզբին կառուցել է Թորոս Ա Ռուբինյան իշխանը: 1130-ին Մաշկևորի վանքում ավարտվել է մի Ճառընտիր, որի գրիչը նույնացվում է «Վայ ողբոց» նշանավոր ստեղծագործության հեղինակ Գրիգոր Մաշկևորի հետ (որոշ ուսումնասիրողներ այս անվան հետ են կապում վանքի անունը):

Մաշկևորի վանքի եկեղեցին նվիրվել է Աստվածածնին, Հովհաննես Կարապետին և առաքյալներին: XIV դ. վանքը եղել է եպիսկոպոսանիստ: Հիշատակարանները հավաստում են, որ Մաշկևորի վանքը եռուն կյանք է ապրել, և միաբանները մշտապես կարևորել են ուսումն ու գիտությունը:

Առաջնորդների (Դավիթ Հովհաննես, Թորոս, Հայրապետ, Գրիգոր, Պողոս և այլք) մեծ մասն արժանացել է եպիսկոպոսական աստիճանի: Վանքի երևելի միաբաններից էր Բարսեղ վրդ. Մաշկևորցին: Նա Մաշկևորի վանքի Հայրապետ առաջնորդի օրոք կատարել է Մարկոսի Ավետարանի մեկնությունը (1325), որի միայն երկրորդ մասն է մեզ հասել: Բարսեղ Մաշկևորցու մեկնությունը լավագույններից է, ունի արժեքավոր հիշատակարան: XII դ. վերջի անվանի գրիչ և ծաղկող Վարդանից մեզ է հասել լուսանցազարդերով ու զարդագրերով զարդարված մի Ավետարան (1187) և մի Ճաշոց (1192): XIII դարից հայտնի են հինգ ձեռագիր (գրված 1259, 1265, 1268, 1274 և 1298-ին), իսկ XIV դարից՝  երեք (գրված 1301, 1302 և 1335-ին):

Մաշկևորի վանքում են գործել ականավոր գրիչներ Դավիթ վանահայրը (XII դ.), Կիրակոսը, Առաքել Հնազանդենցը (կազմարար), Բարսեղ արքեպիսկոպոսը (երեքն էլ՝  XIII դ.), Հովհաննեսը, Ներսես Քահանան (XIV դ.) և այլք: Վանքում ստեղծված և մեզ հասած ձեռագրերը պահվում են Երևանի, Վենետիկի, Նոր Ջուղայի մատենադարաններում:


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: 

Ոսկյան Հ., Կիլիկիայի վանքերը, Վնն., 1957:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am