«ՄԱՇՏՈՑ»,   1266-ի մագաղաթե պատկերազարդ ձեռագիր: Սսում ընդօրինակել է գրիչ Ավետիք քահանան, Հռոմկլայում ծաղկել է Թորոս Ռոսլինը: Պատվիրատուն է Վարդան եպիսկոպոսը: Պահվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանում (ձեռ. դ 2027): Ձևավորված խորաններից, լուսանցազարդերից, գլխատառերից ու գլխազարդերից բացի, ձեռագիրն ունի նաև ողջ էջը գրավող տերունական պատկերներ, որոնց շարքն սկսվում է նույն էջի վրա իրար կից ներկայացված Հովնանի մարգարեության դրվագներով: Սաղմոսագրքի թեմաներով պատկերները մեզ հայտնի առաջին հայկական մանրանկարներն են, իսկ «Հովհաննես ավետարանիչի թաղումը» և «Կարմիր ծովի անցումը» հայ արվեստում ներկայացված են առաջին անգամ: «Մաշտոց»-ի մանրանկարների պատկերագրության առանձնահատկությունները մատնանշում են ծաղկողի կողմնորոշումը դեպի XI դ. բյուզանդական գրքարվեստը և վաղ միջնադարյան արվեստը: Ձեռագրի որոշ մանրանկարներում երևան են եկել քրիստոնեական արվեստի նույնանուն երկերում գրեթե չհանդիպող հատկանիշներ, օր., «Կարմիր ծովի անցումը» հորինվածքում՝  երկնքից իջնող սրազեն հրեշտակի պատկերը: Նրբությամբ ու բծախնդրությամբ են նկարված կերպարների դեմքերը և այլ մանրամասներ «Երեք մանուկները կրակե հնոցում» մանրանկարում:

«Մաշտոց»-ի ձևավորման մեջ Թորոս Ռոսլինի պատկերագրական նորամուծությունները և կատարողական բարձր վարպետությունը թույլ են տալիս մատյանը դասել միջնադարյան գրքարվեստի լավագույն նմուշների շարքը:


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am