Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մաշտոց Ա Եղիվարդեցի

 ՄԱՇՏՈՑ Ա ԵՂԻՎԱՐԴԵՑԻ, Եղիվարդցի, Սեվանցի [ավազանի անունը՝ Ստեփանոս, 833, գ. Սոթք (Սոթք գավառ) – 898, ամփոփված է Գառնիի տաճարի մոտ գտնվող մատուռում], Ամենայն հայոց կաթողիկոս 897-ից: Հաջորդել է Գևորգ Բ Գառնեցուն: Առաջին ուսուցիչը եղել է հայրը՝ Եղվարդ գյուղի քահանա Գրիգորը, ապա ուսանել է Թեոդորոս կրոնավորի, այնուհետև՝ Գեղարքունիքի Մաքենյաց վանքում Ստեփանոս վարդապետի մոտ՝ հմտանալով Սուրբ Գրոց մեկնության մեջ:  Սյունյաց Դավիթ եպիսկոպոսը նրան ձեռնադրել է քահանա և օծել Մաշտոց անունով: Այնուհետև, որպես ճգնավոր, անապատական կյանք է վարել Արտավազդիկ (Ծաղկաձորի մոտ, Աբասաձորում), 860-ին՝ Սևանի մենաստաններում: Մաշտոց վարդապետի ջանքերով, Սյունյաց Գաբուռն Վասակի կնոջ՝ Մարիամ Բագրատունու միջոցներով Սևանա կղզում 871-ին կառուցվել են Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները: Հիմնադրել է Ս. Առաքելոց վանքի միաբանությունը: Հայաստանի տարբեր վայրերից այդտեղ են հավաքվել հոգևորականներ, որոնք ճգնել են՝ ըստ Բարսեղ Կեսարացու կազմած կանոնների: Հայոց իշխան, հետագայում՝ Հայոց թագավոր Աշոտ Ա (855–890), ի նշան հարգանքի, Մաշտոց վարդապետին է նվիրել Վասիլ թագավորի ամենակարող Սուրբ խաչը, ինչպես նաև վանքապատկան տիրույթներ՝ 7 գյուղ Գառնիում և այգի՝ Երևանում: Մաշտոց վարդապետը Սևանավանքում հիմնել է վարժարան, որը եղել է Մաքենյաց դպրոցի և Սյունյաց վարդապետարանի շարունակությունը: Վարժարանում հոգևոր առարկաներից բացի դասավանդվել են նաև քերականություն, ճարտասանություն և փիլիսոփայություն: Սևանի վարդապետարանը բացի քահանայական ուսուցումից ունեցել է նաև վարդապետական աստիճան շնորհելու իրավունք:

Մաշտոցի աշակերտներից է եղել նրա վարքագիրը՝ Ստեփանոս գրիչը, որի թողած վարք հիշատակարանը կարևոր սկզբնաղբյուր է նաև վանքի պատմության ուսումնասիրման համար:

Աշակերտների մեջ առանձնացել են Հովհաննես Դրասխանակերտցին (Հայոց կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցի)՝ նրա աջակիցն ու համախոհը, Ստեփանոս վրդ. Սևանցին (Հայոց կաթողիկոս Ստեփանոս Գ Սևանցի): Մեզ է հասել Մաշտոց  Ա Եղիվարդեցու գրած երկու թուղթ. մեկը՝ ուղղված սպարապետ Աբասին, մյուսը՝ 893-ի երկրաշարժի արհավիրքից տուժածներին:

Մաշտոց  Ա Եղիվարդեցին կարգավորել և խմբագրել է նախորդ հայրապետների (Գրիգոր Ա Լուսավորչից սկսած) կողմից տարբեր ժամանակներում ծիսական համակարգ ներմուծված կանոնները՝ ամփոփելով մեկ ժողովածուի մեջ, որը նրա անունով կոչվում է Մաշտոց:

Կաթողիկոսական գահին Մաշտոց  Ա Եղիվարդեցուն հաջորդել է Հովհաննես Ե Դրասխանակերտցին:

                                                            Ղազարոսյան Ա.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ Ե–ԺԲ դդ., աշխատասիր. Ա. Մաթևոսյանի, Ե., 1988:

 Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, Ե., 1996: 

Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986: 

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:

 Ղազարոսյան Ա., Մաշտոց Եղվարդեցի կաթողիկոս, «Էջմիածին», 1991, N 1–3:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am