«ՄԱՍԻՍ», հասարակական, քաղաքական, կրոնական, գրական օրաթերթ, ապա շաբաթաթերթ (1884-ից): Լույս է տեսել 1852–1908-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Կ. Ություճյան, Տ.Արփիարյան, Գ. Զոհրապ, Հ. Ասատուր, Ա. Արփիարյան, Մ. Շամտանճյան, Սիպիլ և ուր.: «Մասիս-ը Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի պաշտոնաթերթի՝ «Հայաստանի» շարունակությունն է, բայց երբևէ չի ընդունել իր՝ պատրիարքարանի պաշտոնաթերթ լինելը: Խմբագիր Կ. Ություճյանը թերթին տվել է անկախ ուղղություն, սակայն գրեթե բոլոր հիմն. հարցերում արտահայտել է պատրիարքարանի տեսակետները, մշտապես տպագրել նրա պաշտոնական հայտարարությունները, ազդերը: Թերևս սրանով է բացատրվում, որ Կ. Ություճյանի խմբագիր լինելու տարիներին (1852–84), «Մասիս»-ը միանշանակ վերաբերմունք չի ունեցել կղերի, արևմտահայ հանրության մեջ նրանց տեղի ու դերի նկատմամբ: Պաշտպանել է Մայր աթոռի անվանական առաջնությունը Հայ առաքելական եկեղեցու պատրիարքությունների և նվիրապետական այլ աթոռների հանդեպ՝ չթաքցնելով, սակայն, որ կողմնակից է Կ. Պոլսի հայոց պատրիարքության լիակատար անկախության գաղափարին: Թերթն ի սկզբանե սատարել է (1850–60) արևմտահայերի սահմանադրությունը (տես Ազգային սահմանադրություն): Այդ առումով ավելի վճռական է դարձել Խրիմյան Հայրիկի (տես Մկրտիչ Ա Վանեցի) պատրիարքության տարիներին: Նպատակային նյութեր է տպագրել հօգուտ գավառահայության ազգ. և կրոնական իրավունքների (ի դեմս Ազգային սահմանադրության վերանայման) և գավառի առաջնորդների իրավասությունների ընդլայնման: Գավառահայության հարստահարումների թեման արծարծելիս՝ «Մասիս»-ը 1870-ական թթ.կարևորել է հայ լուսամիտ և առաքինի կղերի գործունեությունը, հայրենասիրությունը և սկզբունքայնությունը: Նրա էջերում քննադատվել են Հայ եկեղեցու ավանդներից շեղված, անձն. նպատակներ հետապնդող անձինք: Այս մոտեցումն առանձնապես ընդգծվել է Ն. Վարժապետյանի պատրիարքության տարիներին, երբ «Մասիս»-ը հայ կղերի, մանավանդ գավառի առաջնորդների առջև դրել է ժողովրդի տնտեսական և հոգևոր կացության բարելավմանը հետամուտ խնդիրներ: Հայ հարանվանությունների հանդեպ «Մասիս»-ն ունեցել է հիմնականում զուսպ դիրքորոշում, սակայն շարունակաբար պայքարել է օտար քարոզիչների ազգավեր գործունեության դեմ: Հակադրվել է կաթոլիցիզմի և բողոքականության՝ այս ուղղությամբ գործադրած ջանքերին և Հայ եկեղեցուց ակնկալել դրա դեմն առնող միջոցներ: Պաշտպանել է տարբեր դավանության պատկանող հայերի ազգ. միասնության գաղափարը: Հայ կաթոլիկների առաջնորդ Անտոն Հասունյանի՝ Վատիկանի սադրանքներով հայերին դավանափոխ անելու գործելակերպի պատճառով սկիզբ առած հասունյան-հակահասունյան բախումների ժամանակ անվերապահորեն ջատագովել է առաջադեմ հակահասունյաններին: «Մասիս»-ը ժողովրդավարության դիրքերից քննադատել է պատրիարք Խ. Աշըգյանին, այլ հոգևորականների և գավառական մի շարք առաջնորդների՝ Հայ եկեղեցու առանձնաշնորհումները օսմանյան Թուրքիայում պաշտպանելու, հոգևոր դասին ազգանվեր գործունեության մղելու նպատակով: «Մասիս»-ը լուսաբանել է նաև արևմտահայ գրական կյանքը, տպագրել գրաքննական հոդվածներ, հայ և եվրոպական գրողների ստեղծագործություններ: Թերթին աշխատակցել են Հ. Պարոնյանը, Ե. Օտյանը, Մ. Աճեմյանը, Ե. Տեմիրճիպաշյանը և ուրիշներ:
Խառատյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am