ՄԱՍԻՍ, Արարատ, լեռնազանգված Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Արարատյան դաշտավայրի հարավում: Կազմված է երկու կոնաձև գագաթներից, Հովհաննես Այվազովսկի- Նոյն իջնում է Արարատիցորոնցից մեծը (մշտաձյուն գագաթովը) կոչվում է Մեծ Մասիս, իսկ փոքրը՝ Փոքր Մասիս կամ Սիս: Մեծ Մասիսի բարձր. 5165 մ է (Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը): Մասիսն  այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ Ջրհեղեղի ժամանակ: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյն ու իր կինը, նրանց որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը՝ իրենց կանանց հետ: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունը արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7, 8): Ջրհեղեղից հետո Նոյը Մասիսի վրա զոհասեղան է պատրաստել և զոհ մատուցել Աստծուն. Աստված Նոյի հետ ուխտ է կնքել, որ այլևս երկիրը չի կործանի ջրհեղեղով. ի հաստատումն իր՝ աստվածային հավիտենական ուխտի, Աստված առաջին անգամ ամպերի մեջ կապել է ծիածանը (Ծննդ. 9.12–17): Այսպիսով, Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմությունը: Աստվածաշնչում Մասիսը հիշատակվում է Արարատ անվամբ: Արարատի երկիր և Արարատյան թագավորություններ անվամբ է հիշատակվում նաև Հայաստանը «...Ադրամելեքն ու Սարասարը նրան [Սենեքերիմ արքային] սրով հարվածեցին և Արարատի երկիրը փախան» (Դ Թագ. 19.37), «...Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և ասքանազյան գնդին...» (Երեմիա 51.27, տես նաև Եսայի 37.38): Տես նաև Թորգոմա տուն:

Մասիսի հետ են կապված բազմաթիվ ավանդություններ՝ նրա ստորոտում ապրողՄարտիրոս Սարյան - Արարատը գարնանը վիշապների, նրա լանջերին անդնդասույզ եղած Հայոց Արտավազդ արքայի մասին: Հայոց հին վիպասանական երգերում Մասիսն անվանվում է «ազատն» հավանաբար պահպանելով հինավուրց իրողության՝ Ջրհեղեղից զերծ, ազատ մնալու կամ Նոյի՝ Մասիսով ազատվելու հիշողությունը: Պատմիչները (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի) վկայում են, որ Հայոց Տրդատ Գ Մեծ ապաշխարյալ թագավորը Հռիփսիմյանց կույսերի վկայարանի համար սուրբ Մասիսից մեծամեծ քարեր է շալակած բերել: Իսկ Հակոբ Մծբնացին Նոյյան տապանը տեսնելու և նրանից մի փայտե մասունք բերելու նպատակով փորձել է բարձրանալ Մասիսի գագաթը: Աստծո հրեշտակը նրան տապանից մի խաչաձև փայտ է ուղարկել, երբ նա հոգնած ննջելիս է եղել Մարտիրոս Սարյան - ԱրարատՄասիսի լանջին: Նույն տեղում բխել է աղբյուր, որը կոչվել է Հակոբա աղբյուր: Մասիսի հս-արլ. լանջի Ակոռի գյուղում IV դ. հիմնվել է Ակոռիի Ս. Հակոբ վանքը, որը Ակոռի գյուղի հետ կործանվել է 1840-ի երկրաշարժի ժամանակ: Դարերի ընթացքում բազմաթիվ հավատացյալներ, ուխտագնացներ և գիտական արշավախմբեր փորձել են Մասիսի գագաթին հայտնաբերել Նոյյան տապանը: Մասիսի և Նոյյան տապանի հանդեպ մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում արդի ժամանակաշրջանում ևս:

Մասիսն երկնադետ ու սուրբ վկան է մնում աստվածաշնչյան խորհրդավոր իրողությունների:

Ըստ եկեղեցական ավանդության՝ Մասիսի վրա թևածում են Նոյյան տապանի պահապան հրեշտակները: Մասիսը  հայ ժողովրդի, Հայոց պետականության, Արմ. Հայաստանի կորսված տարածքների («գերյալ Արարատ») սրբազան խորհրդանիշն է: Պատկերված է XX դ. վերստեղծված հայկական պետության՝ Հայաստանի Հանրապետության երեք զինանշաններում (առաջին և նրանից վերցված երրորդ հանրապետության զինանշաններում՝ Նոյյան տապանով):

                                                                              Սարգսյան Լ.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am