Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցի

 ՄԱՍՏԱՐԱՅԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի կենտրոնում: Վաղ միջնադարյան Հայաստանի ինքնատիպ և ամենակատարյալ եկեղեցական կառույցներից է: Ունի քառախորան, գմբեթավոր քառակուսի տիպի հորինվածք: Ըստ հվ. և արմ. ճակատների շին. արձանագրությունների՝ VII դ. կառուցել է Գրիգորաս վանականը, Դվինի 645-ի եկեղեցական ժողովի մասնակից Գնունյաց Թեոդորոս եպիսկոպոսի օրոք: Սակայն, նկատի ունենալով եկեղեցու ճարտարապետական խիստ հնավանդ ձևերը, կա տեսակետ (Ա. Երեմյան), որ եկեղեցին կառուցվել է V դ., իսկ VII դ. վերակառուցվել է:

891-ին Արտավազդ քահանայի որդի Սարգիսը նորոգել է հվ. շքամուտքը: Ուշ միջնադարում եկեղեցին շրջապատվել է բարձր պարսպով և վերածվել բերդի: Եկեղեցին տրոմպների եռաստիճան համակարգով ծածկված է հսկա գմբեթով, որի թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով: Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ: Ավագ խորանի երկու կողմերում կան ավանդատներ: Եկեղեցին ունի հնամենի հարդարանք. ավանդատների մուտքերի բարավորներին քանդակված են շրջանի մեջ ներգծված հավասարաթև խաչեր, քերովբեներ, արմ. ճակատին՝ զույգ թռչուններով խաչ, կամարակապ պսակի վրա՝ աղավնիներ ևն: Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին աչքի է ընկնում ներսի տարածության միասնությամբ և ընդարձակությամբ, ծավալների ներդաշնակությամբ, ողջ կերպարի կոթողայնությամբ և վեհությամբ: 1899-ին քանդել են եկեղեցու պարիսպները, նորոգել եկեղեցին, ներսում՝ արմ. կողմում, կառուցել փայտե պատշգամբ: Մաստարայատիպ են Ոսկեպարի Ս. Աստվածածինը (VII դ.), Արթիկի Մեծ եկեղեցին (VII դ.), Հառիճավանքի Ս. Գրիգորը (VII դ.), Կարսի Ս. Առաքելոց եկեղեցին (X դ.):

                                                                           Հասրաթյան Մ.  

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890: 

Մանուչարյան Ա., Քննություն Հայաստանի IV–XI դարերի շինարարական վկայագրերի, Ե., 1977: 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am