ՄԱՍՈՒՆՔ , սրբոց, սրբություններ, մահացած կամ մարտիրոսության պսակն ընդունած սրբի նյութական-մարմնավոր մնացորդներ, ինչպես նաև սրբի անձի հետ կապված առարկաներ և իրեր: Այսպիսի օրինակներ կան Հին կտակարանում (տես Դ Թագ. 2.13–14): Քրիստոնյա մարտիրոսների կամ սրբերի աճյունների հիշատակությունը պաշտամունքի աստիճան բարձրացնելը սկսվել է քրիստոնեության շատ վաղ շրջանից: Պատմական առաջին հիշատակությունն առկա է թերևս «Մարտիրոսութիւնք Պողիկարպոսի» (II դ.) երկում, որտեղ սրբի մասունքները գնահատվում են «ավելի թանկագին, քան ամենաթանկագին քարը, և ավելի ցանկալի, քան ամենաազնիվ ոսկին» (գլ. ԺԸ):

Քրիստոնեության հալածանքներին հաջորդող շրջանում սրբերի մասունքների պաշտամունքը շատ շուտ տարածվել է թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում: Հռոմեական եկեղեցում այն սկսվել է IV դարից և առնչվում է ստորերկրյա շիրիմների՝  կատակոմբների հետ (երբ Պատարագի արարողությամբ մեծարվել են արդեն սրբացած գերեզմանները): Նախապես սրբի մասունքները  շարժական տուփերի կամ աջերի մեջ ամփոփելու սովորություն չի եղել. դրանք ամփոփվել են վաղօրոք պատրաստված գերեզմաններում (երբեմն նույն սրբի անունով բազմաթիվ գերեզմաններ են հանդիպում աշխարհագրական տարբեր վայրերում): Հայ եկեղեցում սրբերի մասունքները պահելը հավանաբար սկսվել է IV դարից. այդ են վկայում հայոց հին գրականության մեջ առկա որոշ փաստեր: Ագաթանգեղոսը նկարագրում է, որ Գրիգոր Ա Լուսավորիչը, Կեսարիայում ձեռնադրվելով, Հայաստան վերադարձին իր հետ բերել է նաև Հովհաննես Մկրտչի և ս. Աթանագինեի մասունքները և թաղել Իննակընյան կոչվող վայրում, որը հեթանոսական պաշտամունքի կենտրոն էր, և այդ մասունքների վրա էլ կառուցել եկեղեցի: Ղազար Փարպեցին պատմում է, որ Վարդանանց շարժման ժամանակ, երբ հայոց նախարարները Պարսկաստանից վերադարձել են Հայաստան, նրանց դիմավորել են ս. մասունքներով.«Եվ նրանց ընդառաջ ելնելով, Քրիստոսի պաշտոնյաների դասն իր հետ բերել էր կենսատու խաչի նշանը և առաքելանման նահատակ սուրբ Գրիգորի նշխարները...» («Հայոց պատմություն», 1982, էջ 129): Ավելի ուշ, ինչպես մյուս եկեղեցիները, Հայ եկեղեցին ևս որդեգրել է մասնատուփի սկզբունքը, որի նախնական ձևերը մարմնի մեկ մասի նմանողությամբ պատրաստված մասնատուփերն են: Դրանք կարող էին լինել աջի, ճաճանչի, պարզ տուփի և այլ ձևերով: Շատ հաճախ ի հայտ են գալիս նաև սրբի մեկից ավելի աջեր կամ մարմնի այլ մասնատուփեր: Դա բացատրվում է նրանով, որ մասնատուփի մեջ ամփոփված է սրբի մասունքի աջի կամ մարմնի ոչ թե լրիվ, այլ նրա մի փոքր մասը:

Մասնատուփերի կամ մասանց պահարանների ընդունված ձևերից են ծալովի դռնակներով ուղղանկյունաձև պահարանները, որոնք պատրաստվում են փայտից, պատվում սյուժետային և դեկորատիվ պատկերներով դրվագված թանկարժեք մետաղե թիթեղներով, զարդարվում քարերով: Մասանց պահարանների առանձին խումբ են կազմում աջի նմանությամբ պատրաստվածները, որոնց ներսում զետեղվում են սրբի մասունքները: Այդպիսի մասանց պահարանները բնորոշ են Հայ եկեղեցուն: Մասանց պահարանների առանձին խումբ են կազմում խաչերը, որոնք շքեղ հարդարված և ագուցված են գունավոր քարերով: Նրանց կենտրոնում, երբեմն նաև թևերին, զետեղում են սուրբ մասունք: Իր ձևի մեջ եզակի է ս. Հովհաննես Կարապետի մասունքով պահարանը: Այն իր մեջ համակցում է մասանց պահարանների բոլոր տեսակները՝  ծալովի պահարանը, աջը, խաչը:

Հայ եկեղեցու սրբազնագույն մասունքներից են՝  արծաթե և փայտե մասանց պահարանը՝  Նոյյան տապանի մասունքով, նույնպիսի մի պահարան՝  Յոթը խոտաճարակների և Հիսուս Քրիստոսի ս. Խաչափայտի մասունքներով, Լուսավորչի Աջը, Գեղարդը (որով խոցել են խաչյալ Հիսուսին), Թադեոս առաքյալի Աջը, Բարդուղիմեոս առաքյալի և Խոտակերաց Ս. Նշանի մասանց պահարանները (պահվում են Մայր աթոռ Ս. Էջմիածնի թանգարաններում) ևն:

                                                                      Սարգսյան  ավ. քհն.  Ե.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am