«ՄԱՍՅԱՑ ԱՂԱՎՆԻ», ամսագիր: Լույս է տեսել 1855–60-ին, Փարիզում (հայերեն և ֆրանսերեն), 1860–65-ին՝ Թեոդոսիայում (հայերեն և ռուսերեն): Խմբագիր՝ Գ. Այվազովսկի«Մասյաց աղավնի»-ի գաղափարական ուղղվածությունը պայմանավորված է եղել նրա խմբագրի դիրքորոշումով: Մինչև 1856-ը Գ. Այվազովսկին, լինելով Մխիթարյան միաբանության անդամ, հետևել է մխիթարյան ուղեգծին՝ ձգտելով հիմնականում շրջանցել Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների դավանական հակասությունները կամ զուսպ դիրք գրավել դրանց հանդեպ: 1855-ի համարներում հետամուտ է եղել այն տեսակետին, որ ազգային  միաբանության հարցում կրոնը և դավանանքը առաջնային չեն, էականը հասարակական, քաղաքացիական միաբանությունն է: Նախապատվությունը տալով կաթոլիկ. դավանանքին՝  «Մասյաց աղավնի»-ն երբեմն կասկածի տակ է առել Հայ եկեղեցու ուղղափառությունը, երբեմն էլ փորձել է համահարթեցնել Կաթոլիկ և Հայ եկեղեցիների տարբերությունները՝ շեշտը դնելով քրիստոնեական  դավանանքի ընդհանրությունների վրա: Գ. Այվազովսկու Մայր եկեղեցի վերադառնալուց (1856) հետո «Մասյաց աղավնի»-ն կտրուկ փոխել է իր դիրքորոշումը. քննադատել է մխիթ արյաններին, նրանց մեղադրել մոլեռանդության, ազգից հեռանալու մեջ, ազգապահպանման ամենահզոր լծակ համարել ազգային դավանանքը:

Օրինակ բերելով լեհահայերին՝ նրանց ձուլվելու պատճառը համարել է՝«Իրենց հայրենի դավանանքեն ետ կենալու ու կաթոլիկ ըլլալու մեջ» (1857, դ 1, էջ 3):«Մասյաց աղավնի» տպագրել է կաթոլիկ Մ. Չամչյանի  «Եկեղեցի հայոց թուղթ Վահանայ Արշարունւոյ» հոդվածը, որտեղ հեղինակը հերքել է Հայ եկեղեցու՝ հերձվածող լինելու մտայնությունը և պարսավել գոլեճցի կրոնամոլներին: 1857–58-ին ամսագիրը հրապարակել է Հայ եկեղեցու կանոնադրությունը՝ «Սահմանք տեսչութեան Հայաստանեայց եկեղեցւոյ ի Ռուսիա»:

«Մասյաց աղավնի»-ն կաթոլիկության քննադատությանը զուգակցել է բողոքականության հանդեպ իր անհաշտ կեցվածքը, անդրադարձել օսմանյան Թուրքիայում ազգի կրոնական միասնությունը խարխլող բողոքականության գործունեությանը: Հայ հասարակական կյանքում ազատամտության դեմ մղած իր պայքարը Գ. Այվազովսկին ներկայացրել է իբրև պայքար բողոքականության դեմ:

«Մասյաց աղավնի»-ն  հետաքրքրական տեղեկություններ է հաղորդել Հայ եկեղեցու տոների, ավանդությունն երի մասին, տպագրել հայոց վանքերի, եկեղեցիների պատմությանը նվիրված հոդվածներ: Ուշագրավ են «Կրոնը արվեստում» թեմայով նրա հրապարակած նյութերը, մասնավորապես՝ եվրոպական կերպարվեստում ավետարանական  սյուժեի մարմնավորմանը նվիրված էջերը՝ համապատասխան պատկերագրություններով հանդերձ: Քրիստոնեական  վարդապետության և ազգային եկեղեցու դավանանքի քարոզչությամբ «Մասյաց աղավնի»-ն  իր ուրույն տեղն ունի հայ կրոնական հրատարակությունների շարքում:

                                                                            Խառատյան Ա.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am