ՄԱՏԱՂ, Հայ եկեղեցու ծիսական առանձնահատկություններից: Գրիգոր Տաթևացին տալիս է «մատո աղ»-ի ստուգաբանությունը (մատուցիր աղը): Մատաղը Աստծուն ընծայաբերվող նվերն է: Մատուցվում է կենդանիներից ամենաընտիրը՝ արջառ, ոչխար, սուրբ թռչուն (հավ, աղավնի): Այսօր ընդունված է մատուցել միայն արու կենդանիներ, մինչ հնում մատուցվել է թե՛ արու և թե՛ էգ: Մատաղի մսի պատրաստման եղանակը այսօր միայն օրհնված աղով և ջրով խաշելն է, մինչ հնում այն ողջակեզ են արել:

Ըստ ավանդության, եթե մատաղ կատարվում է վանքի կամ եկեղեցու բակում, ապա մորթին և աջ թևը պետք է տրվի հոգևորականներին: Եթե մատուցվում է արջառ, նախ պետք է 40 տուն բաժանել, ապա նոր սեղան նստել, եթե ոչխար՝ 7, եթե աքլոր՝ 3: Աղավնին չեն զոհում, այլ բաց են թողնում: Մատաղի միսը չի կարելի հաջորդ օրը պահել:

Մատաղի միսը պետք է եփվի օրհնված աղով, կամ անասունին մորթելուց առաջ պետք է աղ տալ: Աղի օրհնությունը կատարվում է մատաղի միսը կուռքերին մատուցած զոհերից տարբերակելու համար: Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ աղը խորհրդանշում է առաքյալներին («Դուք եք երկրի աղը»,  Մատթ. 5.13), անբան կենդանիները՝ հեթանոսներին: Եվ ինչպես որ առաքյալների խոսքերը սրբում են մեզ, այնպես էլ աղը սրբում է անասունին՝ իր սկզբնական անիծվածությունից:

Մատաղի սովորությունը գոյություն է ունեցել դեռևս IV դ.: Նույն դարի ասորի պատմագիր Զենոբ Գլակը վկայում է, որ հոների դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ թագավորը, Գրիգոր Լուսավորիչը և հայ ավագանին բազմաթիվ արջառներ, նոխազներ ու գառներ են զոհ մատուցել ի գոհություն Աստծո և բաժանել աղքատներին: Օտարները Հայ եկեղեցուն մեղադրել են մատաղի համար՝ համարելով այն հրեական սովորություն կամ հեթանոսական զոհ: Անկախ այն հանգամանքից, որ Քրիստոսն ինքը չմերժեց զատկական գառի հրեական սովորությունը, հայկական մատաղ  չի նույնանում ո՛չ հրեական, ո՛չ էլ հեթանոսական զոհաբերման հետ: Այն ավելի առնչվում է առաքյալների հաստատած ագապե ճաշի հետ: Հայ եկեղեցում մատաղ կատարվում է հիմնականում երեք նպատակով. ա. փրկության հույսի և մեղքերի թողության համար, բ. ննջեցյալների հոգու հանգստության համար, գ. Աստծո տված շնորհների դիմաց երախտագիտություն հայտնելու համար: Սովորաբար մատաղ  կատարվում է Տերունական և այլ կարևոր տոներին, ս. Սեղան կամ ս. Խաչ հաստատելու առիթով ևն: Հնում հանձնարարվել է կատարել այն բոլոր օրերին, երբ ս. Պատարագ է մատուցվել: XII դ. հայ աստվածաբան-փիլիսոփա Պողոս Տարոնացին ասում է, որ Քրիստոսի մարմինը և արյունը ճաշակելուց հետո պետք չէ անսուրբ կերակուրի մոտենալ, այլ նախ պետք է օրհնված և աղահար միս ուտել, ապա որևէ այլ ինչ: Ըստ Գրիգոր Տաթևացու, Քրիստոսի ճշմարիտ պատարագի ստվերն է և օրինակը: Հայկական  մատաղը, տարբերվ ելով հանդերձ, որոշ ընդհանրություն ունի նաև հինկտակարանային Ուխտի հետ:

                                                                   Պետրոսյան եպս. Ե. 

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Գրիգոր Տաթեվացի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729, էջ 657–658: 

Պողոս Տարոնաց ի, Թուղթ ընդդէմ Թէոփիստեայ հոռոմ փիլիսոփային, ԿՊ, 1752, էջ 278–282: 

Ստեփանոս Օրբելյան, Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց, ԿՊ, 1756, էջ 131–148: 

Մխիթար Գոշ, Թուղթ առ Վիրս, «Արարատ» 1901, էջ 61: 

Հովհան Մա միկոնյ ան, Պատմութիւն Տարօնոյ, աշխատասիր. Ա. Աբրահամյանի, Ե., 1941, էջ 141: 

Կանոնագիրք Հայոց, աշխատասիր. Վ. Հակոբյանի, հ. 1, Ե., 1964, էջ 397–399, 400–402, հ. 2, Ե., 1971, էջ 14, 154:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am