ՄԱՏԹԵՈՍ Ա ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ, Չուհաճյան, Չուխաճյան (1802, Կ. Պոլիս – 22.8.1865, Վաղարշապատ, ամփոփված է Էջմիածնի Ս. Գայանե վանքի գավթում), Ամենայն հայոց կաթողիկոս 1858-ից, օծվել է 1859-ի օգոստոսի 15-ին: Հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցուն: Եղել էիր ժամանակի ամենապատրաստված, խոր և բազմակողմանի աստվածաբանական գիտելիքների տեր հոգևորականներից: Ստեփանոս Աղավնի պատրիարքի հանձնարարությամբ համագործակցել է Գր. Փեշտիմալճյանի հետ և հրատարակել Հայսմավուրք մեծածավալ ու մեծարժեք ժողովածուն (1834): Օծվել է վարդապետ (1826), եպիսկոպոս (1838), եղել Բուրսայի (1835–41), Զմյուռնիայի (1841–44) և Նիկոմեդիայի (1853–54) թեմերի առաջնորդ, Կ.Պոլսի հայոց պատրիարք (1844–48): Պատրիարք ընտրվելուց մեկ շաբաթ անց մատուցել է իր անդրանիկ Պատարագը (1844-ի հուլիսի 23), որի ժամանակ հիշատակել է ժամանակի Հայոց կաթողիկոսի` Ներսես Ե Աշտարակեցու անունը (Կ. Պոլսի հայոց պատրիարքությանը ենթակա թեմերում 1828-ից ընդհատվել էր Հայոց կաթողիկոսների անվան հիշատակությունը): Նրա ջանքերով կարգավորվել են հարաբերությունները Մայր աթոռ Ս. Էջմիածնի և Կ. Պոլսի պատրիարքարանի միջև: Փոխադարձ համաձայնությամբ որոշվել է, որ երկու աթոռները հարաբերությունները պահեն ուղղակիորեն միմյանց հետ, և ոչ թե յուրաքանչյուր վիճակ` առանձին: Կ. Պոլսի պատրիարքը ճանաչվել է Ս. Էջմիածնի փոխանորդը, նվիրակը և գանձապետը, այն է` միակ և լիազոր ներկայացուցիչը, արգելվել է այլ նվիրակների երթևեկը, դրամահավաքը, հստակեցվել են թեմական բաժանումների սահմանները ևն: Մատթեոս պատրիարքը եղել է Հայ եկեղեցու սկզբունքների ամենահետևողական պաշտպաններից ու ջատագովներից: Անհաշտ պայքար է մղել արևմտահայ (որպես Կ. Պոլսի հայոց պատրիարք) և արևելահայ (որպես Ամենայն հայոց կաթողիկոս) բողոքականների, ինչպես նաև` հայ կաթոլիկների և պապականության նկրտումների դեմ: Նպաստել է կրթական գործի զարգացմանը, գրական կյանքի աշխուժացմանը: Վերաբացել է Սկյուտարի ճեմարանը, որը թուրքական կառավարության որոշմամբ վերածվել էր զինվորական հիվանդանոցի, դպրոցներ է հիմնադրել Սամաթիայում, Զմյուռնիայում և այլուր: Նրա օրոք Կ. Պոլսում գործել են 25 բարձրակարգ վարժարաններ, բազմաթիվ տպարաններ, հրատարակվել մի քանի նշանավոր պարբերականներ, հիմնադրվել
մշակութային ընկերություններ: Նրա շնորհիվ բարձրագույն կրթություն ստանալու համար Եվրոպա են ուղարկվել բազմաթիվ շնորհաշատ երիտասարդներ: Մատթեոս Չուխաճյան պատրիարքի ջանքերով են վերջնականապես ձևավորվել արևմտահայ ազգային իշխանությունների զույգ մարմինները` Հոգևոր ժողովը (14 անդամով) և Գերագույն ժողովը (20 անդամով), որոնք հիմք են դարձել Ազգային սահմանադրության մշակման ժամանակ: Նրա ձեռնարկները հանդիպել են Կ. Պոլսի ամիրայական շրջանակների դիմադրությանը, որոնց ճնշման ներքո հրաժարական է տվել 1848-ի սեպտեմբերին: 1855-ին նշանակվել է Հոգևոր ժողովի ատենապետ, եղել Արմաշի վանքի վանահայր: Կաթողիկոսական գահ բարձրանալուց հետո Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի. փորձել է բարեկարգել Մայր աթոռը, կանոնականացնել վանական ներքին կյանքը: Մեծ ուշադրություն է դարձրել դպրոցական գործին, 1861-ին հաստատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կանոնադրությունը, սահմանել ծխական և թեմական դպրոցների ծրագրերն ու կազմակերպման կանոնակարգերը, ավելի մեծ թվով աշխարհականների ներգրավել դպրոցների հոգաբարձուների կազմերում: Կարգավորել է Մայր աթոռի մատենադարանը, իր նշանակած մատենադարանապետ Դանիել վրդ. Շահնազարյանցին հանձնարարել է կազմել առաջին լիակատար ձեռագրացուցակը («Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի», 1863), որը հայտնի է «Կարինյան ձեռագրացուցակ» անունով: Առանձին ջանքեր է թափել` մեղմելու «Պոլոժենիե»-ի որոշ հոդվածներ, ընդլայնելու Ամենայն հայոց կաթողիկոսի իրավասությունները: Այդ նպատակով կազմել է Հայ եկեղեցու նոր կանոնադրություն («Կարգ և կանոն Հայաստանեայց եկեղեցւոյ կաթողիկոսութեան»), սակայն, ըստ Մ. Օրմանյանի, «թերի և անբավական» լինելու պատճառով չի ընդունվել անգամ «Պոլոժենիե»-ն քննադատողների կողմից:
Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին հեղինակ է կրոնագիտական ու աստվածաբանայաբ մեկ տասնյակից ավելի երկասիրությունների: «Խորհրդածութիւն շնորհաց և նշանաց և խորհրդոց քրիստոնէական Սուրբ եկեղեցւոյ» (1842) գրաբար աշխատությունում ներկայացրել է քրիստոնեական վարդապետության ընդհանուր սկզբունքները, պարզաբանել նաև Հայ եկեղեցու դավանանքը, ցույց տվել, որ այն առավել անաղարտ է ու հարազատ վաղ քրիստոնեական սկզբունքներին: «Հանդիսարան ուղղափառութեան Հայոց եկեղեցւոյ» (1854) ջատագով. երկասիրությունն ուղղված է պապականության դեմ և պատասխան է Մխիթարյան այն հեղինակներին, ովքեր Հայ եկեղեցին համարել են հերձված և հերետիկոս: «Բարի մարդ և բարի քրիստոնեայ» երկասիրությունը (1856) հակաճառություն է կաթոլիկության և բողոքականության դեմ: «Հաստատութիւն ստուգութեան Դաշանց թղթոյն» (1861) աշխատությունում առանց հիմնավոր փաստերի փորձել է վավերական համարել «Դաշանց թուղթը»:
Կաթողիկոսական գահին Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին:
Հովհաննիսյան Պ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ուղեցոյց քրիստոնէական ուղղափառ վարդապետութեան, Մ., 1861:
Ներածութիւն աստուածաբանական գիտելեաց, Շուշի, 1863:
Դիտողութիւն ճշմարտութեան Սուրբ Աւետարանին Յիսուսի Քրիստոսի, Տփխիս, 1863: Առաջնորդ լուսաշաւիղ ճանապարհին յաւիտենական կենաց..., Վաղ-պատ, 1864:
Պերպերյան Ա., Պատմութիւն Հայոց, ԿՊ, 1871:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 3, Երուսաղեմ, 1927:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am