Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի

 ՄԱՏԹԵՈՍ Բ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ (ավազանի անունը` Սիմեոն Մարտիրոսի Իզմիրլյան, 22.2.1845, Կ. Պոլիս – 11.12.1910, Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս 1908-ից:

Հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ): 1864-ին ձեռնադրվել է սարկավագ, 1869-ին` վարդապետ և դարձել Մկրտիչ Խրիմյան պատրիարքի անձնական քարտուղարը: 1872-ի մարտին ընտրվել է Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենադպիր: 1873-ին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան և կարգվել Սկյուտարի Ս. Կարապետ եկեղեցու քարոզիչ և ճեմարան-վարժարանի կրոնի ուսուցիչ: 1876-ին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1886–90-ին` Եգիպտոսի թեմի առաջնորդ: 1894–96-ին` Կ. Պոլսի հայոց պատրիարք: Պայքարել է Արմ. Հայաստանում քաղաքական  բարենորոգումներ անցկացնելու համար, բողոքել 1894–96-ի հայկական ջարդերի դեմ: Իր հաստատակամության համար կոչվել է Երկաթյա պատրիարք: Սուլթանի հրամանով 1896-ին աքսորվել է Երուսաղեմ: 1908-ին երիտթուրքերի հեղաշրջումից և Թուրքիայում հռչակված սահմանադրությունից հետո վերադարձել է Կ. Պոլիս և հոկտեմբերին վերընտրվել պատրիարք: Կաթողիկոս ընտրվելով` 1909-ի հունիսին ժամանել է Էջմիածին` գահակալելով ընդամենը մեկ տարի: Գրել է Ս. Էջմիածնի ընդհանրական իրավունքն երը պաշտպանող կրոն. աշխատություններ: Կաթողիկոսական գահին Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցը: 
 

                                                                  Ստեփանյանց Ս.  


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Հայրապետութիւն Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցւոյ եւ Աղթամար ու Սիս, ԿՊ, 1881:

Նամականի, Կահիրե, 1911:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am