Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մատթեոս Ջուղայեցի

 ՄԱՏԹԵՈՍ ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծ. և մ. թթ. անհտ), XIV դարի վերջի և XV դարի սկզբի մեկնիչ, մատենագիր, գրիչ: Ծնունդով՝ Հին Ջուղայից: Կրթություն է ստացել Տաթևի համալսարանում՝ աշակերտելով Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն: 1391–93-ին գործել է Ապրակունիսի Ս. Կարապետ վանքում (Երնջակ), 1393–95-ին՝ Տանձափարախ անապատում (Տաթևի վանքի մոտ), իսկ 1395-ից՝ Տաթևի համալսարանում որպես դասախոս:

Նշանակալից դեր է կատարել Տաթևի համալսարանի կյանքում, ձեռք բերել այնքան համբավ և փորձառություն դասախոսական  ասպարեզում, որ Գրիգոր Տաթևացին նրան է արժանավոր համարել լինելու իր ժառանգորդը: 1402-ին դարձել է Տաթևի համալսարանի գլխավոր վարդապետներից մեկը՝ միաժամանակ վարելով Տաթևի վանքի վանահայրության պաշտոնը:

Մատթեոս  Ջուղայեցին թողել է գրական հարուստ ժառանգություն՝ գանձեր ու տաղեր, բազմաթիվ մեկնություններ, մոտ 50 քարոզ, վիճաբանական երկ, Գրիգոր Տաթևացու թաղմանը (1410-ի հունվար) արտասանած նշանավոր դամբանականը ևն: Որոշ երկեր պահպանվել են իր իսկ ինքնագրով և ընդարձակ հիշատակարաններով: Վայելելով մեծ հռչակ՝ նրա աշխատություններն ընդօրինակվել ու տարածվել են միջնադարյան Հայաստանում, ինչպես նաև Կիլիկիայի Հայկական թագավորությունում: Մատթեոս Ջուղայեցին գաղափարական  պայքար է մղել ունիթորական շարժման (տես Ունիթորություն) դեմ՝ Հայ եկեղեցու ազգային դավանական անկախության համար:

1391-ին Երնջակի Ապրակունյաց վանքում գրել է թվական ունեցող իր աշխատություններից առաջինը՝ «Մեկնութիւն Ղուկասու Աւետարանին» (Մատենադարան, ձեռ. դ 2519): Երկը գրված է հարց ու պատասխանի և ճառերի ձևով: Բաղկացած է 22 ճառից, որոնք պարունակում են 158 հարցեր: Ղուկասի Ավետարանի մեկնությունից հետո Մատթեոս Ջուղայեցին  գրել է Հովհաննեսի Ավետարանի մեկնությունը (Մատենադարան, ձեռ. դ 1357)՝ դարձյալ ճառերի և հարց ու պատասխանների ձևով: Ինչպես վկայում է հեղինակն իր հիշատակարանում (Մատենադարան, ձեռ. դ 5232), այս գործը Հովհաննեսի Ավետարանի կարևոր դրվագների մեկնությունն է, որտեղ մեծապես օգտվել է Հովհան Որոտնեցուց: Մի շարք ձեռագրերում Մատթեոս Ջուղայեցու ու այս գործը սխալմամբ վերագրված է Հովհան Որոտնեցուն:

Մատթեոս Ջուղայեցու լավագույն աշխատությունը 1411-ին Տաթևի վանքում գրած «Քննութիւն Գործոց առաքելոց»  (Մատենադարան, ձեռ. դ 1402) մեկնողական բնույթի երկն է, որտեղ օգտագործել է Հովհան Ոսկեբերանի և Եփրեմ Ասորու՝ Գործք առաքելոցի մեկնությունները: 1392-ին, լինելով Աղթամարում, վեճի է բռնվել մահմեդական մի հոգևորականի հետ և Շիրիան գյուղի տանուտեր Աբիսողոմի խնդրանքով շարադրել վեճի բովանդակությունը «Վասն հարցման անօրինաց. զանազան պատասխանիք» (Մատենադարան, ձեռ. դ 969) խորագրով երկում: Պատասխան տալով մահմեդական հոգևորականների հարցումներին՝ հեղինակը հիմնավորել ու պաշտպանել է քրիստոնեական գաղափարները և Հայ եկեղեցու վարդապետությունը: Մատթեոս Ջուղայեցին, ձգտելով փոխադարձ հարգանք հաստատել այլակրոն ժողովուրդների միջև, չի անարգել մահմեդականների կրոնական զգացումներն ու համոզմունքները, բայց միևնույն ժամանակ վճռականապես ընդվզել է հայերին բռնի մահմեդականացնելու քաղաքականության դեմ և քննադատել նման նկրտումները: 1393-ին Տանձափարախ անապատում գրել է իր «Վասն քարոզութեան Բանի» (1750) աշխատությունը: Տաթևի վանքում գրված գործերից, բացի Գործք առաքելոցի մեկնությունից, հայտնի են Մատթեոս Ջուղայեցու «Հաւաքում բանից» (1395), «Վասն ժամանակաց գիտելոյ զորքանն» (1402) երկերը: Վերջինս ժամանակագրական դեպքերի աղյուսակ է՝ Ջրհեղեղից սկսած:

«Տաղ ազնիւ»-ը (Հակոբ Մծբնացի հայրապետին նվիրված) գրել է 1386–91-ին, Լենկթեմուրի զորքերի պաշարած Երնջակում: Բազմաթիվ տաղեր և գանձեր գրել է Գրիգոր Ծերենցի պատվերով, աքրոստիքոսով՝ «ի Մաթէոսէ, խնդրեաց Գրիգոր» («Կանոն Երևման խաչին»«Կանոն մեծահրաշ կիրակէի» ևն): Տաղերի մի մասը ձայնագրված է երաժշտական խազերով, ինչից ենթադրվում է, որ Մատթեոս Ջուղայեցին եղել է նաև երաժիշտ:

Պահպանվել են Մատթեոս Ջուղայեցու ընդօրինակած մի քանի արժեքավոր գրչագրեր, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը՝ ընդօրինակված 1397-ին, Ատոմ աբեղայի խնդրանքով:


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Խաչիկյան Լ., Մատթեոս Ջուղայեցու կյանքն ու մատենագրությունը, ԲՄ, 1956, դ 3, էջ 57–84:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am