ՄԵՂՔ, անհնազանդություն Աստծուն, կամովին թե ակամա այն արարքը, խոսքը, զգացմունքը, միտքը, որը հակառակ է Աստծո կամքին, նրա սահմանած կարգին և նրա պատվիրաններին. անհնազանդություն արարիչ Աստծո և հնազանդություն՝ սատանայի հանդեպ: «Ով մեղք է գործում, այդ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանե» (Ա Հովհ. 3.8): Առաջին մարդը՝ Ադամը, հնազանդվեց սատանայի (չարի) թելադրանքին (իր կնոջ՝ Եվայի միջոցով), ճաշակեց բարու և չարի գիտության ծառի արգելյալ պտուղը, այսինքն՝ իր արարիչ Աստծո հանդեպ դրսևորեց անհնազանդություն, դարձավ մեղավոր և այդ պատճառով վտարվեց դրախտից: Գրիգոր Տաթևացին մեղքը սահմանել է այսպես. «Մեղքն սահմանօրեն այս է: Մեղք է դարձուցանել զերեսս յանփոփոխելի բարւոյն որ է՝  առ Աստուած, եւ դառնալ առ փոփոխելի բարին որ է արարածքս» («Գիրք հարցմանց», 1729, էջ 569):

Հիերոնիմ Բոսխ-Յոթ մահացու մեղքերը և չորս վերջին երևույթներըՍկզբնական կամ ադամական մեղքը տարածված է ողջ մարդկային ցեղի վրա: Այն հայտնապես կամ ծածկաբար դրսևորվում է մարդկային գործերում՝ մարդուն դարձնելով ոչ թե Աստծո թագավորության (տես Երկնային արքայություն), այլ չարի իշխանության քաղաքացի:

Ըստ Աստվածաշնչի, մահը հետևանքն է մեղքի, ինչպես երևում է պատվիրանազանց Ադամին ուղղված աստվածային անեծքից. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որից միայն քեզ պատվիրեցի չուտել..., թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. 3.17, 19):

Աստվածաշունչը մեղքը համարում է անօրենություն՝ շեղում աստվածային օրենքից: Հովհաննես առաքյալի բնորոշմամբ՝ մեղքն «ինքնին անօրենություն է» (Ա Հովհ. 3.4): Մեղքերի թողություն կարող է տալ միայն Աստված: Մինչև Հիսուս Քրիստոսի Մարդեղությունը մեղքից ձերբազատվելու համար ողջակեզ-պատարագներ են կատարել նահապետները՝ նոխազներ մատուցելով սուրբ Սեղանի վրա (Աբելը, Նոյը, Աբրահամը, Հոբը և ուր.), իսկ Օրենքի տվչության շրջանում՝ Մովսեսն ու Ղևտական կամ Ահարոնյան քահանայական ազգատոհմը: Բայց, ինչպես գրում է Պողոս առաքյալը (տես Եբր. 10), ցուլերի, նոխազների արյունը և շարունակական զոհաբերումները չէին կարող վերջնականորեն արդարացնել ու ազատագրել մարդուն մեղքից ու մեղքի ծառայությունից.

Աստված մեկ այլ Քահանայապետ էր նախատեսել՝ ըստ Մելքիսեդեկի կարգի, իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ Գողգոթայի խաչի վրա (տես Խաչելություն) պատարագվելով՝ հաղթեց սատանային, խաչի վրա գամեց մեղքը՝ այն թշնամական պատը, որ կար Աստծո և մարդու միջև, և հավիտենական կյանքի ավետիսը տվեց մարդուն: «Նա այն պատճառով հայտնվեց, որպեսզի վերացնի մեղքերը» (Ա Հովհ. 3.5) և «իր անձի պատարագումով» մեղքը ջնջի (Եբր. 9.26) (Տես նաև Քավություն):

Հիսուս Քրիստոսը, որ առաքելություն ուներ հաշտեցնելու Աստծուն Ադամի սերնդի հետ, հանդես եկավ առ Աստված հավատքի և հնազանդության հրավերով և Հայր Աստծո կամքի մատնանշումով՝ «...Քո կամքը լինի...» (տես Տերունական աղոթք): Արդարության տեսակետից՝ ինչպես որ մարդն իր ազատ կամքով հնազանդվեց սատանային, այժմ էլ պետք է զղջա և իր ազատ կամքով հավատա ու հնազանդվի Աստծուն՝ մեղքից ազատվելու և կենաց ծառից վերստին ճաշակելու համար (տես Հավատ):

Ելնելով Սուրբ Գրքից՝ եկեղեցու հայրերն ընդունում են, որ մարդը մեղավոր է նախապես. ոչ թե որևէ մեղք գործելուց հետո է նա դառնում մեղավոր, այլ մեղք  է գործում, որովհետև մեղսավոր է ի ծնե՝ իր մեջ կրելով սկզբնական մեղք, որին թողություն է տրվում Հիսուս Քրիստոսի միջոցով, նրան հավատալով, ապաշխարելով և Մկրտությամբ Սուրբ Հոգին ընդունելով: Մկրտության խորհրդով ջնջվում է սկզբնական կամ ադամական մեղքը, իսկ Ապաշխարության խորհրդով՝ ներգործական մեղքերը: Մեղքերն ըստ կամքի լինում են կամա և ակամա, ըստ գիտակցման՝ գիտակցված և չգիտակցված:

Եթե ակամա գործված մեղքերը ներելի կամ դյուրավ ներելի են, ապա առավել դժվար ներելի են կամավոր, ազատ կամքով և գիտակցաբար կատարվածները, որոնցից յոթ մահացու մեղքերն առանձնապես ատելի են Աստծուն ու սրբերին:

Այդ յոթ մահացու մեղքերն են.

1. հպարտություն, 2. նախանձ, 3. բարկություն, 4. ծուլություն, 5. ագահություն, 6. որկրամոլություն, 7. բղջախոհություն (պիղծմտածմունքներ ու գործեր, վավաշոտություն):

Հիշյալ մեղքերի ճյուղավորումները կամ նմանակներն են՝ չարակնությունը, կախարդությունը, բանսարկությունը, շողոքորթությունը, հեշտասիրությունը, խստասրտությունը, հայհոյությունը, շնությունը, մարմնասիրությունը, ժլատությունը, խաբեությունը, ընչաքաղցությունը, մարդապաշտությունը, դրամապաշտությունը, փառասիրությունը, սանձարձակությունը, լպիրշությունը, խեղկատակությունը, դավաճանությունը, այլ չարաբարո մտածմունքներ ու արարքներ: Սրանք մարդու մեջ գործող դիվային ուժերի ծնունդներ են, սատանայական հատկանիշներ, որոնք ծնունդ են տալիս միմյանց և բազմանում: Ընդդիմանալով Արևմուտքի լատին վարդապետներին՝ Կիրակոս Երզնկացին հաստատում է, որ Հայ եկեղեցին ընդունում է 7 մահացու մեղքերի առկայությունը և տալիս դրանց աստվածաբանական մեկնաբանությունը («Գանձասար», 6, 1996, էջ 571–573):

Հին և Նոր կտակարանները (ինչպես և եկեղեցական հայրերի մեկնողական գրվածքները) զատորոշում են ներելի և աններելի մեղքեր:

Բոլոր տեսակի մեղքերը  Հիսուս Քրիստոսի քավչարար արյան զորությամբ ենթակա են ներման (թողության), եթե դրսևորվում է անկեղծ հավատ, զղջում և ապաշխարություն՝ իր պտուղներով հանդերձ (առաքինություն, ողորմություն, բարի գործեր): Աններելի և ամենածանր մեղքեր համարվում են Սուրբ Հոգու դեմ գործվածները: Հիսուսը նախազգուշացնում է. «Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք և հայհոյություն կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյությունը չպիտի ներվի: Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ոչ այս աշխարհում և ոչ էլ հանդերձյալում» (Մատթ. 12.31–32):

Մեղքից ազատ լինելը, արդարանալն ու փրկություն գտնելը Աստծո գերագույն շնորհն է՝ տրված մարդուն Հիսուս Քրիստոսով:

                                                                                       Սարգսյան Լ.  

Գրականության ցանկ

 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am