ՄԵԿՆՈՂԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մեկնություն (մեկնել՝ զատել, պարզաբանել, բացահայտել), եկեղեցական մատենագրության ճյուղերից. նպատակն է սուրբգրային տեքստերի վերլուծումը, այլաբանական իմաստների բացատրությունը և, ի վերջո, Աստվածաշնչի քարոզումը:
Աստվածաշունչը տարբեր լեզուներով թարգմանելուց հետո անհրաժեշտություն է դարձել աստվածաշնչյան տեքստերի ընկալումը և բացատրումը ճշմարիտ՝ ուղղափառ մտքով: Մեկնությունը վերածվել է սուրբգրային հասկացությունները հետազոտելու, բացատրելու և հաստատելու մեթոդի, որով հստակեցվել են եկեղեցու սկզբունքները, քրիստոնեական վարդապետության հիմունքները: Հայ միջնադարում կենցաղավարել են երկու կարգի մեկնություններ. Աստվածաշնչի («Սուրբ գրեանց») և կրոնական ու աստվածաբանական երկերի («սուրբ գրեանց») մեկնությունն եր:
Տակավին Սահակ Ա Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը և նրանց թարգմանիչ աշակերտները մեծապես կարևորել են եկեղեցու ս. հայրեր Աթանաս Ալեքսանդրացու, Կյուրեղ Երուսաղեմացու, Եվսեբիոս Կեսարացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Նազիանզացու, Հովհան Ոսկեբերանի, Պոլիկարպոս Զմյուռնացու, Պրոկղի և այլոց ինքնուրույն երկերի, ճառերի, մեկնությունների թարգմանության գործը: Շատ մեկնություններ պահպանվել են միայն հայերեն թարգմանության շնորհիվ, ինչպես՝ Փիլոն Ալեքսանդրացու «Արարածոց»-ը, Որոգինեսի «Ղևտականքը», Իրենիոս Լուգդոնացու «Ցոյցք առաքելական քարոզչութեան»-ը ևն: (Տես նաև Թարգմանչաց շարժում):
Մեկնողական գրականությունն ունեցել է պատմական զարգացման երեք հիմնական փուլ. վաղ միջնադարյան (հայրախոսական՝ I–V դդ.), միջնադարյան (VI–XV դդ.) և նոր ժամանակներ (XVI–XX դդ.): Վաղ միջնադարյան մեկնությունները գլխավորապես իրականացվել են հրեական մեկնաբանական ավանդույթի հետևողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում նրա մեջ ներմուծվել են արևմտյան, անտիկ մեկնությունների սկզբունքները:
Մեկնողական գրականության նախնական տարրեր առկա են արդեն Ավետարաններում և Առաքելական թղթերում: Ավետարաններում Քրիստոսը մեկնում է իր իսկ առակները, իսկ Պողոս առաքյալը մասնավորապես Առ Հռովմայեցիս և Առ Կորնթացիս թղթերում մեկնաբանել է հինկտակարանային զանազան խոսքեր՝ դրանք առնչելով Նոր ուխտի հետ: Հին և Նոր կտակարանների հարաբերակցության ընդգծումը պետք է հետագայում ընկներ սուրբգրային բացատրություններում կարևոր տեղ զբաղեցնող տիպաբանական մեկնության հիմքում: Եկեղեցու հայրերն ու վարդապետներն իրենց քարոզներում և ճառերում բացառիկ տեղ են հատկացրել Աստվածաշնչի հատկապես մանվածապատ տեղերի բացատրությանը: Ժամանակի ընթացքում այս ճառերն ու քարոզները սղագրվել են և, բազմիցս ընդօրինակվելով, կենցաղավարել հասարակության մեջ՝ կատարելով դաստիարակչական դեր: Այս նույն դերով էր պայմանավորված նաև Աստվածաշնչի դասավանդումը քրիստոնեական դպրոցներում: Ի տարբերություն ճառական մեկնության, տվյալ պարագայում Աստվածաշունչը մեկնաբանվել է առավելագույն մանրամասնությամբ, բազմաբնույթ փաստերի (աստվածային մարգարեական պատկերներ, տեսիլքներ, երազներ, առակներ, ծիսական և կենցաղային պատկերներ, անուններ ևն) համակողմանի բացատրությամբ: Այսօրինակ մեկնողական երկերում նախ կանոնավորապես բերվել է Աստվածաշնչի մեկնաբանվող հատվածը, ապա՝ դրա մեկնաբանությունը: Քանի որ բացատրությունը պետք է շարադրվեր բացատրվող նյութին համերաշխ աստվածային հայտնությամբ (Սուրբ Հոգով), մեկնաբանելու իրավունք է վերապահվել բացառիկ սրբություն ունեցող՝ «բանի սպասավոր» վարդապետներին, որոնք կոչվել են «մեկնիչ», «թարգմանիչ»: Մեկնիչներն օգտագործել են ոչ միայն աստվածաբանական գրականության, այլև կանոնագիտական, պատմաբանասիրական, լեզվագիտական, իմաստասիրական, ազգագրական, աշխարհագրական և այլ կարգի տեղեկություններ: Այս է պատճառը, որ մեկնություններն ունեն հանրագիտարանային բնույթ: Հայտնի են մեկնաբանման երկու եղանակներ. տառացի (բառացի) և այլաբանական: Տառացի եղանակը հիմնականում գալիս է աստվածաբանելու՝ հոգևոր և նյութական իրողությունները մեկնաբանելու հրեական ավանդույթից, մինչդեռ այլաբանականը կրում է արևմտյան, անտիկ աշխարհընկալման մեջ տիրապետող վերացարկման դրոշմը: Ըստ այսմ, մեկնաբանելու տառացի եղանակը որդեգրել է սուրբգրային մեկնության Անտիոքի դպրոցը, իսկ այլաբանականը՝ Ալեքսանդրիայի դպրոցը:
Անտիոքի դպրոցի հետևորդները (Լուկիանոս Սամոսատցի, Թեոդորոս Մոպսուեստացի, Հովհան Ոսկեբերան, Թեոդորոս Կյուրացի ևն) կարևորել են Աստվածաշնչի գերազանցապես ուղղակի, առարկայական իմաստի բարոյական, հոգեբանական, պատմաբանասիրական բացատրությունը, մինչդեռ Ալեքսանդրիայի դպրոցի հետևորդները (Փիլոն Ալեքսանդրացի, Կղեմես Ալեքսանդրացի, Որոգինես, Գրիգոր Նյուսացի) տառացի մեկնաբանությունը միայն միջոց են նկատել՝ թափանցելու Աստվածաշնչի խորքային իմաստի մեջ, վերհանելու նրա առավել էական, այլաբանական բովանդակությունը:
Հայ Մեկնողական գրականության մեջ այս երկու եղանակներն էլ կիրառվել են: Սակայն հայ հեղինակներն ավելի հակվել են անտիոքյան դպրոցի կողմը՝ նախընտրելով տառացի եղանակը: Սա մեկնիչին զերծ է պահել այլաբանական մեկնության ժամանակ հնարավոր սայթաքումներից, որոնք կարող էին պատճառ դառնալ դավանաբան. մոլորությունների: Մեկնության եղանակի ընտրությունը թելադրվել է աստվածաշնչական գրքի բնույթով: Օրինակ, եթե մարգարեությունները, Երգ երգոցը, Հովհաննեսի Հայտնությունը պահանջել են այլաբանական, ապա Դատավորաց, Թագավորությանց, Մակաբայեցվոց գրքերը, որոնք ունեն պատմողական բովանդակություն, պահանջել են տառացի, պատմաբանասիրական եղանակի կիրարկում:
Հայ Մեկնողական գրականության վաղ շրջանի ուսումնասիրման համար բացառիկ կարևոր են Եղիշեի՝ Ծննդոց, Հեսու Նավեի և Դատավորաց, Ստեփանոս Սյունեցու՝ Քառավետարանի, Եզեկիելի, Հոբի, Դանիելի (վերջին երկուսը՝ հատվածաբար) մեկնությունները, ինչպես նաև՝ Համամ Արևելցու Առակաց մեկնությունը: Աղբյուրագիտական բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում Տիմոթեոս վարդապետի Ծննդոց գրքի մեկնությունը, որի մեջ օգտագործված Եղիշեի համանուն երկի մեծ ու փոքր հատվածները զետեղվել են Վարդան Արևելցու Հնգամատյանի խմբագիր մեկնության մեջ և վերջինիս միջոցով հայտնի դարձել գիտական աշխարհին:
X–XII դդ. հրապարակ են իջել այնպիսի խոշոր մեկնիչներ, որպիսիք են Գրիգոր Նարեկացին, Անանիա Սանահնեցին, Ներսես Շնորհալին, Սարգիս Շնորհալին, Իգնատիոս Սևլեռնեցին, Սարգիս Կունդը և ուր.: Գրիգոր Նարեկացու սողոմոնյան Երգ երգոցի մեկնությունը շարադրված է այլաբանական ավանդներն իր մեջ լավագույնս մարմնավորած Գրիգոր Նյուսացու համանուն երկի հետևողությամբ: Մինչդեռ մյուս հեղինակների երկերը (Մատթեոսի, Ղուկասի Ավետարանների, Ընդհանրական թղթերի մեկնությունները, որոնք ունեն գլխավորապես պատմողական, բարոյաբանական ուղղվածություն) շարադրված են Անտիոքյան դպրոցի երևելի ներկայացուցիչներ Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի համանուն երկերի օգտագործումով: Ուշագրավ աշխատություն է Սարգիս Շնորհալու Կաթողիկե թղթերի մեկնությունը (1154): Աղբյուրագիտական տեսակետից արժեքավոր աշխատություն է Իգնատիոս Սևլեռնեցու՝ Ղուկասի Ավետարանի մեկնությունը՝ գրված Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսի (1113–66) հանձնարարությամբ, 1130-ին: Հեղինակն օգտագործել է Հովհան Ոսկեբերանի Ղուկասի Ավետարանի մեկնության շատ հատվածներ, որոնց հունարեն բնագրերն այսօր անհայտ են: Սարգիս Կունդի (XII դ.)՝ մասնավորապես Կաթողիկե թղթերի մեկնությունում (Մատենադարան, ձեռ. դ 1408) ընդարձակորեն օգտագործված են Աթանաս Ալեքսանդրացու Կաթողիկե թղթերի հունարեն բնագրով անհայտ մեկնության հատվածները: Այդպիսիք են նաև Ստեփանոս Սյունեցու, այժմ ամբողջապես անհայտ, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանների ընդարձակ մեկնություններից քաղված հատվածները Սարգիս Կունդի համապատասխան մեկնություններում:
Աստվածաբանական խորությամբ, հանրագիտարանային համակողմանիությամբ աչքի ընկնող աշխատություններ են Ներսես Լամբրոնացու Սաղմոսաց ընդարձակ, Երկոտասան մարգարեից, ինչպես նաև՝ Մխիթար Գոշի Երեմիայի մարգարեության և Վանական Վարդապետի Հոբի գրքի մեկնությունները: XIV դ. մեկնաբանական մտքի հետաքրքիր դրսևորումներից է Բարսեղ Մաշկևորցու Մարկոսի Ավետարանի մեկնությունը (1325): Մեզ հասել է Ավետարանի Թ–ԺԶ գլուխների մեկնությունը միայն: Երկը հետաքրքիր է ոչ միայն աստվածաբանական դիտումներով, այլև ժամանակի բարքերի, անցուդարձի վերաբերյալ տեղեկություններով: Խորհրդապաշտական ուշագրավ թափանցումներով գրված արժեքավոր աշխատություն է Եսայի Նշեցու Եզեկիելի մեկնությունը (1300), որտեղ հեղինակը վերլուծաբար օգտագործել է իր ձեռքի տակ եղած սկզբնաղբյուրները (Հովհան Ոսկեբերան, Թեոդորետոս Կյուրացի, Եփրեմ Ասորի, Ստեփանոս Սյունեցի): Մեկնողական երկերի հեղինակ է նաև Եսայի Նշեցու աշակերտ Հովհաննես Երզնկացին (Ծործորեցի): Նրա գրչին են պատկանում Մատթեոսի Ավետարանի մեկնությունը (1316), որ շարունակությունն ու ամբողջացումն է Ներսես Շնորհալու համանուն երկի, ինչպես նաև՝ Դանիելի մեկնությունը (Մատենադարան, ձեռ. դ 1187): Վերջինս աչքի է ընկնում բազմաբնույթ փաստերի առատությամբ: Եսայի Նչեցու մյուս նշանավոր աշակերտը Հովհան Որոտնեցին է, որը մեկնողական աստվածաբանության Տաթևի դպրոցի հիմնադիրն է: Նա հեղինակ է Մատթեոսի, Հովհաննեսի Ավետարանների, Պողոսի թղթերի մեկնությունների, որոնք շարադրված են աստվածաբանական-իմաստասիրական խոր ընդհանրացումներով: Ի տարբերություն նախորդ մեկնիչների, Հովհան Որոտնեցին կիրառում է սխոլաստիկ մեկնաբանությանը հատուկ եղանակ: Նրա բացատրություններն ուղեկցվում են աստվածաբանական իրողությունների դասդասումով ու համակարգումով: Աստվածաբանել ու այս եղանակը Հովհան Որոտնեցուց անցել է իր հետնորդին՝ Գրիգոր Տաթևացուն, որի գրչին են պատկանում Հոբի (Մատենադարան, ձեռ. դ 1113), Եսայու (ձեռ. դ 1128), Սաղմոսաց (ընդարձակ և համառոտ տարբերակներ, ձեռ. դ 1125), Առակաց (ձեռ. դ 1116), Երգ երգոցի (ձեռ. դ 5056), ինչպես նաև Մատթեոսի (ձեռ. դ 5060) և Հովհաննեսի (ձեռ. դ 7462) Ավետարանների մեկնությունները:
Նվազ ուշագրավ չէ տաթևյան դպրոցի մյուս ներկայացուցչի՝ Մատթեոս Ջուղայեցու մեկնաբանական վաստակը: Նրա գրչի արդյունքն են Ղուկասի (1391, Մատենադարան, ձեռ. դ 1345) և Հովհաննեսի (Մատենադարան, ձեռ. դ 5232) Ավետարանների, Գործք առաքելոցի (1411, Մատենադարան, ձեռ. դ 5854) մեկնությունները: Երեքհարյուրամյա դադարից հետո մեկնողական գրականությունը վերստին ծաղկում է ապրել XVIII–XIX դդ.:
Այս շրջանի խոշոր հեղինակներից են Հակոբ Նալյանը, Պետրոս Նախիջևանցին, Կիլիկիո կաթողիկոս Եփրեմ Ա Աջապահյանը (Սսեցի) և ուր.: Հակոբ Նալյանը հեղինակ է Սիրաքի գրքի մեկնության, որը հայ մեկնողական մատենագրության մեջ այդ գրքի միակ մեկնաբանությունն է: Պետրոս արք. Նախիջևանցուն են պատկանում Ծննդոց և Հոբի ընդարձակածավալ մեկնությունները (Մատենադարան, ձեռ. դդ 1174, 2718), որոնք շարադրված են հայրախոսական ժառանգության քաջ իմացությամբ:
Հայտնի են նաև այս հեղինակի Երգ երգոցի, ավետարան. առակների, Հովհաննեսի Հայտնության մեկնությունները: Ինքնուրույն մեկնություններից զատ հայ միջնադարյան մատենագրության մեջ լայն շրջանառություն են ունեցել նաև հայ հեղինակների կիրառած թարգմանականները: Արդեն V դ. Աստվածաշնչի թարգմանությունից հետո հայացվել են Ընդհանրական եկեղեցու ս. հայրեր Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Եպիփան Կիպրացու, Աթանաս Ալեքսանդրացու, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց մեկնողական երկերը:
Դրանք ընդարձակորեն ներառվել են հայ հեղինակների կազմած խմբագիր մեկնություններում: V–VIII դդ. թարգմանվել են Հեսիքիոս Երուսաղեմացու՝ Հոբի, Որոգինեսի, Հիպպողիտոս Բոստրացու՝ Երգ երգոցի, ինչպես նաև՝ Ղևտացվոց անանուն, Կյուրեղ Ալեքսանդրացու անվամբ (իրապես Թեոդորետոս Կյուրացուն պատկանող) Եզեկիելի մեկնությունները: Միարարական շրջանի թարգմանություն է Բարթուղիմեոս Մարաղացու Արարածոց մեկնությունը՝ իրականացված 1332-ին, Հակոբ Քռնեցու կողմից: Աստվածաշնչի պարականոն գրքերը նույնպես մեկնաբանվել են: Առավել նշանակալից է Ներսես Լամբրոնացու «Հանգիստ սրբոյն Յովհաննու Առաքելոյ եւ Աւետարանչի» երկի մեկնությունը («Գանձասար», 6, 1996, էջ 482–549):
Հայ միջնադարի Մեկնողական գրականության մեջ ուրույն բնագավառ է Ծիսամատյանների մեկնությունը: Նպատակն էր բացատրել Ժամերգությունն ու Պատարագը: Այս բնագավառը ներկայացնող կարևորագույն երկերից են Ստեփանոս Սյունեցու Ժամակարգության մեկնությունը, Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի «Հիմնարկեք եկեղեցւոյ» և «Օրհնութիւն նորաշեն եկեղեցւոյ» ճառերը, որոնցում տրված է ժամասացության մեջ ընդգրկված ընթերցվածների խորհրդական բացատրությունը: Ծիսական աստվածաբանության ուշագրավ գործերից են Խոսրով Անձևացու «Բացայայտութիւն կարգաց եկեղեցւոյ, քարոզութեանց եւ աղաւթից իւրաքանչիւր ժամուց» և «Մեկնութիւն Պատարագի» երկերը: Ծիսական իրողությունների առավել մանրամասն բացատրությամբ աչքի է ընկնում Ներսես Լամբրոնացու Պատարագի մեկնությունը, ինչպես նաև՝ «Քննութիւն կարգաց եկեղեցւոյ» աշխատությունը:
Սուրբգրային և ծիսական մատյանների մեկնություններից զատ հայ միջնադարում կենցաղավարել են նաև աստվածաբան., իմաստասիր. բնույթի՝ «նուրբ գրեանց» մեկնություններ՝ լուծմունքներ: Վաղ շրջանի եկեղեցու հայրերի հետևողությամբ «բանի սպասավոր» հայ հեղինակներն անտիկ մտածողների իմաստասիրական երկերը պարզաբանել, վերլուծել են՝ դրանք վանական դպրոցի սանին կամ համալսարանական ունկնդրին մատչելի դարձնելու նպատակով: Առավել տարածված են եղել Արիստոտելի երկերի մեկնությունները, որպիսիք են Տասն ստորոգությունների (կատեգորիաների) համառոտ լուծմունքը (Մատենադարան, ձեռ. դդ 5596, 8198), Դավիթ Անհաղթի, Վահրամ Րաբունու, Հովհան Որոտնեցու, Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի մեկնությունները (Մատենադարան, ձեռ. դդ 1647, 1683), «Պերի արմենիաս»-ի՝ Հովհան Որոտնեցու համառոտ լուծմունքը (Մատենադարան, ձեռ. դ 5931), Պորփյուրի Ներածության և Առաջաբանության՝ Դավիթ Անհաղթի, Վահրամ Րաբունու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու վերլուծությունները (Մատենադարան, ձեռ. դդ 1716, 59, 1809, 8503, 5674): Հովհան Որոտնեցու գրչին է պատկանում «Հաւաքումն յայտնաբանութեան ի Փիլոնէ իմաստնոյ» երկը, որ Փիլոն Ալեքսանդրացու «Յաղագս նախախնամութեան» երկում հանդիպող խորհրդապաշտ. դժվարընկալելի տեղիների վերլուծությունն է (Մատենադարան, ձեռ. դ 1701): Համաբնույթ երկերի թվին են պատկանում եկեղեցու նշանավոր հայրերի առավել կարևոր աշխատությունների լուծմունքները: Այդպիսիք են Գրիգոր Աստվածաբանի, Գրիգոր Նյուսացու, Բարսեղ Կեսարացու, Եվագր Պոնտացու, Դիոնիսիոս Արիոպագացու երկերի՝ Դավիթ Քոբայրեցու, Կիրակոս Երզնկացու, Գրիգոր Տաթևացու, Մատթեոս Ջուղայեցու և անուններն անհայտ այլ հեղինակների լուծմունքները (Մատենադարան,ձեռ. դդ 5602, 1879, 1897, 4150, 6462, 6832, 5128):
Նյութի թելադրանքով Մեկնողական գրականության մեջ կատարվել են մեկնաբանական արվեստի սկզբունքներ ու հրահանգներ պարունակող տեսական բնույթի առանձին դիտարկումներ: Ուշագրավ են Ներսես Շնորհալու խորհրդածությունները: Նա հստակորեն տարբերում է մեկնաբանական եղանակի երկու կերպ ու մակարդակ՝ «պարզ տեսութիւն» և «խորին տեսութիւն»: «Պարզ»-ը վերաբերում է բառացի (տառացի), իսկ «խորին»-ը՝ փոխաբերական, այլաբանական մեկնաբանությանը: Ներսես Շնորհալին առաջադրում է բնագիրը մեկնաբանելու երեք կերպ ու եղանակական նախ՝ տառացի, որի նպատակն է ներկայացնել առարկան կամ երևույթը՝ ինչպես այն կա իր նյութական ձևի մեջ, երկրորդ՝ խորհրդանշական-փոխաբերական, երրորդ՝ հոգևոր, սրբազան, որն առաջին երկուսի ընդհանրացումն ու եզրակացությունն է: Տալով Ավետարանում առկա «քար» և «օձ» բառերի մեկնաբանությունը՝ նա նկատում է, որ առաջին եղանակն այդ առարկաների ինքնըստինքյան հասկանալի նյութ. իմաստն է, երկրորդը մատնանշում է արտաքին բնության և մարմնական ցանկության այլաբանական, իսկ երրորդը՝ աստվածային, բարձրագույն պարգևի՝ արքայության արժանացման իմաստը: «Գիրքը հասկանալու քանի՞ եղանակ կա» հարցին Մատթեոս Ջուղայեցին Գործք առաքելոցի մեկնության մեջ պատասխանում է՝ սահմանելով բնագրի բացատրության երեք հիմնական միջոց. նախ՝ մեկնաբանությամբ, երկրորդ՝ լուծմամբ, երրորդ՝ ընտրությամբ: Առաջին միջոցը ենթադրում է Աստվածաշնչում առկա մեկ իմաստից արտածվող բազում իմաստների բացահայտում: Ընտրությամբ իրականացվող բացատրությունը կատարվում է ամբողջ բնագրի մեկնաբանելի առանձին մասերի ընտրությունից հետո միայն: Այլ է «լուծման» պարագան. սա նշանակում է, որ բացատրվում են ոչ միայն և ոչ այնքան Աստվածաշունչը, այլև, և առավելապես, մեծանուն հեղինակությունների, եկեղեցու նշանավոր հայրերի երկերի մեջ առկա դժվարընկալելի առանձին բառեր և արտահայտություններ:
Քյոսեյան Հ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Վարդան Արեվելցի, Մեկնութիւն սաղմոսաց Դաւթի, Աստրախան, 1797:
Ներսես Շնորհալի, Մեկնութիւն սուրբ Աւետարանին, որ ըստ Մատթէոսի, ԿՊ, 1825:
Սարգիս Շնորհալի, Մեկնութիւնեօթանց թղթոց կաթողիկեայց, ԿՊ, 1826:
Ներսես Լա մբրոնացի, Մեկնութիւն սրբոց երկոտասան մարգարէից, ԿՊ, 1826, էջ 1–241:
Եփրեմ Ասորի, Մատենագրութիւնք, հ. 1, Վնտ., 1836:
Չամչյանց Մ., Մեկնութիւն սաղմոսաց, հ. 1–10, Վնտ., 1815–23:
Բերդումյ ան Պ., Մեկնութիւն Յայտնութեան ս. Յովհաննու առաքելոյ, Կալկաթա, 1846:
Ստեփանոս Սյունեցի, Մեկնութիւն Աւետարանի, աշխատասիր. Գարեգին կաթողիկոս Հովսեփյանի, Ե., 1992:
Համամ Արեվելցի, Մեկնութիւն Առակաց, աշխատասիր. Մ. Սարիբեկյանի, Ե., 1992:
Անանիա Սանահնեցի, Մատթէի մեկնութիւնը, աշխատասիր. Հ. Քյոսեյանի,«Գանձասար», 4,5, 1993, 1994:
Գրիգոր Տաթեվացի, Մեկնութիւն Սաղմոսաց (համառոտ տարբերակ), աշխատասիր. Ա. Քյոշկերյանի, Ե., 1994:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am