Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մելիք-Թանգյան Ներսես

 ՄԵԼԻՔ-ԹԱՆԳՅԱՆ Ներսես (ավազանի անունը՝ Նիկողայոս) [16(28).3.1866, գ. Բռնակոթ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) – 26.9.1948, Թավրիզ], արքեպիսկոպոս, ազգային-հասարակական գործիչ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1886), Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1900): Ուսուցչություն է արել Բռնակոթի, Շուշիի թեմական, Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության դպրոցներում (1888–96): 1900-ին Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ) Մելիք-Թանգյանին ձեռնադրել է կուսակրոն սարկավագ, 1901- ին՝ վարդապետ: Այնուհետև Մելիք-Թանգյանը կարգվել է Տաթևի վանքի վանահայր և Սյունիքի թեմի առաջնորդական փոխանորդ: 1903-ին ընդդիմացել է Հայ եկեղեցու գույքի ու տիրույթների բռնագրավման վերաբերյալ ցարական կառավարության հրամանին: Այդ ծանր օրերին Ներսես վարդապետը դեգերել է Սյունիքի գյուղերում՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել եկեղեցական հարստությունը պետության տնօրինությանը հանձնելուն: Հայրենանվեր այդ գործունեության համար Խրիմյան Հայրիկը նրան պարգևատրել է լանջախաչով: 1905-ին ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական արյունալի ընդհարումների ժամանակ Մելիք-Թանգյանը  սեբաստացի Մուրադի հետ կազմակերպել է Կապանի 50 հայկական գյուղերի պաշտպանությունը, իսկ ֆիդայիներ Կորյունի, Կայծակի և այլոց հետ կազմավորել կամավոր. խմբեր և հետ մղել ջարդարարներին: 1906-ին Խրիմյան Հայրիկը Մելիք-Թանգյանին կարգել է Մայր աթոռի դիվանապետ: Սակայն ցարական կառավարությունը նրան անբարեհույս է համարել, հարուցել անհիմն մեղադրանքներ և 1907-ին աքսորել Ղրիմ՝ Ս. Խաչ վանքը: 1909-ին Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի միջնորդությամբ Մելիք-Թանգյանը ազատվել է աքսորից, վերադարձել Էջմիածին, 1912-ին ընտրվել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, 1914-ին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը Մայր տաճարում նրան ձեռնադրել է եպիսկոպոս: Առաջին աշխարհամարտին, երբ թուրքական բանակը ներխուժել է Ատրպատական, Ներսես սրբազանը սատարել է տեղացի 24 հզ. հայերի և 20 հզ. ասորի քրիստոնյաների, 1915-ին նախաձեռնել Ատրպատականում գտնվող տարագիր վանեցիների խնամատարության գործը: 1917-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով Մելիք-Թանգյանը կարգվել է նաև Վասպուրականի հայոց թեմի առաջնորդ, իսկ Ատրպատականի թեմի պատգամավորական  ժողովի խնդրանքով կաթողիկոսը նրան շնորհել է արքության պատիվ և տիտղոս: Լեռնահայաստանի (Ինքնավար Սյունիքի Հանրապետություն) Հանրապետությանը օգնելու նպատակով հանգանակել և Զանգեզուր է ուղարկել 2000 թուման, զենք ու պարենամթերք: Հայաստանի խորհրդային իշխանությունները Մելիք-Թանգյանին համարել են հակախորհրդային, վտանգավոր տարր, ստիպել Գևորգ Ե Սուրենյանցին հետ կանչել նրան Ս. Էջմիածին: Սակայն Ատրպատականի հայությունը թույլ չի տվել նրան մեկնել Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ներսես սրբազանը միջոցներ է հայթայթել «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման, զոհված հայ բանակայինների երեխաներին օգնելու համար:

Մելիք-Թանգյանի գիտական հետաքրքրությունները ամփոփված են «Հայոց եկեղեցական իրավունքը» (1903–05) երկհատոր հիմնարար աշխատության մեջ: Նա առաջինը, ընդգրկելով գրեթե բոլոր փուլերը, հավաքել ու ի մի է բերել Հայ առաքելական եկեղեցու իրավական հիմնահարցերը, եկեղեցական ժողովների որոշումները վաղ քրիստոնեությունից մինչև XX դ. սկիզբը, առաքյալների և Հայ առաքելական եկեղեցու հայրերի կանոնները: Նա առաջիններից էր, որ, գիտական խոր մեկնաբանություններով հանդերձ, մանրազնին քննել է «Պոլոժենիե»-ն և Ազգային սահմանադրությունը: Աշխատությունում շարադրել է եկեղեցու օրենսդրությունը, ընդհանուր, կազմակերպչական, վարչական, տնտեսական կառավարման հետ առնչվող խնդիրներ:

                                                                                   Ստեփանյանց Ս.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Աշխարհաբարի քերականութիւնը ամբողջութեամբ, Շուշի, 1893: 

Մշակ և Նոր դար: Կուսակցութիւններ և մի քանի խնդիրներ, Մ., 1894:

Աճեմյան Հ., Տեր-Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի կյանքը և գործունեությունը, Թավրիզ, 1926: 

Հուշամատյան Ներսես Մելիք-Թանգյան արքեպիսկոպոսի, Թեհրան, 1968: 

Ստեփանյանց Ս., Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք, Ե., 1994:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am