ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ, սուրբ Մեսրոպ Մաշտոց [մոտ 360, գ. Հացեկաց (Տարոն գավառ) – 17.2.440, Վաղարշապատ, թաղված է Օշականում], հայկական գրի ստեղծող, հայոց դպրության հիմնադիր, հայ ինքնուրույն գրականության և Թարգմանչաց շարժման սկզբնավորող, քրիստոնեության քարոզիչ, վարդապետ, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Մատենագրության մեջ հայտնի է նաև Մեսրոպ անունով: Հնագույն աղբյուրներում, մինչև VII դ., Մաշտոց է, VII–X դդ. միաժամանակ գործածվել է և՛ Մաշտոց, և՛ Մեսրոպ, X դարից հետո հիմնականում՝ Մեսրոպ, XX դ. սկսեցին գործածել միատեղ՝ Մեսրոպ Մաշտոց:

Մեսրոպ Մաշտոցը  ծնվել է ազնվականի ընտանիքում, Տարոնում ստացել հունական կրթություն: Մոտ 389-ին հաստատվել է Վաղարշապատում և երկրի հազարապետ Առավանի ղեկավարությամբ որպես ատենադպիր պաշտոնավարել արքունիքում, ապա անցել զինվորական ծառայության:

Ֆրանչեսկո Մաջոտո - Մեսրոպ Մաշտոց395-ին թողել է աշխարհիկ կյանքը և մտել միայնակեցության կարգի մեջ: Իր շուրջը հավաքել է աշակերտներ, զբաղվել Ավետարանի ուսուցմամբ: Մեսրոպ Մաշտոցն աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ. նախ եղել է Գողթն գավառում, որտեղ, ինչպես և Հայաստանի շատ վայրերում, պահպանվել էր հեթանոսական կրոնը: Տեղի իշխանի օգնությամբ դարձի է բերել բնակիչներին, հիմնել քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր: Մեսրոպ Մաշտոցն այդ առաքելության ժամանակ սկսել է լրջորեն մտահոգվել երկրի վիճակով: Քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել հարավից՝ ասորի, և արևմուտքից՝ հույն քարոզիչների միջոցով, որոնք իրենց հետ բերել էին ասորերենն ու հունարենը: Թեև քրիստոնեությունը Հայաստանում վաղուց էր ճանաչվել որպես պետական կրոն (301), բայց ժողովուրդը մնացել էր անհաղորդ նոր կրոնին: Երկրում Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական երկերը եղել են հունարեն կամ ասորերեն, ընթերցումները, ժամերգություններն ու ծեսերը կատարվել են ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի այդ լեզուներով: 387-ին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև երկու մասի բաժանված Հայաստանի արլ. և արմ. հատվածները սկսել էին միմյանցից օտարանալ: Արմ. հատվածում Արշակունի հարստությունը հեռացվել էր իշխանությունից, և երկիրը դարձել էր կայսերական նահանգ, իսկ արլ. հատվածում Արշակունյաց թագավորությունը հարատևել է մինչև 428-ը: Եկեղեցին նույնպես տրոհվել էր. բյուզանդական մասում ենթարկվել էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն համարվել հունարենը: Պարսկական մասում արմատավորվել էր պարսկերենը, իսկ ասորերենը դարձել եկեղեցու լեզուն: Հայոց ազգային  հոգևոր կառույցի երկու կարևոր հեծանները՝ պետությունը և եկեղեցին, ճեղքվածք էին տվել: IV դ. վերջին փոխված երկրի քաղաքական դրությունն առաջ էր բերել հավատի վերաքարոզչության, ժողովրդի լայն խավերին քրիստոնեական գաղափարներով համակելու խնդիրը: Մեսրոպ Մաշտոցը  Գողթնում քարոզչության ժամանակ համոզվել է, որ անկարելի է «կյանքի խոսքը» (Կորյուն) սերմանել օտար, անհասկանալի լեզվով, և հանգել է քրիստոնեության հայերեն ավետարանությանը, հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությանը: Այդ մտահոգություններով գալով Վաղարշապատ՝ Մեսրոպ Մաշտոցը դիմել է Սահակ Ա Պարթև կաթողիկոսին, հայտնել իր ծրագիրը և անմիջապես ստացել նրա լիակատար հավանությունը: Հայոց Վռամշապուհ թագավորը, որը նախանձախնդիր էր հայերեն գիր ստեղծելու գործում, նույնպես հավանություն է տվել այդ ծրագրին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան: Թագավորը Վահրիճ իշխանին ուղարկել է Դանիելին մերձակից Հաբել երեցի մոտ: Վերջինս, Դանիելից առնելով գրերը, Վահրիճի հետ բերել է Հայաստան: Հիմնվել են դպրոցներ, Մեսրոպ Մաշտոցը ստացել է վարդապետի (ուսուցիչ) կոչում և սկսել բերված գրերով մանուկներին հայոց լեզու ուսուցանել: Բայց ժամանակի ընթացքում պարզվել է, որ դանիելյան նշանագրերը չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին, անբավարար են հայերենն արտահայտելու, դասավանդելու և թարգմանություններ կատարելու համար:

Հայերեն դպրության գաղափարն իրագործելու, պաշտամունքը հայերեն դարձնելու ճանապարհին մեծ արգելք էր նաև ասորի հոգևորականությունը, որը, օգտվելով Պարսից պետության հովանավորությունից, վճռական դեր է ունեցել Հայ եկեղեցում: Արլ. Հայաստանում եկեղեցու արարողությունը և պաշտամունքը եղել է ասորերեն: Ասորի կրոնավորները չեն ցանկացել զիջել այդ շնորհը և թուլացնելՍտեփանոս Ներսիսյան - Մեսրոպ Մաշտոց իրենց դիրքերը: Ելք գտնելու նպատակով Սահակ Ա Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը  գումարել են եկեղեցական ընդհանուր ժողով՝ «երանելի միաբանյալների աշխարհահոգ խորհուրդ» (Կորյուն): Բայց ասորի հոգևորականների ճնշմամբ ժողովը չի արտոնել հայերեն գիր ունենալու հարցը: Մեսրոպ Մաշտոցը և կաթողիկոսը ժողովից հետո դիմել են Վռամշապուհ թագավորին: Վերջինս Մեսրոպ Մաշտոցին ուղարկել է Ասորիք՝ ասորերեն հոգևոր և քաղաքական իշխանությունների հետ բանակցելու և նրանց միջոցով ներազդելու Հայաստանում գործող ասորի հոգևորականության վրա: 405-ին Մեսրոպ Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ գնացել է Ասորիք. նրան ընդունել են երկրի հոգևոր և աշխարհիկ իշխանությունները: Եղել է Ամիդ, ապա՝ Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցել ասորի հոգևորականների հետ, բայց՝ ապարդյուն: Կորյունի վկայությամբ, Մեսրոպ Մաշտոցը Եդեսիայում արարել է հայոց այբուբենը. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»: Եդեսիայում Մեսրոպ Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորել է՝ օգտվելով հունարեն այբուբենի հերթականությունից, տառերին տվել է անուններ (այբ, բեն), որոշել նրանց թվային արժեքները (Ա=1, Ժ=10, Ճ=100,Ռ=1000): Ապա, անցնելով Սամոսատ, հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ գեղագրել է նշանագրերը: Այստեղ Մեսրոպ Մաշտոցն իր երկու աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ նոր գրերի օգնությամբ ձեռնարկել է Աստվածաշնչի թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից, որոնց առաջին տողերն են՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Հայերեն գրված այդ առաջին բառերը դարձել են Թարգմանչաց շարժման բնաբանը՝ իր պատմության ամբողջ ընթացքում:

406-ին Մեսրոպ Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադարձել է Հայաստան: Երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը: Տառերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ շրջագայել է Հայաստանում, բացել դպրոցներ, կրթել աշակերտներ, հիմնել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության և գիտության կենտրոններ, նշանակել եպիսկոպոս-տեսուչներ: Եղել է Կ. Պոլսում, բանակցել կայսրի և հունաց Ատտիկոս պատրիարքի հետ: Ստանալով կայսրի համաձայնությունը՝ Հայաստանի բյուզանդական մասում նույնպես բացել է հայերենուսույց դպրոցներ, հայ երեխաներին կրթել մայրենի լեզվով: Եղել է Վրաստանում, որտեղ նրան ընդունել են Վրաց թագավոր Բակուրը և Մովսես եպիսկոպոսը: Կորյունի վկայությամբ, հորինել է նաև վրացերեն գրեր: Այդ գործում Մեսրոպ Մաշտոցին օգնել է վրացերեն լեզվին քաջատեղյակ մի մարդ՝ Ջաղա անունով: Ըստ Կորյունի, Մեսրոպ Մաշտոցը Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել է նաև աղվանական տառերը: Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Ա կաթողիկոսն անհաշտ պայքար են մղել 431-ի Եփեսոսի Գ տիեզերական ժողովում բանադրված և Հայաստան ներթափանցած նեստորականության դեմ: Այդ առթիվ նրանց թղթակցությունները ժամանակի հայտնի հույն եպիսկոպոսների և աստվածաբանների հետ (Կ. Պոլսի Պրոկղ պատրիարք, Մելիտինեի Ակակիոս և Եդեսիայի Ռաբուլաս եպիսկոպոսներ) արտահայտել են հավատի անաղարտության և Ընդհանրական եկեղեցու ընդունած դավանական որոշումների նկատմամբ Հայ եկեղեցու սուրբ հայրերի՝ Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի բարձր նախանձախնդրությունը:

Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա կաթողիկոսի հիմնադրած թարգմանչական դպրոցն առաջին հերթին պետք է իրագործեր Աստվածաշնչի թարգմանությունը: Այդ գլխավոր գործի իրականացումն սկսվել է գրերի գյուտից անմիջապես հետո:

Սահակ Ա Պարթևն իր աշակերտների հետ 405–408-ին Աստվածաշունչը թարգմանել է ասորերեն Փեշիտտա կոչված բնագրից՝ ձեռքի տակ չունենալով եբրայերենը և հունարենը: Կարճ ժամանակում Ս. Գրքի հիմնական մասը թարգմանվել է հայերեն և բազմացվել գրչությամբ: Այդ թարգմանությունը ծառայել է իր նպատակին շուրջ քառորդ դար, մինչև 432–433-ը, երբ Կ. Պոլսից վերադարձած Մեսրոպ Մաշտոցի աշակերտներ Ղևոնդ Երեցը (Վանանդեցի), Կորյունը, Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին, ի թիվս մի շարք գրքերի, երկու տիեզերական ժողովների կանոնների, իրենց հետ բերել են Աստվածաշնչի Յոթանասնից հունարեն թարգմանության ստուգված օրինակը: Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Ա Պարթևը, Եզնիկ Կողբացու ու Հովսեփ Պաղնացու հետ միասին, սկսել են ասորերենից կատարված նախնական, Փութանակի կոչվող թարգմանության համեմատումը բերված հունարեն բնագրի հետ և փաստորեն կատարել Աստվածաշնչի երկրորդ թարգմանությունը, որով ստեղծվել է Աստվածաշնչի հայտնի ՍահակՄեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը:

Այդ երկրորդ, ժամանակի ամենահմուտ ու բանիմաց հայ գրագետների կատարած վերջնական թարգմանությունը դարձել է դասական հայերենի մաքրության չափանիշ. Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը համարվում է «թարգմանությանց թագուհի»:

Շարունակելով թարգմանական և խմբագրական աշխատանքը՝ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Ա Պարթևը կազմել են Հայ եկեղեցու Խորհրդատետր-Պատարագամատույցի, Ժամագրքի նախնական տարբերակները: Մեսրոպ Մաշտոցի անունով մեզ են հասել թուղթ, շարականներ, քարոզներ, ճառեր, թարգմանական և խմբագրական  մի շարք երկեր, որոնց շատերի վավերականությունը չի հաստատված: Ըստ մատենագրական աղբյուրների, Մեսրոպ Մաշտոցն իր կյանքի ճգնավորական շրջանից սկսած, հոգևոր երգեր և բանաստեղծություններ է հորինել:

Գրերի գյուտից հետո, երբ ծառացել է Հայ եկեղեցու արարողակարգի և պաշտոներգության հայացման խնդիրը, Մեսրոպ Մաշտոցի երգերը որդեգրվել են եկեղեցու կողմից՝ հետագայում մտնելով Շարակնոցի մեջ: Շարականագիրների միջնադարյան ցուցակների հեղինակները «Ապաշխարության» երգերը (շուրջ 130 միավոր) վերագրում են Մեսրոպ Մաշտոցին: Դրանք մեսրոպյան տառերով գրված առաջին չափածո երկերնեն, որոնցով Մեսրոպ Մաշտոցը դարձել է հայ գրավոր բանաստեղծության հիմնադիրը: Դրանք նաև հայ հոգևոր երգարվեստի առաջին նմուշներն են, քանի որ «Ապաշխարության» երգերը մշտապես կիրառվել են ժամերգության մեջ. երգվում են քառասնորդական պահոց շրջանում, շաբաթպահքերին՝ երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ օրը, և բոլոր չորեքշաբթի և ուրբաթ օրերին, բացառությամբ Ծննդյան շաբաթվա (հունվ. 6–13) չորեքշաբթի և ուրբաթ օրերը ու ս. Զատկից մինչև Համբարձում ընկած շաբաթների չորեքշաբթի և ուրբաթ օրերը, որոնք պահոց օրեր չեն: Մաշտոցյան «Ապաշխարության» երգերի մեծամասնությանը բնորոշ են ազգային շարականերգության սկզբնական շրջանի (V–VI դդ.) հատկանիշները: Դրանք 3–4 տնից բաղկացած, սաղմոսատիպ, մատչելի լեզվով գրված, սակայն խորապես քնարական և հեղինակի բանաստեղծ. ներշնչանքի կնիքը կրող կցուրդներ են: Մեղեդիները հիմնականում աչքի են ընկնում պարզ դիատոնիկ կառուցվածքով, որը պայմանավորված է հայ հոգևոր երգարվեստի ատաղձը հանդիսացող ավանդական ութ ձայնեղանակներով (տես Ութձայն): «Ապաշխարության» շարականների երաժշտաբանաստեղծական արժանիքները խորապես ազդել են հետագա դարերի հեղինակների (Ստեփանոս Սյունեցի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի և այլք) ստեղծագործության վրա: Մեսրոպ Մաշտոցի «Ապաշխարության» երգերի մի մասը (մասնավորապես՝ ծանր տիպի երգերը) ակնհայտորեն վերաեղանակավորվել են X–XIV դդ.: Շարակնոցում հանրաճանաչ է Հայոց կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունու (478–490) և XIII դ. պատմագիր, աստվածաբան Վարդան Արևելցու անուններով հասած Սրբոց թարգմանչաց կանոնը, որի մանկունքը («Նմանեալ Մովսէսի») հատկապես նվիրված է Մեսրոպ Մաշտոցին: Մեսրոպ Մաշտոցի երգերը, բացի Շարակնոցից, տեղ են գտել նաև Մաշտոց ծիսարանում և Ժամագրքում:

Մեսրոպ Մաշտոցը, հայերենի առաջին ուսուցիչը, հայ դպրության, հոգևոր երաժշտության սկզբնավորողը լինելով, նաև հայ մանկավարժության հիմնադիրն է: Նա մշակել է հայոց լեզվի, հայ երաժշտության և հայկական նորաստեղծ դպրոցներում ուսուցվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշել հայկական դպրոցի լեզվական հիմունքը՝ դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի՝ որպես մայրենի լեզվի ուսուցմամբ, առարկաները դասավանդել հայերեն, օտար լեզուները՝ հայոց լեզվի հիման վրա: Մաշտոցյան այդ սկզբունքը հետագա դարերում ավանդական է դարձել հայկական դպրոցներում: Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավար Հմայակ Մամիկոնյանը մեծ բազմության ուղեկցությամբ նրա մարմինը տեղափոխել են Օշական, որտեղ երեք տարի անց Վահան Ամատունին տաճար է կառուցել՝ աճյունը տեղափոխելով այնտեղ: Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը դարձել է սրբատեղի: Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի Հայոց կաթողիկոսը հանձնարարել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կորյունին՝ գրել իր ուսուցչի կյանքն ու գործը:

Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է և դասվել Հայ եկեղեցու սրբերի կարգը: Նրան նախ սրբացրել է ժողովուրդը, ապա՝ Հայ եկեղեցին: Հայսմավուրքում ս. Մեսրոպ Մաշտոցի անունը հիշատակվում է երեք տոներում, բոլորն էլ՝ շարժական. 1. «Սրբոյն Իսահակայ Պարթևի հայրապետին մերոյ» (հունվարի 24-ից մինչև փետրվարի 28-ը, Առաջավորաց պահքի կիրակիից հետո 14-րդ օրը, շաբաթ), 2. «Սրբոց Թարգմանչաց մերոյ Սահակայ և Մեսրովբայ» (հունիսի 1-ից մինչև հուլիսի 16-ը, Հոգեգալուստից հետո 33-րդ օրը, հինգշաբթի), 3. «Սրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոյ Մեսրովբայ, Եղիշեի, Մովսիսի Քերթողին, Դաւթի Անյաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն և Ներսիսի Կլայեցւոյն» (հոկտ. 3-ից մինչև նոյեմբ. 7-ը):

Հետագա սերունդները ս. Մեսրոպ Մաշտոցին կոչել են երկրորդ Լուսավորիչ: Գրիգոր Ա Լուսավորիչը և Մեսրոպ Մաշտոցը հայոց քրիստոնեության երկու առաքյալներն են: Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրեց ազգը, Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրեց քրիստոեությունը:


Մարտիրոսյան  Ա., Արևշատյան Ա.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Կորյուն, Վարք Մաշտոցի, Ե., 1995: 

Կարապետ Սասնեցի, Ներբողեան յաղագս վարուց և մահուան Ս. Վարդապետին Մեսրոբայ, Վաղ-պատ, 1897: 

Թահմիզյան Ն., Մեսրոպ Մաշտոցն ու հայոց հոգևոր երգարվեստը, ԲՄ, դ 7, 1964: 

Աճառյան Հ., Հայոց գրերը, Ե., 1984: 

ՄարտիրոսյանԱ., Մաշտոց, Ե., 1982: 

Արեվշատյան Ա., «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am