ՄԵՏՐՈՊՈԼԻՏ (հուն. μητροπολιτης – մայրաքաղաքացի), նախապես կոչվել է նաև գլխավոր եպիսկոպոս: Եկեղեցու նվիրապետական դասակարգման երրորդ աստիճանը (պատրիարքից և արքեպիսկոպոսից հետո): Մայրաքաղաքի (մետրոպոլիայի) եպիսկոպոսը, որպես թագավորանիստ քաղաքի հոգևոր առաջնորդ, աստիճանաբար ավելի մեծ նշանակություն է ստացել և կոչվել մետրոպոլիտ: Այս աստիճանը հաստատվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովում (325): Մետրոպոլիտ  ավելի լայն իրավասություններից է օգտվել, քան սովորական եպիսկոպոսը: Նա իրավունք է ունեցել՝ ա. իրականացնելու տվյալ երկրի մեջ մտնող եկեղեցիների կառավարում, բ. պաշտոնի նշանակելու և ձեռնադրելու եպիսկոպոս, գ. հրավիրելու եկեղեցական ժողովներ, դ. դատաստան կիրառելու եպիսկոպոսների նկատմամբ:

Մետրոպոլիտի անունը հիշատակվում է իր կառավարման ներքո գտնվող եկեղեցիներում:
«Մետրոպոլիտ» եզրը հայ մատենագրության մեջ գործածվել է իր սկզբնավորման ժամանակներից (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի): Հայ եկեղեցու Մետրոպոլիտի աստիճանը հաստատվել է Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսի (898–929) ջանքերով: Նպատակն էր՝ ամբողջացնել նվիրապետական ինն աստիճանները՝ որպես կռվան այն օգտագործելով հայ-հունական և հայ-լատինական եկեղեցաքաղաքական հարաբերություններում: Թեև ավելի վաղ, նույն նպատակով, Դվինի 610-ի ժողովում (տես Դվինի եկեղեցական ժողովներ) Սյունյաց աթոռը հռչակվել է մետրոպոլիտական, բայց դա գործնական կիրառություն չի ունեցել: Սյունյաց գահակալները մինչև X դ. կոչվել են եպիսկոպոսներ (տես Սյունյաց մետրոպոլիտություն):
Հայ իրականությունում մետրոպոլիտական է եղել միայն Սյունյաց աթոռը, թեև հիշատակվել է Սեբաստիայի, Մելիտինեի և Մարտիրոսաց քաղաքների հայկական Մետրոպոլիտների գոյությունը (Ստեփանոս արք. Օրբելյան): X–XI դդ. Սյունյաց իշխանության հզորացումով է պայմանավորվել Սյունյաց աթոռի մետրոպոլիտական աստիճանի գործնական վերահաստատումը, որն իր ենթակայության տակ ունեցել է տասներկու եպիսկոպոսական վիճակ: Հայ եկեղեցին Մետրոպոլիտներին այնպիսի մեծ դեր չի վերապահել, ինչպիսին եղել է Հույն և Կաթոլիկ եկեղեցիներում: Աղվանից կաթողիկոսության վերացումից հետո կաթողիկոսների հաջորդները կոչվել են Մետրոպոլիտներ՝ առանց արտաքին կարգի իրավունքի:
                                                                           Սարգսյան Ս.
 
Գրականության ցանկ
 
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ներսես Լամբրոնացի, Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ..., Վնտ., 1847:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am