ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կրոնական կազմակերպություն, ուխտ, կրոնավորների միաբանական կյանք, հոգևոր-կրոնական, ընկերային-հավաքական կեցության մի ձև, որտեղ յուրաքանչյուր վանական ապրում է միաբանական փոխադարձ պարտավորություններով:

Միջնադարյան Հայաստանում հատկապես մեծ հարգանք ու հեղինակություն են վայելել Մաքենացոց (VII դ.), Թանահատի (VIII դ.) և Հաղպատ-Սանահնի (XI–XIII դդ.) միաբանությունները: Աղբյուրների վկայությամբ, Հաղպատ-Սանահինում բնակվող միաբանների թիվն անցել է հազարից: Այս միաբանություններն աչքի են ընկել հոգևոր, ուսումնագիտական, մշակութային գործունեությամբ:

Եվրոպական միջնադարում (XII–XVI դդ.) Կաթոլիկ եկեղեցու ծոցում առաջացել են կրոնական կազմակերպություններ (Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կարմելյան, Հիսուսյան և այլն), որոնք կրոնաբարեգործական քողի տակ հետամտել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու քաղաքական նկրտումների իրագործմանը: Յուրաքանչյուր միաբանություն ունի Հռոմի պապի կամ եպիսկոպոսի հաստատած իր կանոնադրությունը: Միաբանությունների եռանդուն գործունեության շնորհիվ Կաթոլիկ եկեղեցին իր թևերն է տարածել Արևելքում՝ մինչև Ճապոնիա, Արևմուտքում՝ Ամերիկա աշխարհամաս, Աֆրիկա և այլուր: Միաբանությունները գործել են Հռոմի պապի անմիջական իրավասության ներքո և չեն ենթարկվել տեղական եկեղեցական իշխանություններին: Հայ իրականության մեջ այդպիսին էր XIV դ. Ծործորում և Քռնայում աշխույժ գործունեություն ծավալած Ֆրանցիսկյան միաբանությունը, որի անդամների գործուն ջանքերով լատիներենից հայերեն են թարգմանվել կաթոլիկ դավանանքը ջատագովող շատ աշխատություններ:

Կրոնականից զատ միջնադարում կենցաղավարել են նաև աշխարհիկ բնույթի միաբանություններ:

Այդպիսիներից էին միջնադարյան Հայաստանում (Անի, Կարին, Վան, Երզնկա) և հայկական  գաղթավայրերում (Ուկրաինա, Լեհաստան, Մոլդովա, Ռումինիա, Հունգարիա) գործող Եղբայրների կամ Կտրիճների միաբանությունները: Հատկապես հայտնի էին Երզնկայի «Եղբարց միաբանություն»-ը (կազմակերպված՝ 1280-ին) և Կամենեց-Պոդոլսկ, Յազլովեց քաղաքների Կտրիճվորաց եղբայրությունները (1522, 1658), որոնք ունեցել են իրենց կանոնադրությունները: Սրանց նպատակն էր ամուրի երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել հասարակական կյանքն ու կենցաղը, պահպանել բարիդրացիական հարաբերություններ հարևան ժողովուրդների հետ, անհրաժեշտության դեպքում զինված պայքարով պաշտպանել հայրենի քաղաքը:

Հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային նպատակներով XVIII դ. սկզբին (1701-ին),Մխիթար Սեբաստացու ջանքերով, ստեղծվել է Մխիթարյան միաբանություն (սկզբնապես՝ Անտոնյան):

Վենետիկի և նրանից ճյուղավորված Վիեննայի Մխիթարյանների (1773-ին՝ Տրիեստ, 1811-ից՝ Վիեննա) գործունեությունն ունեցել է կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական ուղղվածություն (տես Մխիթարյան միաբանություն):

Հայ առաքելական եկեղեցում զգալիորեն տարբեր է միաբանության ըմբռնումը թե՛ տեսական և թե՛ գործնական առումով: Յուրաքանչյուր վանք միաբանություն է՝ իր միաբաններով: Միաբանութունը կուսակրոնների հոգևոր ուխտ է, որի նպատակն է Ավետարանը քարոզել, հոգևոր-կրթական գործին ծառայել, հայագիտությունն ու հայ գեղարվեստը մշակել, աստվածահաճո հիմնարկություններ հաստատել և պահել, եկեղեցու համար հոգևոր վարիչներ պատրաստել: Միջնադարյան միաբանությունները ղեկավարվել են հիմնականում վանահայրերի կամ մասնավոր շնորհներով օժտված վարդապետների կենցաղավարական խրատներով: Եվ միայն XX դ. սկզբին մշակվել է մի ընդհանրական կանոնադրություն, որը վավերացվել է 1919-ին՝ Գևորգ Ե Սուրենյանցի կողմից, սակայն չի գործադրվել՝ 1930-ական թվականներից հետո եկեղեցու շուրջ ստեղծված քաղաքական-գաղափարախոսական աննպաստ հանգամանքների բերումով: Այդ կանոնադրության համաձայն, Մայր աթոռի միաբան են համարվել Ս. Էջմիածնում ձեռնադրված բոլոր եպիսկոպոսները, միաբան ընդունված վարդապետները, սարկավագները և դպիրները: Միաբանությունը, որը վարում է համայնական կյանք, իբրև վանահայր իրեն գլուխ ունի Ամենայն հայոց հայրապետին: Յուրաքանչյուր միաբան վանքում հավասարապես ստանում է բնակարան, սնունդ, բժշկական խնամք և այլն: 

                                                                   Սարգսյան Ս., Քյոսեյան Հ.

Գրականության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

 

Խաչիկյան Լ., 1280 թվականին Երզնկայում կազմակերպված «Եղբայրությունը»«Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1951, դ 12: 

 

Նույնի, Երզնկա քաղաքի «Եղբարց միաբանութեան» կանոնադրությունը (1280 թ.), ԲՄ, դ 6, 1962:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am