ՄԻՔԱՅԵԼ Ա ՍԵԲԱՍՏԱՑԻ (ծ. թ. անհտ –1576), Ամենայն հայոց կաթողիկոս 1567-ից: Հաջորդել է Ստեփանոս Ե Սալմաստեցուն, որի աթոռակիցն է եղել 1545-ից: Շնորհիվ կազմակերպչական մեծ կարողությունների՝ կարգավորել է Ամենայն հայոց կաթողիկոսության հարաբերությունները Աղվանից և Աղթամարի կաթողիկոսական աթոռների հետ, պաշտպանել Ս. Էջմիածնի գահերեցությունն ու իրավասությունները: 1557-ին շահ Թահմազ I-ից ստացած հատուկ հրովարտակով Ս. Էջմիածնի վիճակներ են համարվել Գանձակը, Պարտավը, Լոռին, Նախիջևանը, Գեղարքունիքը, Կապանը, Խոյը, Սալմաստը և Զակամը, որոնց նկատմամբ հավանականություններ է ունեցել Աղվանից կաթողիկոսությունը:
Նման հրովարտակ է ստացել նաև սուլթան Սուլեյման I-ից, որով Վասպուրականը, Ամիդը, Արճեշը, Խլաթը, Մուշը և Բաղեշը հաստատվել են Մայր աթոռի վիճակներ: Եռանդուն մասնակցել է հայ ազգային-ազատագրական շարժմանը, եղել Էջմիածնի 1547-ի (տես Էջմիածնի ժողովներ 1547, 1677) գաղտնի ժողովի կազմակերպիչներից: 1562-ին Սեբաստիայի Ս. Նշան վանքում հրավիրել է ժողով, որին մասնակցել են ինչպես արևելահայ, այնպես էլ արևմտահայ հոգևոր-եկեղեցական և աշխարհիկ նշանավոր շատ գործիչներ: Ժողովը որոշել է Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցություններ վարել Հռոմի պապի հետ և այդ նպատակով ստեղծել է հատուկ պատվիրակություն: Այդ կապակցությամբ Միքայել Ա Սեբաստացի 1562-ի մայիսի 20-ին կազմել է երկու դիմումագիր՝ ուղղված Պիոս IV պապին, և Աբգար Թոխաթեցու միջոցով ուղարկել Հռոմ: 1563-ին կրկին դիմել է Հռոմի պապի օգնությանը՝ պարսկական և թուրքական լծից Հայաստանի ազատագրությանը աջակցելու խնդրանքով, սակայն որևէ արդյունքի չի հասել: Միքայել Ա Սեբաստացին մեծ նպաստ ունի հայկական տպագրության կազմակերպման գործում: Նրա հանձնարարությամբ Աբգար Թոխաթեցին 1565-ին Վենետիկում հիմնել է տպարան և տպագրել գրքեր:
Կաթողիկոսական գահին Միքայել Ա Սեբաստացուն հաջորդել է Գրիգոր ԺԲ Վաղարշապատցին:
Ութուջյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786:
Սիմեոն Երեվանցի, Ջամբռ, Վաղպատ, 1873:
Պալճյան Ա., Պատմութիւն կաթողիկէ վարդապետութեան ի Հայս, Վնն., 1878:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am