ՄԻՆԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ, Տիգրանյան, Խարբերդցի [մոտ 1658, Դիարբեքիր (Տիգրանակերտ) – 12.5.1740, Մոսկվա], Հայ եկեղեցու դավանական հանդուրժողականության թևի ներկայացուցիչ, ազգային-ազատագրական շարժման գործիչ: Մոտ 1680-ին մտել է Դիարբեքիրի Ս. Առաքելոց եկեղեցին և ընդունել կուսակրոնություն, 1684-ին ձեռնադրվել աբեղա: 1694-ին դարձել է Արցախի Մեծիրանից Ս. Հակոբա վանքի վանահայրը: Մասնակցել է Անգեղակոթի ժողովին (1699, ապրիլ) և նշանակվել հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրու ուղեկից: Վերջինիս հետ այցելել է Պֆալց (1699), եղել Ֆլորենցիայում և Հռոմում (1700), իսկ 1701-ից մինչև կյանքի վերջը բնակվել Մոսկվայում: Մասնակցել է Հայաստանի ազատագրության համար ցարական արքունիքի հետ Իսրայել Օրու բանակցություններին, իսկ վերջինիս մահից (1711) հետո՝ շարունակել նրա գործը՝ հիմնականում միջնորդի դեր կատարելով ցար. կառավարության և հայ ազատագրական շարժման ղեկավարների միջև: Ռուսական արքունիքի հատուկ հանձնարարությամբ, 1716–17-ին եղել է Այսրկովկասում, այցելել Գանձասար և Ս. Էջմիածին: 1716-ին Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը Մինաս Վարդապետին ձեռնադրել է եպիսկոպոս և նշանակել ռուսահայոց հոգևոր առաջնորդ: Մասնակցել է Պետրոս Մեծի պարսկական («Կասպիական») արշավանքին (1722): 1720-ական թթ. ծավալված ազգային -ազատագրական շարժումների ընթացքում ռուսական արքունիքում պարբերաբար ներկայացրել և պաշտպանել է հայ ժողովրդի շահերը: Զբաղվել է նաև հայանպաստ հոգևոր գործունեությամբ, Մոսկվայում և Աստրախանում հայկական եկեղեցիներ կառուցելու խնդրագրով դիմել ռուսական կառավարությանը (1719):
Մահից 2 շաբաթ առաջ ընդունել է ուղղափառություն:
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, մաս 2, Ե., 1959:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am