ՄԻՍԻՈՆԵՐՈՒԹՅՈՒՆ (< լատ. missio – առաքում, հանձնարարություն), քարոզչություն, առաքելություն, որևէ կրոնի կամ դավանանքի տարածում, եկեղեցիների և նրանց կազմակերպությունների քարոզչական գործունեություն: Միսիոներության պարզագույն ձևերը բնորոշ են բոլոր կրոններին, բայց այն առավել մեծ դրսևորում է ստացել քրիստոնեության մեջ: XI–XII դարերից սկսած ընդունել է կազմակերպչական որոշակի ձև, և միսիոներությամբ զբաղվել են հատուկ դրա համար ստեղծված կազմակերպությունները (սկզբում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին և կաթոլիկ. կազմակերպությունները, այնուհետև, XVII–XVIII դարերից՝ նաև բողոքական եկեղեցիները և նրանց քարոզչական ընկերությունները): Միսիոներությունը հետապնդել է հեթանոսներին, անհավատներին և այլադավաններին «դարձի բերելու» և «Աստծո խոսքը» նրանց մեջ տարածելու նպատակ: Խաչակրաց արշավանքներից (XII դ.) սկսած Միսիոներությունը  ստացել է հիմնականում քաղաքական երանգ և նպաստել համեմատաբար հզոր երկրների, որոշակի խավերի քաղաքական նպատակների իրագործմանը: Քրիստոնեության առաջին քարոզիչը Հիսուս Քրիստոսն է, որը մկրտվելուց հետո «քարոզում էր Աստծո Ավետարանը» (Մարկ. 1.14) և իր առաքյալների հետ միասին քրիստոնեական հավատի դարձնում հեթանոսներին՝ «որովհետև հենց դրա համար եմ եկել» (Մարկ. 1.38):

Հարությունից հետո Հիսուսը նույնը պատվիրել է իր առաքյալներին.«Գնացեք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցեք Ավետարանը բոլոր մարդկանց» (Մարկ. 16.15): Գործք առաքելոցում վկայվում է աշխարհի չորս ծագերում առաքյալների քարոզչության մասին, որոնք տարածել են Աստծո խոսքը և դարձի բերել հազարավոր մարդկանց: Ըստ ավանդության, Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներն ու տարածողներն են եղել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները:

Մինչև Հայաստանում քրիստոնեության պաշտոնական ճանաչումը (301) և դրանից հետո երկրում քարոզչական եռանդուն գործունեություն են ծավալել ասորի և հույն քարոզիչները: Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչը քարոզչություն է արել ոչ միայն Մեծ Հայքի նահանգներում ու գավառներում, հիմնել թեմեր ու եկեղեցիներ, դարձի բերել արքայական ընտանիքին ու հայ ավագանու ներկայացուցիչներին, մկրտել ժողովրդին ու զինվորներին, այլև քրիստոնեությունը տարածել է Վրաց և Աղվանից երկրներում: Նրա թոռը՝ Գրիգորիսը, քրիստոնեություն է քարոզել Ատրպատականում, Փայտակարանում, Արցախում և Մասքութների երկրում, որտեղ էլ նահատակվել է: Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը և նրա աշակերտները քարոզչական մեծ գործունեություն են ծավալել Գողթն գավառում, Արցախում, Սյունյաց աշխարհում, Վիրքում և Աղվանքում: VI դ. սկզբին, հատկապես 506-ի Դվինի Ա եկեղեցական ժողովից հետո, երբ առաջին անգամ Հայ եկեղեցին դատապարտել է Քաղկեդոնի ժողովը, հայ հոգևորականները եռանդուն հակաքաղկեդոնական քարոզչություն են ծավալել Ասորիքում, Միջագետքում և քարոզել Հայ եկեղեցու դավանանքը, նրա հակաքաղկեդոնական դիրքորոշումը:

Հայաստանում և հայերի մեջ միսիոներական (քարոզչական) գործունեություն են ծավալել հատկապես Կաթոլիկ եկեղեցին, ավելի ուշ՝ նաև բողոքական քարոզիչները: Կաթոլիկ. միսիոներությունը Կիլիկյան Հայաստանում աշխուժացել է XIII դ. 2-րդ կեսին՝ երկրի թուլացման և շրջակա մահմեդական իշխանությունների ասպատակությունների հաճախացման շրջանում: Կիլիկիայի հայկական թագավորության աշխարհիկ տերերը և հոգևորականության մի մասը (այդ թվում՝ որոշ Հայոց կաթողիկոսներ) հույս ունեին ծիսադավանական զիջումների գնով ստանալ կաթոլիկ Եվրոպայի աջակցությունը և պահպանել երկրի երերուն անկախությունը հարևանների ոտնձգություններից: Տալով սին խոստումներ՝ Արևմուտքը օգնության նախապայման է համարել Հռոմի պապի գերիշխանության ճանաչումը, Կաթոլիկ եկեղեցու ծեսի ու դավանանքի ընդունումը: 1307-ի Սսի և 1316-ի Ադանայի եկեղեցական ժողովներում ընդունվել են լատինամետ որոշումներ, որոնք, սակայն, կիրառություն չեն գտել, և 1361-ի Սսի եկեղեցական ժողովում չեղյալ են հայտարարվել նախորդ ժողովների որոշումները: Բուն Հայաստանում կաթոլիկ քարոզիչները՝ նախ՝ Ֆրանցիսկյան, իսկ 1318-ից՝ Դոմինիկյան միաբանության անդամները, հայտնվել են 1240-ական թվականներից: Նրանք իրենց քարոզչության կայան-առաջնորդարանները հաստատել են վաճառաշահ խոշոր քաղաքներում և տարանցիկ առևտրի հանգուցակետերում, լատինադավան (կաթոլիկ) համայնքներ ստեղծել Հայաստանի մի շարք շրջաններում, ինչպես նաև Իրանի և Կովկասի հայաշատ քաղաքներում: Հռոմի պապի հատուկ կոնդակով հիմնվել է նոր արքեպիսկոպոսություն ՝ դոմինիկյանների գլխավորությամբ, Սուլթանիե (Ատրպատական) կենտրոնով:

Ընդգրկել է Արլ. Հայաստանը, Իրանը, Միջին Ասիան, Հնդկաստանը, Եթովպիան: Միսիոներության հետևանքով կաթոլիկությունը տարածվել է Անիում, Կարինում, Արտազում, Թավրիզում, Մարաղայում, ավելի մեծ չափերով՝ Նախիջևանի Երնջակ գավառի Քռնա (որտեղ 1330-ին Հովհաննես Քռնեցու գլխավորությամբ ստեղծվ ել է եպիսկոպոսություն և գործել մինչև 1766-ը), Ապարաներ, Սալիթաղ, Ապրակունիս, Խոշկաշեն և Ջահուկի շրջանի Ջահուկ ու Շահապոնս գյուղերում: Դոմինիկյան միսիոներները պայքար են ծավալել Հայ եկեղեցու դեմ, և Հայաստանում սկսվել է դավանաբանական լարված պայքարի մի ժամանակաշրջան: Սյունյաց հոգևորականները, հատկապես Գլաձորի և Տաթևի համալսարանների ուսուցչապետներն ու վարդապետները (Եսայի Նշեցի, Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի և ուր.) եռանդուն պայքար են ծավալել լատինադավանության դեմ: Կիլիկիայից և բուն Հայաստանից արտագաղթած կաթոլիկ հայերը, հաստատվելով Եվրոպայում, ձուլվել են բնիկ ազգերին, իսկ տեղում մնացածների զգալի մասը մահմեդականություն է ընդունել: XVI դ. վերջին – XVII դ. սկզբին Հայաստանում և Եվրոպայի հայկական գաղթավայրերում գործել են Հիսուսյան (ճիզվիտներ, 1650-ից), Թեատինյան, Կարմելյան և այլ միաբանությունների անդամները և Ուրբանյան դպրոցի (որի հայկական բաժինը 1884-ին վերածվել է Քահանայապետական Լևոնյան վարժարանի) ուսուցիչներն ու սաները: Նրանց գործունեության արդյունքում մինչև XVIII դ. լեհահայությունն ու հունգարահայությունը կաթոլիկացվել են, իսկ հետագայում՝ ուծացվել: Հայաստանում և հայկական  գաղթավայրերում գործած կաթոլիկ միսիոներներից հատկապես նշանավոր են Բարդուղիմեոս Բոլոնիացին, Պողոս Պիրոմալին, Կղեմես Գալանոսը, Հակոբ Վիլլոտը, Գաբրիել Շենոն, Տ. Լոնժոն, Ռուն և ուրիշներ (տես նաև Հայ կաթողիկե եկեղեցի, Ունիթորություն): Ավետարանական (բողոքական) միսիոներները հայերի շրջանում գործել են XIX դ. սկզբից: Արլ. և Արմ. Հայաստանում, Թուրքիայի և Կովկասի հայաշատ վայրերում գործել են գերմանացի, շվեդացի, շվեյցարացի, ամերիկացի, անգլիացի, նորվեգացի միսիոներները: Շվեդացական միսիոներությունը, որը ռուսական Ալեքսանդր I ցարի արտոնությամբ 1802-ին հաստատվել էր Հս. Կովկասի Պյատիգորսկ քաղաքի մոտ և հիմնել Կարրաս անունով մի գյուղ, կապեր է հաստատել հայերի հետ, քարոզիչներ ունեցել Թիֆլիսում և Շուշիում: Շվեդական «Սքաչ» քարոզչական ընկերությունը համագործակցել է ավելի ուշ Շուշիում հաստատված բազելյան քարոզիչներ Ֆ. Զարեմբայի և Ա. Դիտրիխի հետ: Գերմանացի քարոզիչները գերմնական ընտանիքների հետ Կովկաս են գաղթել Գերմանիայի Վյուրտեմբերգ քաղաքից և 1817-ին հաստատվել Վրաստանում: Գերմանացի գաղթականների 194 գերդաստան հիմնավորվել է Գանձակի գավառում՝ Հայաստանի Գարդմանք աշխարհում: Ինչպես Գարդմանքի, այնպես էլ Թիֆլիսի և այլ վայրերի գերմանացի  լյութերական քարոզիչները, հայերի հետ կապեր հաստատելով, մեծ ազդեցություն են ունեցել ավետարանականության տարածման և նրանց կրոնական համոզմունքների վրա:

Արևելահայերի շրջանում (հատկապես՝ Ղարաբաղում և Շամախիում) ավետարանականության տարածման գործում ամենանշանակալի դերը խաղացել է Շվեյցարիայի Բազել քաղաքի «Ավետարանական քարոզչական ընկերությունը», որը Կովկասում գործել է 1823–37- ին: Արմ. Հայաստանում, Կ. Պոլսում, Կիլիկիայում հիմնականում գործունեություն է ծավալել (1831-ից) ամերիկյան «Բորդ» միսիոներական ընկերությունը (տես նաև Հայաստանյայց ավետարանական եկեղեցի):

Երբեմն միսիոներների սխալ գործելակերպը (բացահայտ մարդորսություն, Հայ եկեղեցու ծիսադավան. ավանդության, տեղական բարքերի և սովորությունների անտեսում ևն) հանգեցրել է հայ հոգևորականության և աշխարհիկ տերերի դժգոհությունների, կաթոլիկ և ավետարանական հայերի հանդեպ հալածանքների և բանադրանքի: Տարբեր հարանվանությունների պատկանող հայերի միջև երբեմն արյունահեղությունների հասնող երկպառակությունները ժողովրդին ավելի անպաշտպան են դարձրել արտաքին ճնշումների հանդեպ, շեղել ազգային կենսական խնդիրներից:

Միսիոներության տարածման ամենաազդեցիկ միջոցներից էր դպրոցը: Միսիոներները մեծ կարևորություն են տվել կրթական ծառայություններին՝ հիմնելով բազմաթիվ դպրոցներ, վարժարաններ, քոլեջներ, ճեմարաններ (Կ. Պոլսում, Հալեպում, Բեյրութում, Խարբերդում, Մարզվանում, Մարաշում, Այնթապում, Տարսոնում, Իզմիրում, Բաղեշում, Վանում, Տրապիզոնում,Ուրֆայում, Պարտիզակում, Շուշիում, Շամախիում, Թիֆլիսում ևն): Նրանք, հատկապես Մեծ եղեռնից հետո, բացել են որբանոցներ, հիվանդանոցներ, ծերանոցներ, ստեղծել բարեգործական հիմնադրամներ, նյութական օգնություն ցույց տվել կարիքավոր հայ ընտանիքներին, ցեղասպանության արհավիրքներից ազատել տասնյակ հազարավոր հայերի: Միսիոներներից շատերը փորձել են աջակցել Հայկ. հարցի արդարացի լուծմանը, բողոքել մեծ տերությունների երկդիմի քաղաքականության դեմ: Իրենց հայանպաստ գործունեությամբ աչքի են ընկել Մ. Յակոբսենը, Կ. Եփփեն, Յո. Լեփսիուսը, Ա. Յոհանսոնը, Է. Մ. Ուինչեսթըրը, Է. Ռոբինսոնը, Ջ. Հորդը և ուր.: Ֆրանցիսկյան, Կապուչինյան, Հիսուսյան միաբանությունների կրոնավորները արհավիրքի տարիներին մարդասիական զգալի օգնություն են ցուցաբերել տեղահանված հայերին Հունաստանում, Հալեպում, Դամասկոսում, Բեյրութում: Հայ կաթոլիկներն ու ավետարանականները ներկայումս հակամարտ չեն Հայ առաքելական եկեղեցուն, համագործակցում են նրա հետ հոգևոր, կրթական, բարեգործական և ընկերային ասպարեզներում: Արդի շրջանում Հայաստանի Հանրապետությունում միսիոներական գործունեություն են ծավալում հիմնականում ամերիկյան կրոնական տարաբնույթ հոսանքներ:

                                         Տեր-Վարդանյան Գ. , Ղազարյան Ա.  


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ղուկասյան Հ., Բողոքականութիւն Կովկասու հայոց մէջ, Թ., 1886: 

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914, հ. 3, Երուսաղեմ, 1927: 

Ալպոյաճյան Ա., Պատմութիւն հայ դպրոցի, հ. 1, Կահիրե, 1946:

 Քասունի Ե., Լուսաշաւիղ. Պատմութիւն հայ աւետարանական շարժման. 1846–1946, Բեյրութ,

1947: 

Եղիայան Բ., Հայ կաթոլիկ և աւետարանական յարանվանութեանց բաժանումը ԺԹ դարուն, Անթիլի աս, 1971: 

Խաչիկյան Լ., Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, ԲՄ, դ 11, 1973:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am