ՄԽԻԹԱՐ Ա ԳՌՆԵՐՑԻ, Տեր Մխիկ (ծ. թ.անհտ – 1355), Ամենայն հայոց կաթողիկոս 1341-ից: Հաջորդել և նախորդել է Հակոբ Բ Անավարզեցուն (1327–41 և 1355–59): Մինչև կաթողիկոս դառնալը Կիլիկիայի Բարձրբերդ գավառի Գռների վանքի վանահայրն էր: Պետական շահի թելադրանքով, Հռոմի պապի հետ բանակցելով և հարաբերություններ հաստատելով հանդերձ, դեմ էր Հայ եկեղեցում կաթոլիկ ծեսերի գործադրմանը: Գահակալության գրեթե ողջ ընթացքում զբաղվել է ունիթորական գործիչ, մատենագիր Ներսես Պալիանենցի և ուրիշների՝ Ավինյոնի (1309–77-ին Հռոմի պապերի հարկադիր նստավայրը Ֆրանսիայում) պապական արքունիք ներկայացրած, Հայ եկեղեցուն վերագրված «117 մոլորությունների» ցուցակին և նրա բազմաթիվ տարբերակներին պատասխան-հերքումներ տալով: Նրա օրոք, 1345-ին Սսում գումարված եկեղեցական ժողովը, Եվրոպայից օգնություն ստանալու հույսով, ձևականորեն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու հետ միանալու Հռոմի պապի առաջարկը. որոշումը, սակայն, մնացել է թղթի վրա և չի իրագործվել: Մխիթար Ա Գռներցու կաթողիկոսության շրջանի նշանակալի դեպքերից է 1345-ին այսպես կոչված «հայ-լատին» Մաշտոցի ստեղծումը և պաշտոնական «ընդունումը» (չի գործածվել), որով հայ ավանդական Մայր Մաշտոցին խառնվել են 1185- ից հետո Ներսես Լամբրոնացու թարգմանած լատիներեն ծիսարանի կանոնները:
Տեր-Վարդանյան Գ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am