Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մխիթար Այրիվանեցի

 ՄԽԻԹԱՐ ԱՅՐԻՎԱՆԵՑԻ (1230/35, Երևան– 1297/1300, Այրիվանք, թաղված է իր ճգնարան-քարայրի շեմին), մատենագիր, պատմիչ, մանկավարժ, վարքագիր, բանաստեղծ, երգահան: Մխիթար Այրիվանեցու մասին պահպանված կենսագրական տեղեկությունները կցկտուր են: Հայտնի է, որ նա 1265–75-ին Խոր վիրապի վարդապետարանում ծավալել է գիտամանկավարժական լայնածավալ գործունեություն: 1265-ին ընդօրինակված ձեռագրերից մեկում հիշատակվում է որպես «անդրանիկ վարդապետ», իսկ 1268–71-ի ընթացքում գրված ձեռագրում՝ «գերահռչակ և բարերջանիկ, վսեմախոհ րաբունի»«րաբունյաց րաբունի»: Առնչվել է Հովհաննես Վանականի ու Վարդան Արևելցու դպրոցների հետ և իր ստեղծագործական ողջ կյանքում շարունակաբար զարգացրել դրանց մանկավարժական ավանդույթները: Մինչև 1275-ը ապրել և գործել է Օրբելյաններին ենթակա հոգևոր կենտրոններում, ապա եկեղեցական  և գիտամանկավարժական գործունեությունը շարունակել Խաղբակյանների իշխանությանը ենթակա Այրիվանքում (տես Գեղարդավանք): 1277–79-ին որպես «Այրիվանքի սուրբ ուխտի» եպիսկոպոս վարել է Սրկղունիքի Ս. Հակոբ եկեղեցու և Թանահատի վանքի Ս. Ստեփանոս եկեղեցու նավակատյաց տոնակատարությունները: Մինչև 1289-ը որպես արքեպիսկոպոս ղեկավարել է Պռոշյաններին ենթակա հոգևոր կենտրոնների եկեղեցական գործերը: 1289-ին Այրիվանքի բարձրադիր ժայռերից մեկի քարայրում կառուցել է տվել ճգնարան-աշխատատեղի, մեկուսացել արտաքին աշխարհից, ապրել ճգնավորի 24 ժամվա համար նախատեսված կանոններով, շարունակել իր ստեղծագործական  աշխատանքը:

Մխիթար Այրիվանեցու գիտամանկավարժական և գրական գործունեության առաջին շրջանն աղերսվել է Պատարագամատույց (տես Խորհրդատետր-Պատարագամատույց), Հայսմավուրք, Մաշտոց եկեղեցածիսական  ժողովածուների հետ: Վերջինիս հետ են կապվել մի քանի ստեղծագործություններ, որոնց անդրանիկ նմուշը 1253–73-ի ընթացքում գրված «Երրորդ աւուրն գալստեան հոգոյն և աւրհնութիւն ձիթոյ» գանձն է: Բացի այդ նա ունի ծիսական նպատակներով, համապատասխան տաղով ու աղոթքով գրված մի գանձ ևս՝ «Նորակերտ գրոց» (Մատենադարան, ձեռ. դ 3987): Մաշտոց ծիսարանի հետ են աղերսվում Մխիթար Այրիվանեցու եկեղեցական պատկերների օրհնությանը նվիրված երգը և «Աղ աւրհնելոյ»«Խունկաւրհնելոյ»«Դրան եկեղեցւոյ» աղոթքները, որոնք նրա ինքնագրով պահպանված են Ճառընտիր ժողովածուի մեջ զետեղված Պատարագամատույցում: Նրա վաղ շրջանի հեղինակած գործերից են նաև Ստեփանոս Սյունեցու պատմագրական բնույթի, թարգմանական գրականությունից հայտնի Ալեքսիանոս Կրոնավորին նվիրված վարքերը, որոնք մուտք են գործել Հայսմավուրք ժողովածուներ: 1280-ական թթ. սկսվել է Մխիթար Այրիվանեցու գիտամանկավարժ. և գրական գործունեության երկրորդ՝ առավել բեղուն շրջանը: Նրա շնորհիվ մեծ հռչակ է ձեռք բերել Այրիվանքի ուսումնագիտական կենտրոնը, իր խոսքերով՝ «Այրիվանաց մեծ ուխտը»: Այդ տարիների դպրոցի բարձր մակարդակի վկայությունն է Մխիթար Այրիվանեցու կազմած վարդապետական բարձրագույն դպրոցներում եռյակ գիտությունների տեսական, իմաստասիրական, աստվածաբանական առարկաների դասավանդման համար հանձնարարվելիք գրականության ուսումնական ծրագիրը: Միջնադարից մեզ հասած միակ ամբողջական այս ծրագրում գրականությունը բաժանված է երկու մասի՝ «Սուրբ գրքեր» և «նուրբ գրքեր»: Առաջին մասում ընդգրկված են Աստվածաշնչի կանոնական և պարականոն գրքերը, Աղոթամատույց և Պատարագամատույց ծիսական ժողովածուները, երկրորդում՝ ինքնուրույն և թարգմանական գրականությունից հայտնի 13 հեղինակների 40-ից ավելի աստվածաբանական, իմաստասիրական բնույթի երկեր: Ծրագրում ընդգրկված հեղինակները և նրանց երկերը միմյանց նկատմամբ ունեն կայուն դասակարգում և հաջորդականություն: Ծրագիրը գիտական աշխարհում հայտնի է «Կարգադրութիւն գրոց սրբոց...» խորագրով և թարգմանված է մի քանի լեզուների: Այրիվանքում 1283-ին ի մի բերելով վերոհիշյալ ծրագրով նախատեսված ամբողջ գրականությունը ՝ նա 170 օրում, իր իսկ ընդօրինակությամբ, կազմել է դրան համապատասխան ուսումնական ձեռնարկ-ժողովածու՝ քրեստոմատիա (հայագիտության մեջ ճանաչված է Ճառընտիր անունով): Մխիթար Այրիվանեցու՝ հմուտ գիտնական խմբագրի 2000 մեծադիր էջերից բաղկացած փիլիսոփայական,աստվածաբանական, իմաստասիրական երկերի ինքնագիր այդ ժողովածուն (Մատենադարան, ձեռ.դ 1500) իր կառուցվածքով ու բովանդակությամբ մատենագիտական մեծարժեք հատընտիր է, հազվագյուտ գանձարան: Այն եզակի արժեք ունի ոչ միայն հայ, այլև միջնադարյան համաշխարհային գրական հուշարձանների շարքում:

1268-ին Մխիթար Այրիվանեցին ստեղծել է հոգևոր անհատական երգերի իր չափածո ժողովածուն՝ Գանձարանը, որը մեծ ճանաչման է արժանացել դեռևս միջնադարում և մեզ հասել հարյուրավոր ընդօրինակություններով: Այն թվակիր ամենահին անհատական ժողովածուն է հին և նոր խմբագրությամբ հայտնի գանձարաններում: Ժողովածուի հիմնական խմբում ընդգրկվել են տերունական, վկաներին, սրբերին նվիրված 19 գանձ, ծիսական բնույթի 2 գանձ, 2 երգ և ինքնագիր չափածո հիշատակարան (Մատենադարան, ձեռ. դդ 4011, 6529):

Մխիթար Այրիվանեցին եղել է իր իսկ գանձերի երգահանը: Նրա գանձերը բանաստեղծական խոսքով օժտված չափածո ստեղծագործություններ են և, իբրև համաբնույթ հոգևոր երգեր, կոչված են գովերգելու Տերունական տոները, ներբողելու սրբերին, վկաներին, քարոզելու աստվածապաշտություն, բարեպաշտություն, հավատապաշտություն:

Գանձերում կան նաև քրիստոնեական եկեղեցու ընդհանուր պատմությունից, հայ ժողովրդի անցյալի քաղաքական, հոգևոր ու մշակութային կյանքից քաղված պատմական նկարագրություններ՝ «Սրբոց հայրապետացն երեք ժողովոյն»«Գանձ ամենայն սրբոց թագաւորաց»: Փաստական հարուստ նյութ են պարունակում ազգային թեմաներով գրված «Սրբոց թարգմանչացն Սահակայ և Մեսրոպայ»«Սրբոց Հռիփսիմեանց», «Կաթողիկէ եկեղեցւոյ»«Ամենայն սրբոց թագաւորաց» գանձերը: Ժողովածուում արծարծվել են նաև հեղինակի հայրենասիրական, ազգային զգացմունքները: Անդրադառնալով սոցիալական հարցերին՝ հասարակության բոլոր դասերին հորդորել է զերծ մնալ ախտերից՝ հարբեցողությունից, ստախոսությունից, ագահությունից ևն: Մխիթար Այրիվանեցու գրական ժառանգության մեջ ուրույն տեղ են գրավում նրա բանաստեղծությունները, որոնք հիմնականում տաղեր են, օրհնության երգեր՝ հորինված եկեղեցական ձեռնարկների և ծիսական նպատակների համար: Նրա չափածո ստեղծագործությունները ձեռագրերում պահպանվել են խազագրված, երգվել ու երգվում են ժամերգություններում: Նա հեղինակ է նաև Ստեփանոս Սյունեցուն նվիրված շարականի, որը ցայժմ անհայտ է: Մխիթար Այրիվանեցուն պատմիչի ճանաչում է բերել «Նոր պատմութիւն» (1289, հրտ. «Պատմութիւն Հայոց», 1860) ժամանակագրական բնույթի երկը, որն ընդգրկում է հայ և հարևան ժողովուրդների պատմությունն Արարչագործությունից մինչև XIII դ.: Օգտագործված են կորած սկզբնաղբյուրներ, որի շնորհիվ մեզ են հասել պատմական եզակի տեղեկություններ: Կարևոր են Հայաստանի, Կիլիկյան Ռուբինյան իշխանության, Հայոց Արևելից Կողմանց, Վրաստանի ներքին կյանքի անցուդարձերը, մշակույթին վերաբերող տվյալները: Երկը նորություն է իր կառուցվածքով, ոճային առանձնահատկություններով, աշխատության առաջին մասում զետեղված մատենագիտ. նշանակության 35 անվանացանկերով:

Մխիթար Այրիվանեցին, լինելով ճանաչված գիտնական, Հայ եկեղեցու դավանական սկզբունքների զորավիգ, չէր կարող անտարբեր մնալ ժամանակի անցուդարձին: Իբրև ջերմ հայրենասեր և Հայ առաքելական եկեղեցու գաղափարախոսության ջատագով, նա աշխատել է նպաստել կաթողիկոսական աթոռն ու թագավորական  գահը Հայաստան տեղափոխելու ծրագրերի մշակմանը: Կյանքի վերջին տարիներին գրել է «Տոմարի տեսություն» աշխատությունը, որը մեզ չի հասել: Դրա առանձին հատվածներ պահպանվել են «Նոր պատմութիւն» երկում:

                                                                                 Հարությունյան Է.


Գրականության ցանկ


«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Հովսեփյան Գ., Մխիթար Այրիվանեցի,

Նորագիւտ արձանագրութիւն և երկեր, Երուսաղեմ, 1931: 

Հարությունյան Է., Մխիթար Այրիվանեցի, Ե., 1985:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am