ՄԽԻԹԱՐ ԳՈՇ [1120-ական թթ., ք. Գանձակ– 1213, Նոր Գետիկ վանք (Գոշավանք)], գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, մատենագիր, առակագիր, մանկավարժ, արևելյան վարդապետների ղեկավար (XII դ. վերջից մինչև մահը): Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա, աշակերտել Հովհաննես վրդ. Տավուշեցուն և ուրիշ գիտնականների, ստացել վարդապետի կոչում: Այնուհետև Մխիթար  Գոշը գնացել է Կիլիկյան Հայաստան, թաքցնելով վարդապետ. աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան վանքերի Մխիթար Գոշի արձանը Մատենադարանի առջև (հեղինակ՝ Ղուկաս Չուբարյան, 1967 թ.)համբավավոր վարդապետների մոտ, ավելի խորացել աստվածաբանության ու այլ գիտությունների բնագավառում և վերստին ստացել վարդապետի աստիճան: Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են, և Մխիթար  Գոշը  տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ, այստեղից էլ՝ Գետիկ վանք: Որոշ ժամանակ անց վանքն ու շրջակա գյուղերը երկրաշարժից ավերվել են: Ամիրսպասալար Զաքարե Բ Մեծ, Իվանե Ա Զաքարյան և Կայեն գավառի իշխանների հովանավորությամբ ու օժանդակությամբ Մխիթար  Գոշը Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել է Նոր Գետիկ վանքը և մինչև կյանքի վերջը բնակվել այնտեղ: Մխիթար  Գոշի իմաստության համբավն այնքան է տարածվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ) հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան:

Մխիթար  Գոշը մասնակցել է 1205-ի Լոռեի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին: Ժամանակակիցներն ու հետագա սերունդները Մխիթար  Գոշի անունը հիշել են մեծ հարգանքով ու ակնածանքով, նրան դասել հայոց եռամեծ վարդապետների շարքը, մեծարել «այր իմաստուն ու հեզ»«վարդապետական ուսմամբ հռչակեալ»«մեծ վարդապետ»«հռչակաւորն և մեծիմաստն գիտութեամբ» պատվանուններով: Մխիթար  Գոշը մեծ հեղինակություն է վայելել նաև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն: Միջնադարում նրա մասին հյուսվել են բազում ավանդություններ: Մխիթար  Գոշի գրչին են պատկանում մատենագրության տարբեր ճյուղերին վերաբերող մեկ տասնյակից ավելի աշխատություններ: Կիրակոս Գանձակեցին վկայում է, որ մեծ վարդապետը թողել է, որպես «յիշատակ և արձան գերեզմանի», իմաստախոհ գրքեր՝ հօգուտ ուսումնասերների: Այդ գործերն են. «Գիրք Դատաստանի» (Դատաստանագիրք), «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի մարգարէի»«Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա» (մեզ չի հասել), «Առակք»«Շարք հայրապետացն Աղուանից»,  «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ»«Թուղթ խրատական»«Փիլոնի Յաղագս նախախնամութեան բան առաջին առ Աղեքսանդրոս Գօշին ասացեալ պատճառ»«Ճառ ի յարութիւն Ղազարու»«Տաղ»«Ներբողեան ասացեալ ի նոր վկայն կոչեցեալ Խոսրով», աղոթքներ:

Հայ իրավաբանական մտքի մեծագույն նվաճումներից է Մխիթար  Գոշի Դատաստանագիրքը («Գիրք Դատաստանի»)՝ կազմված 1184-ին: Պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր (շուրջ 40-ը՝ Մատենադարանում, այդ թվում՝ հնագույնը, ձեռ. դ 488): Հայտնի են Դատաստանագրքի Ա, Բ, Գ խմբագրությունները: Ա խմբագրությունը բաղկացած է նախադրությունից և բուն Դատաստանագրքից (251 հոդված): Բ խմբագրությունը բաժանվում է աշխարհական (130 հոդված) և եկեղեցական մասերի (124 հոդված): Գ խմբագրությունը նույնանում է Ա-ի հետ,Գոշավանք սակայն համառոտ է և պարունակում է գործնական իրավանորմեր: Ենթադրվում է, որ գործածվել և կիրառվել է առավելապես Գ խմբագրությունը: Դատաստանագրքի աղբյուրներն են Աստվածաշունչը (Մովսիսական օրենքներ), հայոց կանոնական իրավունքը և սովորութային իրավունքը: Գրվել է հայ ժողովրդի ազգային -ազատագրական ոգի բարձրացնելու, հայոց պետականության վերստեղծման, ապագա թագավորության պետաիրավական հիմունքները սահմանելու, հայ հասարակությունում Հայ առաքելական եկեղեցու դիրքերն ամրապնդելու, օտարների դեմ պայքարում ազգային ինքնությունը պահպանելու նպատակով: Հայոց թագավորության վերականգնումը իրական և գործնական հիմքերի վրա դնելու համար Մխիթար  Գոշը ձգտել է ստեղծել ազգային օրենսգիրք, բավարարել հայ հասարակության բոլոր խավերի իրավական պահանջմունքները, կանոնակարգել նրանց իրավահարաբերությունները և, ամենակարևորը, պաշտպանել ընդհանուր համազգ. շահերը, ժողովրդի ինքնությունն ու քաղ. պայքարը: Այդ պատճառով Դատաստանագիրքը հոգևոր մեծ արժեք լինելուց բացի դարձել էր ամենօրյա կիրառության ուղեցույց և իրավաքաղ. ծրագիր:

Իր Դատաստանագրքով Մխիթար  Գոշն ազդեցիկ զենք է տվել հայ իշխաններին և ավատատերերին՝ իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու, սեփական իշխանությունը հաստատելու (այդ ժամանակ Զաքարյանները հաջող պայքար էին մղում մահմեդական ցեղերի և իշխանությունների դեմ և ազատագրում Հս. Հայաստանը), Հայ եկեղեցուն՝ կրոնադավանական պայքարում (բուն Հայաստանում Հույն և Վրաց եկեղեցիների, Կիլիկյան Հայաստանում՝ Հույն և Կաթոլիկ եկեղեցիների հետ միություն կազմելու փորձերի դեմ) իր ինքնուրույնությունը պահպանելու, նվիրապետությունը սրբագործելու, հոգևորականությանը՝ իր արտոնությունները պահպանելու, ինչպես նաև շինականներին՝ ավատական կամայականություններից, գերկեղեքումից, պաշտոնեական չարաշահումներից պաշտպանվելու համար: Մխիթար  Գոշն իր Դատաստանագրքով ջանացել է ապահովել երկրի ներսում արդարադատությունն ու խաղաղությունը, կայունացնել հասարակության ներքին անդորրը, որպեսզի երկրի բոլոր ուժերը կարողանան հարմար պահին հզոր պոռթկումով, հոգևոր և ֆիզիկական ուժերի կենտրոնացումով պայքարել անկախության համար և վերականգնել «յանուրջս երեւութացող» թագավորությունը:

Դատաստանագիրքը գրելու պատճառը ոչ միայն բարքերի անկումն էր, խախտված իրավահարաբերությունները, այլև գրավոր դատաստանագիրք չունենալու հայերին ուղղված մեղադրանքները և հայերի գործերը մահմեդական դատարաններում չքննվելու մտահոգությունը:

Դատաստանագրքի երևան գալու նախադրյալներն էին նաև քաղաքների աճը, քաղաքային կյանքի աշխուժացումը, առևտրի, վաշխառության, արհեստների զարգացումը և դրանց հետ կապված՝ իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը:

Մխիթար Գոշը Դատաստանագիրքը կազմել է իր պետաիրավական տեսության հիման վրա, որը նրա ընդհանուր քաղաքական տեսության մասն էր կազմում:

Անցյալի փորձի և իր ժամանակի կյանքի դիտարկումների ընդհանրացմամբ Մխիթար Գոշը հանգել է այն եզրակացության, որ պետությունն ու եկեղեցին են այն երկու հիմնական սյուները, որոնք պահում են հասարակության ամբողջ շենքը որպես քաղաքական իրողություն: Դատաստանագրքի ամբողջ նյութը հիմնականում ընտրված է այդ սյուներին համապատասխան և հյուսված դրանց վրա: Մխիթար Գոշը  ներկայացրել է պետություն-եկեղեցի, պետություն-իշխաններ, պետություն-ռամիկներ և եկեղեցի-պետություն, եկեղեցի-իշխաններ, եկեղեցի-ռամիկներ իրավահարաբերությունները: Ըստ Մխիթար Գոշի, թագավորության նպատակահարմար կառուցվածքը կենտրոնացված իշխանությունն է՝ ժառանգական միապետի գլխավորությամբ: Թագավորը կարգվում է Աստծուց, և միայն Աստված կարող է նրան փոխել: Մխիթար Գոշը  թագավորի անձը հայտարարում է սրբազան ու անձեռնմխելի: Կենտրոնացված ու խիստ ուժեղ թագավորական իշխանության մեջ է Մխիթար Գոշը տեսել ռազմաքաղաքական ուժեղ և կենսունակ պետության գրավականը: Պետականության վերականգնման և թագավորական իշխանության ստեղծման գործում օրենսդիրն առաջնակարգ նշանակություն է տվել Հայ եկեղեցուն, որը համահայկական միակ կենտրոնացված կառույցն էր և մեծ հնարավորություններ ուներ հայ ժողովրդին ընդհանուր գաղափարի շուրջ համախմբելու: Մխիթար Գոշը  եկեղեցին դիտել է որպես ազգային և պետական գաղափարախոսության կրող և, լինելով ազգային եկեղեցու գաղափարի կողմնակից, մերժել է Հույն և Կաթոլիկ եկեղեցիների հետ միությունը: Եկեղեցիների միությունը նա պատկերացրել է առաքելական շրջանի եկեղեցու նման, երբ ընդհանրության գաղափարը հատկանշում էր նաև եկեղեցիների հավասարություն: Մխիթար Գոշն իր Դատաստանագրքով ձգտել է ամրապնդել Հայ եկեղեցին՝ որպես հուսալի պատվար թե՛ ընդդեմ քրիստոնյա Արևմուտքի և թե՛ ընդդեմ մահմեդականների:

Մխիթար Գոշը պաշտպանել է Հայ եկեղեցին ոչ միայն որպես ազգային գաղափարների կրողի և համահայկական կառույցի, այլև՝ որպես ավատական հաստատություն:

Դատաստանագրքում բազմաթիվ են այն հոդվածները, որոնք վերաբերում են եկեղեցու սեփականատիրական իրավունքներին և ունեցվածքի պաշտպանությանը: Այդ հոդվածները հորդորից, խրատից, քարոզից ու բարոյախոսությունից զատ նախատեսում են նաև ծանր ու խիստ պատիժներ եկեղեցու ունեցվածքի դեմ ոտնձգություն կատարողների համար: Մխիթար Գոշն աշխարհիկ իշխող դասին քարոզում է չմիջամտել հոգևոր գործերին, չհափշտակել եկեղեցու ունեցվածքը, միաժամանակ խրատում՝ չափից ավելի չնեղել շինականներին, իսկ եկեղեցական դասին հրահանգում է՝ զբաղվել հոգևոր գործերով, ծառայել Աստծուն և ոչ մամոնային:

Ըստ «Գիրք Դատաստանի»-ի, դատական համակարգը հետևյալն է՝ պետական դատարաններ (թագավորական, թագավորին առընթեր, իշխանական, իշխանին առընթեր, ստորին), ավատատիրական (տերունական, դասային), կորպորատիվ (համայնքային, համքարային, եղբայրությունների), եկեղեցական (կաթողիկոսական, եպիսկոպոսական, վարդապետական, քահանայական) և արտակարգ: Դատաստանագրքում մեղքն ընկալվում է երկու իմաստով՝ կրոնական և իրավական, առաջինը որպես աստվածադիր, մյուսը՝ մարդու սահմանած օրինականության խախտում: Ընդունելով, որ մեղքն իրավական իմաստով միաժամանակ մեղք է կրոնական իմաստով (հակառակ իմաստով՝ ոչ միշտ)՝ Մխիթար Գոշը, համապատասխանաբար, նախատեսում է երկու բնույթի պատիժ՝ հոգևոր-եկեղեց. և մարմնական: Առաջինը նշանակել են միայն եկեղեցական, երկրորդը՝ աշխարհիկ դատարանները: Մխիթար Գոն ընդունել է հետևյալ պատիժները՝ հոգևոր-եկեղեցական (բանադրանք, նզովք, ապաշխարություն՝ իր տեսակներով, աստիճանազրկում, պաշտոնազրկում), մարմնական-նյութական [մահապատիժ, մարմնական պատիժներ (ծեծ, անդամահատում), ազատությունը զրկող կամ սահմանա- փակող, գույքային-դրամական]: Մխիթար Գոշն ընդունել է հանցանքի ու պատժի համամասնության սկզբունքը: Դատաստանագիրքն ուշագրավ դրույթներ է արտահայտում նաև ամուսինների անձնական և գույքային հարաբերությունների կարգավորման բնագավառում: Ըստ Դատաստանագրքի՝ հպատակ մահմեդականը դրվում է հպատակ հային հավասար վիճակի մեջ, օրենսգրքում չկա մահմեդականի նկատմամբ կրոնական անհանդուրժողականություն և իրավական խտրականություն, չի ոտնահարվում նրա մարդկային արժանապատվությունը, մահմեդականը չի վճարում լրացուցիչ հարկ ու տուրք, նրա անձը, կյանքը, գույքը պաշտպանվում են օրենքով: Դրանով Մխիթար Գոշը կրոնագաղափարական հակառակորդներին հակադրել է կրոնական հանդուրժողականություն (ինչն առկա է նաև նրա դավանական գործերում) և վսեմ գաղափարաբանություն, զինական թշնամիների իրավաքաղաքական խտրական համակարգին՝ անխտրական համակեցության լայնախոհ, մարդամեծար ծրագիր:

«Գիրք Դատաստանի»-ն բացառիկ կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի ներքին կյանքին վերաբերող տեղեկությունների առումով: Այն հայկական իրավաքաղաքական և ընդհանրապես միջնադարի համաշխարհային իրավական մտքի խոշորագույն հուշարձաններից է, ամփոփում է ժամանակի համար շատ առաջավոր դրույթն եր, որոնք այժմեական են: Օրինակ, Մխիթար Գոշը գտնում է, որ պատիժը պետք է ունենա ոչ թե տանջանք պատճառելու և վրեժ լուծելու, այլ խրատելու, ուղղելու-դաստիարակելու նպատակ:

Այս իմաստով ևս Մխիթար Գոշը միջնադարյան հումանիզմի ներկայացուցիչներից է:

«Գիրք Դատաստանի»-ն բուն Հայաստանից բացի կիրառվել է նաև Կիլիկյան Հայաստանում և հայ գաղթավայրերում՝ Լեհաստանում (լատ. խմբագրությունը կրճատված, տեղի և պայմանների համեմատ փոփոխված հաստատվել է լեհական սեյմում, 1519-ին, Լեհահայոց Դատաստանագիրք), Աստրախանում, Վրաստանում ևն: Կիրառվել է նաև XX դ., Հնդկաստանի և Սուդանի հայկական գաղթավայրերում: Թարգմանվել է լատիներեն (հրտ. 1862), լեհերեն (1843, 1869), ղփչաղերեն (հայատառ), վրացերեն (որը Վախթանգ V-ի կազմած «Հավաք օրինաց»-ի մեջ կազմել է «Հայկական իրավունք» բաժինը, 1928, 1963), ռուսերեն (առաջին անգամ հրտ. 1828-ին): Դատաստանագիրքն առաջին անգամ հայերեն հրատարակել է Վ. Բաստամյանցը, 1880-ին:

Մխիթար Գոշի առակների ժողովածուն (190 առակ) առաջին անգամ հրատարակվել է 1790-ին, Վենետիկում: Եթե Դատաստանագրքում Մխիթար Գոշը հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխություններն աշխատել է կարգավորել օրենսդր. միջոցներով, ապա առակերում նույն նպատակին ձգտել է հասնել խրատական միջոցներով: Մխիթար Գոշի առակների նյութը հիմնականում հասարակական ու կենցաղային խնդիրներն են:

Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով: Առակագիրը շոշափել է սոցիալական խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ-պատմական իրադրության պարզաբանման համար: Ըստ հեղինակի, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգներից: Մխիթար Գոշը ձգտել է մեղմել հասարակության տարբեր շերտերի հակամարտությունը, աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների հակասությունները՝ ազգային ուժերը համախմբելու և արտաքին թշնամու դեմ կենտրոնացնելու նպատակով, ինչով պայմանավորված էր նաև նրա Դատաստանագրքի երևան գալը: Առակներում ևս արծարծվել է կենտրոնացված ուժեղ պետականության գաղափարը: Մխիթար Գոշի առակները թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն:

Մխիթար Գոշի «Յայտարարութիւն»-ը («Արարատ», 1900, էջ 497–504, 162–568, 1901, էջ 55–61, 121–127), որը հայագիտության մեջ հայտնի է նաև «Գծագրութիւն... յաղագս Վրաց» և «Թուղթ առ վրացիսն՝ յաղագս ուղղափառութեան հաւատոյ» անուններով, հեղինակի կարևոր դավանական երկասիրությունն է: Այն վրացի մատենագիր Արսեն Վաչեսձեի «Դոգմատիկոն»-ի «Երեսուն գլուխ հայոց հերձվածք»  գլխում հայերին ներկայացված մեղադրանքների պատասխանն է: Թղթի նպատակն է ներկայացնել հայոց դավանանքն ու ծիսակարգը, բացատրել դրանց յուրահատկությունները և ցույց տալ, որ հայերը, ինչպես և հույներն ու վրացիները, հերձվածողներ չեն: Երկն աչքի է ընկնում ազգամիջյան համերաշխության և կրոնական հանդուրժողականության ոգով և, այդ առումով, շահեկանորեն տարբերվում նույն ժամանակի հույն և վրացի հեղինակների՝ հայերին և Հայ առաքելական եկեղեցուն ուղղված հայհոյախառն գրություններից:

Մխիթար Գոշը դեմ է դավանական տարբերությունները ժողովուրդների հարաբերությունների լարման առիթ դարձնելուն և, պաշտպանելով Հայ եկեղեցու ուղղափառությունը, հերձված չի համարում երկաբնակությունը (տես Քաղկեդոնականություն) և կոչ է անում մյուս ազգերի հոգևորականներին վարվել նույն կերպ՝ «թէև ոչ է միաբանելոյ հնար,այլ հնար է զհայհոյութիւնն բառնալ»: Եկեղեցիների միության անհնարինությունը չի կարող ու չպետք է վերածվի ժողովուրդների թշնամության, և եթե չեն կարող միաբանվել հինգ ազգերը (հայերը, հռոմեացիները, հույները, ասորիները, վրացիները), «բայց կարող են թշնամիք միմեանց չլինել, զխաչ եւ զեկեղեցի միմեանց ընդունել երկրպագութեամբ»: Ըստ Մխիթար Գոշի՝ ազգերը պետք է հարգեն իրար և միմյանց «կարգերը», թողնեն, որ յուրաքանչյուր ազգ ապրի այն «կարգով», որ ընտրել է ինքը:

 

   Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am